Միջազգային

Ամերիկյան Կարևոր, Բայց Անորոշ Օգնությունը

ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ (բացի ԱՄՆ-ից) չունի այդքան Patriot համակարգ, նշել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուր, ինչը հանգեցրել է ենթադրությունների, որ Թրամփը գուցե նկատի է ունեցել Patriot համակարգերի առանձին բաղադրիչներ՝ օրինակ՝ արձակման կայաններ կամ հրթիռներ։

Reuters

Ուկրաինան ողջունում է Թրամփի վերադարձը զենքի մատակարարումներին, բայց «սատանան մանրամասների մեջ է» 

Նախագահ Դոնալդ Թրամփն ի վերջո գտել է Ուկրաինային զենք տրամադրելու եղանակը՝ նա կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին իրենց զենքը նվիրաբերել, իսկ դրա փոխարեն ամերիկյան զենք գնել։ Այժմ սկսվում է ամենադժվար հատվածը՝ պայմանավորվել, թե իրականում ով կզիջի իր թանկարժեք համակարգերը, այդ թվում՝ Patriot հրթիռային մարտկոցները, որոնք Կիևը անհույս կերպով փորձում է ստանալ։

Այս օրերին Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի մշակած ծրագիրը, ըստ բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների, դրական արձագանք է ստացել Ուկրաինայի և նրա դաշնակիցների կողմից։ Սակայն հայտարարությունից հետո պարզ է դարձել, որ Թրամփը ներկայացրել է միայն ընդհանուր պատկեր, այլ ոչ թե հստակ ծրագիր։ Ամերիկյան և եվրոպական 10 պաշտոնյաներ նշում են, որ Ուկրաինայի աջակցությունն իրապես որքան լուրջ կլինի, կախված է լինելու հետագա բանակցություններից՝ թե ով ինչ զինտեխնիկա կտա։

«Ինչպես միշտ նման դեպքերում, սատանան մանրունքների մեջ է», — նշել է Հյուսիսային Եվրոպայից մեկ դեսպան՝ Վաշինգտոնում։

Գլխավոր հարցն այն է, թե ով և երբ կտրամադրի Patriot մարտկոցները։

Երկուշաբթի՝ Օվալաձև սրահում Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Ռյուտտեն նշել է ՆԱՏՕ-ի վեց երկրներ՝ Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Նիդերլանդներ և Կանադա, որոնք պատրաստ են մասնակցել զենքի գնման ծրագրին։ Այս երկրներից երկուսի դեսպանատներում բարձրաստիճան աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ ծրագրի մասին իմացել են միայն հայտարարությունից հետո։ Նույնիսկ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները, ըստ երևույթին, ծանուցվել են իրական ժամանակում։

«Ես հստակ զգացողություն ունեմ, որ ոչ ոք նախապես չի տեղեկացվել կոնկրետ մանրամասներին, և կարծում եմ, որ անգամ վարչակազմի ներսում միայն հիմա են սկսում հասկանալ, թե սա ինչ է նշանակում իրականում», — ասել է եվրոպացի մեկ այլ դեսպան։

ԱՄՆ նախկին ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում՝ Կուրտ Վոլքերը, ասել է, որ Թրամփը  մի եղանակ է գտել՝ հավասարակշռելու Ուկրաինայի նկատմամբ աջակցությունը և Հանրապետական կուսակցության քաղաքական իրականությունները։ Ըստ նրա, այն հանգամանքը, որ եվրոպացի դաշնակիցները ֆինանսավորելու են ամերիկյան զենքի մատակարարումները, «լիովին համահունչ է Թրամփի նախընտրական հայտարարություններին»։ Վոլքերը նշել է, որ Ուկրաինան ի վերջո կարող է ստանալ 12-13 Patriot մարտկոց, սակայն դրանց մատակարարումը կարող է մեկ տարի տևել։

ՆԱՏՕ-ի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել իրավիճակը, և վերջինս նշել է, որ դաշինքը կկազմակերպի զենքի մատակարարումները՝ «ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության և Ուկրաինայի ուսուցման» մեխանիզմի միջոցով։ Այդ առաքելությունը տեղակայված է Գերմանիայում և համակարգում է Արևմուտքի ռազմական օգնությունը Կիևին։

«Մի քանի եվրոպական երկրներ արդեն պարտավորվել են աջակցել այս նախաձեռնությանը, այդ թվում՝ Գերմանիան, Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆինլանդիան», — նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ «Մանրամասները դեռ քննարկվում են»։

Թրամփի կտրուկ կոշտացրած հռետորաբանությունը Մոսկվայի հանդեպ վերջին շաբաթներին տեղի է ունենում այն աճող համոզվածության ֆոնին, որ Պուտինը չի վարում բարեխիղճ բանակցություններ, հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։ Նրանցից մեկը նշել է, որ Թրամփը եկել է այն եզրակացության, որ Պուտինի հավակնությունները դուրս են գալիս Ղրիմի և Ուկրաինայի չորս արևելյան շրջանների սահմաններից, ինչի մասին Կիևն ու եվրոպական դաշնակիցները վաղուց և բազմիցս հրապարակավ հայտարարում են։

Կրեմլին մոտ կանգնած երեք ռուսական աղբյուրներ, հայտարարել են, որ Պուտինը չի դադարեցնի պատերազմը Արևմուտքի ճնշման ներքո և կարծում է, թե Ռուսաստանը, որը դիմակայել է Արևմուտքի կողմից սահմանված ամենախիստ պատժամիջոցներին, ի զորու է հաղթահարել հետագա տնտեսական դժվարությունները, այդ թվում՝ Թրամփի սպառնալիքը՝ ռուսական նավթի ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։

 ԱՄՆ պաշտոնյաները բանակցում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ պարզելու, թե ով և ինչ կարող է ուղարկել Ուկրաինա։  Եվրոպացի պաշտոնյաներն ընդհանուր առմամբ ըմբռնումով են մոտեցել այս գործընթացին։

«Մենք պատրաստ ենք մասնակցել», — հայտարարել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոքկե Ռասմուսենը լրագրողներին՝ երեքշաբթի՝ Բրյուսելում՝ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից առաջ։ Մեկ այլ պաշտոնյա նշել է Գերմանիան, Հունաստանը, Նիդերլանդները և Իսպանիան՝ որպես լավ թեկնածուներ Կիևին Patriot մարտկոցներ մատակարարելու համար, նաև այն պատճառով, որ նրանք ունեն մի քանի մարտկոց, կամ էլ այն պատճառով, որ իրենց սպառնացող վտանգները համեմատաբար քիչ հավանական են։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Հունաստանը և Իսպանիան, նախկինում դիմակայել են դաշնակիցների կոչերին՝ փոխանցել Ուկրաինային իրենց Patriot համակարգերից մի մասը՝ պնդելով, որ դրանք անհրաժեշտ են իրենց և ՆԱՏՕ-ի անվտանգության համար։

Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է ՆԱՏՕ-ի պահուստները՝ պարզելու, թե ինչ է հասանելի։ Հաջորդ քայլը կլինի դաշնակիցներին համոզելը՝ փոխանցել տեխնիկա Ուկրաինային՝ որոշակի «գործարքի» դիմաց։ Այդ փոխանակումը կարող է լինել տարբեր կերպ, նշել է պաշտոնյան՝ ներառյալ որոշ ռազմական սարքավորումների մատակարարման հետաձգում օտարերկրյա վաճառքի ծրագրով կամ փոխարենը Ուկրաինա ուղարկվող ռազմամթերքի դիմաց ավելի վաղ ժամկետում ստանալ նոր մատակարարումներ։ Թրամփը լրագրողներին ասել է, որ մի երկիր ունի 17 Patriot համակարգ, որոնց մի մասը կուղարկվի Ուկրաինա։ Այս թիվը մեծ զարմանք է առաջացրել ինչպես Կոնգրեսում, այնպես էլ եվրոպացի դաշնակիցների շրջանում, որոնց մեծ մասը, ըստ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների, չի տեղեկացվել դրա մասին։

ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ (բացի ԱՄՆ-ից) չունի այդքան Patriot համակարգ, նշել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուր, ինչը հանգեցրել է ենթադրությունների, որ Թրամփը գուցե նկատի է ունեցել Patriot համակարգերի առանձին բաղադրիչներ՝ օրինակ՝ արձակման կայաններ կամ հրթիռներ։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ով երկուշաբթի այցելել է Պենտագոն, հայտարարել է, որ Գերմանիան առաջիկա օրերին կամ շաբաթներին ԱՄՆ-ի հետ կքննարկի Կիևին Patriot մարտկոցներ մատակարարելու հարցը։ Սակայն ըստ նրա, որևէ համակարգ Ուկրաինա չի հասնի մի քանի ամսից շուտ, ինչը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի դրանց ստացումը՝ մինչև ռազմավարական տեսանկյունից կարևոր ամառային ամիսների ավարտը։ Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ Թրամփն անձամբ է մասնակցում բանակցություններին, թեև դրանք դեռ «անորոշ բնույթ» ունեն։

«Առայժմ մարդիկ ասում են՝ «մենք կարող ենք օգնել»։ Իսկ դա ինչ է նշանակում՝ դեռ չգիտենք», — ասել է պաշտոնյան։

Աղբյուրը՝

https://www.reuters.com/world/europe/ukraine-celebrates-trumps-weapons-reversal-devils-details-2025-07-16/
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *