Նախապատրաստական մոտ չորս ամիս տեւած պատրաստություններից հետո 1993թվականի փետրվարի 5-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ անցել են հակահարձակման: Ռազմաճակատում ձեռք բերած հաջողություններին զուգահեռ Ստեփանակերտում սրվել է ներքաղաքական իրավիճակը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 31-րդ
1992 թվականի սեպտեմբերի 2-ին կազմավորվել է ԼՂՀ Պաշտպանության բանակը, որի հրամանատար է նշանակվել Սամվել Բաբայանը՝ հանդիսանալով միաժամանակ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ: Խիստ արտառոց է, որ ՊՊԿ անդամ չի նշանակվել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը: Կազմավորվել են պաշտպանական շրջաններ, նշանակվել հրամանատարներ: Քաղաքական առումով կարեւոր էր Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմավորումը, այդ շրջանում ՊՊԿ լիազոր ներկայացուցչի նշանակումը:
Մինչ այդ Երեւանում ընդդիմությունը քարոզչություն էր տարածել, որ իշխանությունները «լուծարել են Մարտակերտի շրջանը, քանի որ այն պայմանավորվածության համաձայն հանձնված է Ադրբեջանին»: 1992 թվականի սեպտեմբերի 26-ը կարելի է Ղարաբաղյան առաջին պատերազմում ճակատագրական օր համարել. Հակառակորդին հաջողվում է կոտրել հյուսիսային ուղղության պաշտպանական վերջին բնագիծը եւ գրավել Չլդրան-Կիչան հատվածը՝ դուրս գալով Խաչենի կամրջի վրա, որտեղից մինչեւ Ստեփանակերտ ուղիղ գծով հազիվ քսան կիլոմետր հեռավորություն է: Նույն օրը Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որով ամերիկյան կառավարությանն արգելվում է որեւէ օժանդակություն ցույց տալ Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի Հայաստանի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիան: Նույն շրջանում տեւական բանակցություններից հետո Հայաստանին հաջողվում է Ռուսաստանի հետ համաձայնության հասնել խորհրդային նախկին 7-րդ բանակի սպառազինությունների բաշխման հարցում: Ավելի վաղ Ռուսաստանը խորհրդային 4-րդ բանակի ամբողջ սպառազինությունը հանձնել էր Ադրբեջանին:
Ռուս-հայկական այդ համաձայնությունը, բայց ամենից առաջ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած ուղղումը Ղարաբաղյան պատերազմում աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայման սկիզբ էին: Ի՞նչ ջանքերի գնով է հաջողվել կասեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ուղղակի աջակցությունը՝ հրապարակային վկայումները քիչ են: Պետք է ընդգծել մի կարեւոր հանգամանք. մարտական գործողությունների ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հարողվել է ոչնչացնել կամ գերի վերցնել ռուս ու ռուսախոս վարձկանների: Այդ հանգամանքը թույլ է տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում ունենալ հավելյալ կռվաններ: Իր դերն է խաղացել նաեւ Ադրբեջանի քաղաքական իշխանության «հաջողություններից գլխապտույտը». Ռուսաստանից ստանալով անհրաժեշտ աջակցությունը՝ մի քանի ամիս հետո Աբուլֆազ Էլչիբեյը կտրուկ փոխել է հռետորաբանությունը եւ բացահայտվել որպես տարածաշրջանից ռուսական գործոնը բացառելու քաղաքական գծի հետեւորդ: Ռազմաճակատում իրավիճակի որոշակի կայունացմանն, անկասկած, նպաստել է նաեւ Ստեփանակերտում իշխանության կենտրոնացումը Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի ձեռքում, որը ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ էր տալիս կայացնել կտրուկ որոշումներ:
Նախապատրաստական մոտ չորս ամիս տեւած պատրաստություններից հետո 1993թվականի փետրվարի 5-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ անցել են հակահարձակման: Ռազմաճակատում ձեռք բերած հաջողություններին զուգահեռ Ստեփանակերտում սրվել է ներքաղաքական իրավիճակը: Բանն այն է, որ ԼՂՀ Գերագույն խորհուրդը Պաշտպանության պետական կոմիտեին տվել էր գործունեության վեցամսյա լիազորություններ: Լրացել է սահմանված ժամկետը, իսկ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գերագույն խորհրդին հաշվետվություն ներկայացնելու պահանջը թողել է անպատասխան: Քաղաքական կուլիսներում խոսակցություն է տարածվել, որ, օգտագործելով ռազմաճակատներում իրավիճակի փոփոխությունը, Գերագույն խորհրդի նախագահությունը մտադիր է ՊՊԿ-ի լիազորությունները դադարեցնել, վերակազմավորել գործադիր իշխանությունը եւ կառավարման լծակները վերադարձնել իրեն:
Այդ խոսակցություններն, ամենայն հավանականությամբ, անհիմն չէին: Մարտական գործողությունները կառավարելուն զուգահեռ՝ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հարկադրված է եղել զբաղվել նաեւ ներքաղաքական հարցերով: Ըստ միանգամայն վստահելի աղբյուրների, այդ օրերին նա պաշտպանական բոլոր շրջանների հրամանատարների հետ առանձին հանդիպումներ է ունեցել, ապա հրապարակվել է ՊԲ հրամանատարության հայտարարությունը, որով զինված ուժերը փաստացի վերջնագիր են ներկայացրել ԳԽ նախագահությանը եւ միանշանակորեն պնդել, որ քաղաքական ղեկավարություն ասելով իրենք միայն ենթարկվում են Պաշտպանության պետական կոմիտեին: Այդպիսով հերթական ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, այս անգամ, բարեբախտաբար, առանց մարդկային կորուստների:
Իրավիճակի հաղթահարմանը մեծ ծառայություն են մատուցել ՆԳ վարչությունը, Ազգային անվտանգության եւ բանակի հակահետախուզական ծառայությունները: Կարելի է ասել, որ այդ փուլից Ստեփանակերտում քաղաքական եւ ռազմական իշխանությունները, ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները փոխպայմանավորվածությամբ ձեւավորել են կառավարման «ցանցային» համակարգ:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
