Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

«Երկրապահ կամավորակնների» արցախյան կառույցի ղեկավար Արկադի Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել եւ հայտարարել, որ «ադրբեջանական գերության մեջ ավելի քան քառասուն օր անցկացրած մարդուն անթույլատրելի է նման պատասխանատու պաշտոնում նշանակել»:

Վահրամ Աթանեսյան

Մաս 46-րդ

Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում Սամվել Բաբայանին փոխարինեց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով մնալ նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար: Սեյրան Օհանյանի զինվորական ծառայության մի դրվագ արժանի է առանձին ուշադրության. նա 1994-98 թվականներին անընդմեջ զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998 թվականի հոկտեմբերին նա Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Այդ նշանակումը պայմանավորված էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հետ ունեցած տարաձայնություններո՞վ, թե՞՝ ոչ, այդ մասին Ստեփանակերտում որեւէ տեղեկություն չի տարածվել: Մեկ տարի անց՝ 1999 թվականի օգոստոսին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Սեյրան Օհանյանին նշանակել է պաշտպանության նախարար, իսկ 2000 թվականի հունվարին՝ Պաշտպանության բանակի հրամանատար: Այդ նշանակումը չէր կարող համաձայնեցված չլինել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, Սեյրան Օհանյանն ապահովեց ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ Մովսես Հակոբյանի ծառայողական առաջխաղացումը. նա նշանակվեց ՊԲ հրամանատարի առաջին տեղայակալ-շտաբի պետ, իսկ մարտական պատրաստության գծով տեղակալ նշանակվեց Վիտալի Բալասանյանը:

Բանակի վերնախավն, այսպիսով, մի քանի ամիսների ընթացքում ենթարկվեց արմատական փոփոխության, փոխվեցին նաեւ զորամասերի մի շարք հրամանատարներ, ծառայությունների պետեր, որ ասոցացվում էին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ներքաղաքական իրավիճակի վերահսկողության առումով, սակայն, ավելի քան որոշիչ էին ՆԳ նախարարի պաշտոնում Բակո Սահակյանի ձեռնարկած կադրային փոփոխությունները: 

Բակո Սահակյանը ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ծառայել է Պաշտպանության բանակում, 1996 թվականին նշանակվել նոր կազմավորված՝ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Այնուհետեւ նրա կարիերայում տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն. Բակո Սահակյանը տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական, ապա որպես նույն գերատեսչության ներկայացուցիչ գործուղվել Մոսկվա: 

Հայաստանում ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնն այդ շրջանում զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը: Մինչ այդ նա 1992-93 թվականներին հանդիսացել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնը: Այդ կառույցը, սակայն, փաստացի դադարել է գործել 1992 թվականի սեպտեմբերից, երբ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ կազմավորվել է Պաշտպանության բանակը, որի հրամանատար է նշանակվել Սամվել Բաբայանը:

1999 թվականի հուլիսին Բակո Սահակյանը Մոսկվայից ետ է կանչվել եւ գործուղվել Ստեփանակերտ: Մինչ այդ ԼՂՀ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Աղաբեկյանը՝ որպես Անուշավան Դանիելյանի գլխավորած կառավարության կազմում ՀՅԴ ներկայացուցիչ: Ըստ հավաստի տեղեկությունների, Արթուր Աղաբեկյանը պաշտոնից հրաժարվել է՝ չկարողանալով դիմագրավել Սամվել Բաբայանի «ճնշումներին»: 

Բակո Սահակյանը կարողացավ հաղթահարել այդ փորձությունը: Նրան հաջողվեց հասնել իր տեղակալի պաշտոնում Արշավիր Ղարամյանի նշանակմանը: Վերջինս ղարաբաղյան առաջին պատերազմում հանդիսացել է ինքնապաշտպանական գումարտակի հրամանատար, մարտական մի շարք գործողությունների մասնակից է: 1994 թվականի հրադադարի հաստատվելուց կարճ ժամանակ անց Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար լինելով՝ Ղարամյանը տեղանքում շփոթվելու պատճառով հայտնվել է հակառակորդի կողմում եւ գերվել:

Նրան գերությունից վերադարձնելու դիմաց ավելի քան երկու տասնյակ ադրբեջանցի զինծառայող է հանձնվել հակառակորդին:

Արշավիր Ղարամյանին ՆԳ առաջին փոխնախարար նշանակելու կապակցությամբ Սամվել Բաբայանի համակիրներից «Երկրապահ կամավորակնների» արցախյան կառույցի ղեկավար Արկադի Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել եւ հայտարարել, որ «ադրբեջանական գերության մեջ ավելի քան քառասուն օր անցկացրած մարդուն անթույլատրելի է նման պատասխանատու պաշտոնում նշանակել»: Բայց խնդիր էր դրված ուժային համակարգը ենթարկեցնել Արկադի Ղուկասյանի հռչակած «ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղեգծին», եւ ՆԳ առաջին փոխնախարարի կենսագրության այդ «մանրուքին» իշխանության բարձրագույն մարմիններում, ըստ երեւույթին՝ նաեւ Երեւանում, ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *