Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Հունվարի 19-ի ռմբակոծությունը խլեց նրա երիտասարդ կյանքը:Ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հակահարձակումը, ցավոք, բացահայտեց ներքին բազմաթիվ հակասություններ: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 32-րդ

1993 թվականի հունվարի 19-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի հիվանդանոցը, որ վերածվել էր զինվորական հոսպիտալի, ենթարկվեց բարբարոսական ռմբակոծության: Այդ օրը նախատեսված էր Պաշտպանության պետական կոմիտեի Մարտակերտի շրջանում լիազոր ներկայացուցչության նստավայրի բացում: Այն տեղակայված էր Առաջաձոր գյուղում, որ խորհրդային ժամանակներից ընտրված էր որպես Խաչենի հովտի յոթ բնակավայրի կենտրոն: 

Նախորդ օրը հայտնի դարձավ, որ «անհայտ անձինք» հրաձգային զենքից կրակ են բացել ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչի համար նախատեսված առնաձնասենյակի ուղղությամբ, վնասել լուսամուտի ապակիները եւ ծառայողական գրասեղանը: Ո՞վ եւ ի՞նչ նպատակով էր կազմակերպել «բողոքի ակցիան»՝ հետաքննություն չիրականացվեց:

Վանքի հիվանդանոցն ռմբակոծության ենթարկվեց այն պահին, երբ այնտեղ էր գտնվում Մարտակերտի շրջանում ՊՊԿ լիազոր ներկայացուցիչ Բորիս Բաբայանը, նրա տեղակալ Բորիս Հակոբյանը՝ երկուսն էլ ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ, ինչպես նաեւ շրջանի դատախազի պարտականությունները կատարող Ժորա Մարտիրոսյանը: Բորիս Բաբայանը զոհվեց տեղում, Բորիս Հակոբյանը մահացավ Ստեփանակերտի մատույցներում՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ռմբակոծության հետեւանքով զոհվեցին նաեւ հիվանդանոցի երկու աշխատակցուհիներ:

Որեւէ կապ, իհարկե, դժվար է տեսնել նախօրեին Բորիս Բաբայանի նստավայրի ուղղությամբ արձակված կրակոցների եւ ադրբեջանական օդուժի կողմից Վանքի հիվանդանոցն ռմբակոծելու միջեւ: Պետք է, սակայն, հանուն արդարության նշել, որ մինչ այդ Բորիս Բաբայանը բավական ծանր խոսակցություն էր ունեցել Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Սամվել Կարապետյանի (ավելի շատ հայտնի է «Օգանովսկի» մականունով) հետ:

Վերջինս նշանակված էր ռազմաճակատի հյուսիսային ուղղության ընդհանուր հրամանատար: Զորամիավորման կազմի մեջ էր մտնում նաեւ Մարտակերտի գունդը, որը գլխավորում էր Նորայր Դանիելյանը: Թիկունքային մատակարարումների՝ բենզինի, դիզվառելիքի, զինամթերքի եւ պարենի մատակարարումն իրականացվում էր կենտրոնացված կարգով եւ բաշխման հարցերում երկու երիտասարդ հրամանատարների միջեւ, որոնցից ոչ մեկը ռազմական կրթություն չուներ եւ առաջնորդվում էր բացառապես անձնական պատվախնդրության սկզբունքով, առաջացել էր բավական սուր լարվածություն:

Բորիս Բաբայանի համառ պնդումների շնորհիվ երկու զորամիավորումների մատակարարումներն առանձնացվեցին, Մարտակերտի պաշտպանական շրջանն ունեցավ իր թիկունքային ծառայությունը: Բորիս Բաբայանը հայտնի էր որպես ոչ կուսակցական, բայց չափազանց սկզբունքային եւ խարիզմատիկ անձնավորություն: Նա կարողանում էր անհրաժեշտության դեպքում կոշտ եւ անզիջում լինել անգամ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններում: 

Հունվարի 19-ի ռմբակոծությունը խլեց նրա երիտասարդ կյանքը:

Ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հակահարձակումը, ցավոք, բացահայտեց ներքին բազմաթիվ հակասություններ: Պաշտպանության բանակի այս կամ այն զորամասերում հաճախակի դարձան հրամանատարների եւ ենթակաների միջեւ հակասություններ, որ երբեմն ավարտվում էին «չպարզվածհանգամանքներում» սպանություններով: Ամենացավալի իրադարձությունները ծավալվեցին Մարտունու ՊՇ-ում, որի հրամանատարը Մոնթե Մելքոնյանն էր. մի խումբ տեղացի զինվորագրվածներ պահանջում էին, որ նա հեռանա շրջանից, փորձ արվեց զորամասում զինված հաշվեհարդար իրականացնել, որ կանխվեց Ստեփանակերտից շտապ Մարտունի գործուղված՝ ռազմական ոստիկանության հատուկ ջոկատի միջամտությամբ:

Ակնհայտ էր, որ Ստեփանակերտում գործում է օտար հետախուզական ծառայություն, որի դեմ ԼՂՀ Ազգային անվտանգությունը կամ անզոր էր, կամ կտրուկ գործողությունների չէր կարող դիմել՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունների զգայունությունը:

(Շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *