Միջազգային

Ինչո՞ւ Թրամփի Սպառնալիքները Չեն Ազդում

Կա ևս մեկ հնարավոր պատճառ, թե ինչու է Պուտինը ձգձգում այս գնալով թանկացող «հյուծման պատերազմը»։ Հնարավոր է՝ նրա վստահությունը պատերազմի շարունակման հարցում ևս մեկ սխալ հաշվարկ է՝ իր ռազմավարական սխալների երկար ցանկից։ Ի վերջո, հենց ներխուժումն ինքնին խոշոր ձախողում էր՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմում։

TIME

TIME-ի վերլուծաբան Իյան Բրեմմեր․ Ինչու՞ Ուկրաինայի հարցում Թրամփի սպառնալիքները անարդյունք են Պուտինի համար

Դրսից նայելիս դժվար է հասկանալ, թե ինչու է այս պատերազմը շարունակվում։ Պուտինը՝ միակ մարդը, ով կարող է դադարեցնել այն, լավ գիտի, որ վերջին երեք տարում և հինգ ամսում Ռուսաստանը շատ թանկ է վճարել՝ Ուկրաինայի տարածքի ընդամենը 20%-ը գրավելու համար։ Որոշ գնահատականներով՝ Ռուսաստանը կորցրել է ավելի քան մեկ միլիոն մարդ ռազմաճակատում, որոնցից շուրջ 250 հազարը զոհվել են։ Պատերազմը ուժեղացրել է ՆԱՏՕ-ն՝ դաշինք, որը Պուտինը համարում է Ռուսաստանի իրական թշնամին։ Դաշինքին միացել են նոր անդամներ, իսկ եվրոպական կառավարությունները մեծացրել են պաշտպանական ծախսերը։ Մոտ մեկ միլիոն երիտասարդ ռուսներ փախել են երկրից՝ ներխուժումից ի վեր։

Չնայած ռազմական մեքենայի ընդլայնումը կարճ ժամանակով խթանել է տնտեսությունը, Ռուսաստանի համար երկարաժամկետ հեռանկարում տնտեսական իրավիճակն անորոշ է. Եվրոպայում էներգետիկ հաճախորդների կորուստը, գնաճի աճը, որը տոկոսադրույքները հասցրել է պատմական բարձրությունների, և սպառողների հիասթափությունը վտանգի տակ են դնում երկրի տնտեսական ապագան։ Դիտորդները տարակուսում են՝ արդյո՞ք Պուտինին այդքան բարդ է գործարքի գնալ, դադարեցնել արյունահեղությունը, հաղթանակ հայտարարել և ամրապնդել Ռուսաստանի ձեռքբերումները։ Բայց Պուտինը կարծում է, թե ժամանակը դեռ իր կողմն է։ Մոտ ապագայում ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, նոր դիրքեր կգրավեն Ուկրաինայի արևելքում՝ նրան թույլ տալով շարունակել առավելագույն ճնշման ռազմավարությունը՝ ուկրաինացիների դիմադրողականությունն ապակենտրոնացնելու համար։

Անօդաչու սարքերի ու հրթիռների հարվածները ուկրաինական քաղաքներին ու ենթակառուցվածքներին կշարունակվեն, քանի որ Կիևը դեռ չի գտել դրանց կանգնեցնելու միջոց։ Ռուսական ուժերը ճնշում կգործադրեն նաև այլ ուղղություններով՝ Ուկրաինայի պաշտպանությունը ավելի թուլացնելու համար։ Դա արդեն բավարար է՝ Պուտինին համոզելու համար, որ արժե շարունակել։ Բայց Վլադիմիր Զելենսկին էլ չի պատրաստվում զիջումների գնալ։ Ուկրաինայի նախագահը ներսում թուլացել է՝ իր կառավարության՝ հակակոռուպցիոն համակարգը վերահսկելու ձախողված փորձի պատճառով, որը թիրախավորել էր նաև նրա մերձավոր դաշնակիցներին։ Նույնիսկ եթե Զելենսկին ուժեղ լիներ, ուկրաինացիները չափազանց շատ են տուժել Կրեմլից, որպեսզի պատրաստ լինեն զիջումների, որոնք կբավարարեն Պուտինին՝ մարդ, ով ամենայն հավանականությամբ ավելին է պահանջելու։ Բացի այդ, ուկրաինացիները չեն վստահում, որ Պուտինն ու հետագա ռուս առաջնորդները կպահեն իրենց խոստումները պատերազմի դադարեցման հարցում։

Թրամփը չունի բավարար լծակներ իրավիճակը փոխելու համար։ ԱՄՆ–Ռուսաստան ուղիղ առևտուրը շատ սահմանափակ է՝ իրական ճնշումներ գործադրելու համար, թեև Թրամփը սպառնացել է մաքսատուրքերով այն երկրների նկատմամբ, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Բայց Պուտինը լուրջ հիմքեր ունի կասկածելու, որ Թրամփը կփորձի ճնշում գործադրել Չինաստանի ու Հնդկաստանի վրա՝ Ռուսաստանի գլխավոր էներգետիկ գործընկերների։ ԵՄ պատժամիջոցներն էլ չեն փոխում Պուտինի հաշվարկները։ Եվրոպական պատժամիջոցների 18-րդ փաթեթի հիմնական գործիքը՝ նավթի գների վերին շեմը, կստիպի ռուս արտահանողներին ավելի շատ ապավինել «ստվերային նավատորմին»։ Բայց առանց ԱՄՆ-ի աջակցության, այդ պատժամիջոցների ազդեցությունը կլինի սահմանափակ, իսկ ԵՄ-ն գրեթե ոչինչ չի կարող անել՝ դանդաղեցնելու Ռուսաստանի ռազմական ոլորտի աճը։ Թրամփի ճնշումը Զելենսկու վրա նույնպես այնքան հզոր չէ, որքան թվում էր մի քանի շաբաթ առաջ, քանի որ նրա դիրքորոշումը Ուկրաինայի ու Ռուսաստանի նկատմամբ մշտապես փոփոխվում է, և կարող է նորից փոխվել։ Պուտինն ու Զելենսկին նաև գիտակցում են, որ Թրամփն այժմ զբաղված է բազմաթիվ այլ խնդիրներով, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում։

Կա ևս մեկ հնարավոր պատճառ, թե ինչու է Պուտինը ձգձգում այս գնալով թանկացող «հյուծման պատերազմը»։ Հնարավոր է՝ նրա վստահությունը պատերազմի շարունակման հարցում ևս մեկ սխալ հաշվարկ է՝ իր ռազմավարական սխալների երկար ցանկից։ Ի վերջո, հենց ներխուժումն ինքնին խոշոր ձախողում էր՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմում։ Գուցե նա գործարքի չի գնում, որովհետև մինչև հիմա չի գիտակցում՝ ինչքան շատ բան կարող է Ռուսաստանը կորցնել։

աղբյուրը՝

https://time.com/7306519/trumps-threats-putins-ukraine/
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *