Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ղուկասյան-Բաբայան օրեցօր սրվող հակամարտության նկատմամբ անտարբեր էին նաեւ Ստեփանակերտի քաղաքական շրջանակները, մտավորականությունը, Ղարաբաղյան Շարժման առաջին փուլի հայտնի դեմքերը:

Վահրամ Աթանեսյան

Մաս 47-րդ

2000 թվականը Ստեփանակերտը դիմավորեց ներքաղաքական չափազանց բարդ իրավիճակում: Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը թողնելուց հետո Սամվել Բաբայանը նստավայր ընտրեց «Մռակած» մասնավոր ընկերության գրասենյակը: Այդ ընկերությունը պատկանում էր հայտնի գործարար Էդիկ Վերդյանին, որ ձեռնարկատիրական գործունեություն էր սկսել դեռեւս խորհրդային վերջին տարիներին: 

Իշխանությունները, գործի դնելով ՆԳ նախարարության եւ ԱԱԾ գործակալական ցանցը, կարողացան Բաբայանի «շտաբում» ներդնել յուրայինների եւ ՊԲ նախկին հրամանատարի ծրագրերից ամենօրյա տեղեկացվածություն ապահովել: Հունիսին սպասվում էին Ազգային ժողովի հերթական ընտրություններ՝ միայն մեծամասնական ընտրակարգով: Կառավարությունը, նախագահի աշխատակազմը տեղյակ էին, թե որ ընտրատարածքում ում է թեկնածու առաջադրելու նախապատրաստում Սամվել Բաբայանը:

Փետրվարի վերջերին-մարտի առաջին օրերին իշխանությունները լուրեր տարածեցին, որ Բաբայանը «Մռակածի» սեփականատեր Վերդյանի միջոցով «գյուղական բնակավայրերում գարնանացանի համար անվճար դիզվառելիք է բաժանում», ՆԳ շրջանային բաժինները հրահանգավորվեցին ստուգել եւ կանխել «ընտրակաշառքի տրամադրումը»: Պետական ողջ քարոզչությունը կենտրոնացավ այդ թեմայի վրա:

Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ Բաբայանի «շտաբում կազմվել է Ազգային ժողովի պատգամավորների եւ ապագա կառավարության ցուցակ»: Ըստ այդ տեղեկությունների, ՊԲ նախկին հրամանտարի քաղաքական ծրագիրը հետեւյալն էր. հաղթել ԱԽ ընտրություններում, ձեւավորել միասնական քաղաքական մեծամասնություն եւ Արկադի Ղուկասյանին պարտադրել, որ վարչապետի պաշտոնում նշանակի Բաբայանին: Հակառակ դեպքում Ազգային ժողովը նախագահի դեմ իմպիչմենթ կսկսի եւ ամբողջ իշխանությունը կանցնի ՊԲ նախկին հրամանատարին:

Այդ շրջանում Բաբայանի քաղաքական քարոզչությունն իրականացնում էին հիմնականում հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ, որոնց խմբագիրները հաճախակի այցելում էին Ստեփանակերտ եւ փակ հանդիպումներ ունենում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Իրավիճակն օրեցօր սրվում էր: Ստեփանակերտում եւ շրջաններում արձանագրվում էին իշխանության եւ Բաբայանի կողմնակիցների միջեւ վեճեր, ծեծկռտուքներ:

Խիստ արտառոց է, որ ԼՂՀ համար գրեթե ճակատագրական նշանակություն ունեցող այդ գործընթացների հանդեպ պաշտոնական Երեւանը որդեգրել էր առերեւույթ չեզոք կեցվածք: Այդ շրջանում, համենայն դեպս, ոչ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանը, որ հակամարտող կողմերին՝ Արկադի Ղուկասյանին եւ Սամվել Բաբայանին, գիտեին անձամբ, նրանց հետ քաղաքական եւ մարտական ընկերության փորձ ունեին, երբեք Ստեփանակերտ չեն այցելել:

Ղուկասյան-Բաբայան օրեցօր սրվող հակամարտության նկատմամբ անտարբեր էին նաեւ Ստեփանակերտի քաղաքական շրջանակները, մտավորականությունը, ղարաբաղյան Շարժման առաջին փուլի հայտնի դեմքերը: 2000 թվականի մարտի 20-ի վաղ առավոտյան Ստեփանակերտը ցնցվեց լուրից՝ կեսգիշերին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ է կատարվել, նա վիրավորում է ստացել եւ գտնվում է զինվորական հոսպիտալում: Հայտնի դարձավ, որ ավելի ծանր վիրավորում են ստացել նրա թիկնապահը եւ վարորդը: 

Նույն օրը վիրավորները տեղափոխվեցին Երեւան: Հայտնի դարձավ, որ ձերբակալվել են մահափորձ իրականացնողները, ինչպես նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա եղբայ՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանը, մի խումբ այլ անձինք: Ժամը 17-ի սահմաններում ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ կարճ հարցազրույցում հաստատեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալված է:

Նախնական վարկածով՝ քրեական գործ հարուցվել է «պետական զինված հեղաշրջում իրականացնելու փորձի» հիմքով, բայց հետո վերաորակավորվել որպես «իշխանության ներկայացուցչի դեմ մահափորձ»:

Ավելի քան մեկ ամիս Շուշիի բանտում անցկացնելուց հետո Բաբայանի տասնյակ համակիրներ ազատ արձակվեցին, այդ թվում՝ «Մռակածի» սեփականատեր Էդիկ Վերդյանը: Ստեփանակերտում փորձ արվեց դատախազության մոտ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի ցույց կազմակերպել, բայց պատերազմի վետերանների կազմակերպության ներյայացուցիչները թույլ չտվեցին: Խոսակցություններ տարածվեցին, որ Բաբայանի եւ նրա համակիրների գույքի ապօրինի բռանգանձումներ են կատարվել:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 2000 թվականի մարտի 22-ի կեսգիշերին:

Անհերքելի փաստ է, որ Արկադի Ղուկասյանի ծառայողական «Մերսեդեսը» գնդակոծվել է, ինքը, վարորդը եւ թիկնապահը ստացել են հրազենային վիրավորում, բայց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը թե դատարանում, թե ազատ արձակվելուց հետո մշտապես պնդել եւ պնդում է, որ ինքը «մահափորձի կազմակերպիչ չէ»:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *