ԵՄ-ն հիմնված էր ընդհանուր նպատակների վրա, սակայն այժմ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հունգարիան կամ Սլովակիան, բացահայտ խաթարում են այդ նպատակը։ Եթե ԵՄ-ն ուզում է գոյատևել, պետք է հրաժարվի միաձայնության սկզբունքից։
Politico
Գոյատևելու համար Եվրոպական Միությունը պետք է փոխվի։
Վերջին շրջանում շատ է քննարկվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի՝ նախագահ Դոնալդ Թրամփին «հայր» անվանելը։ Այս արտահայտությունը հստակ վկայում է, թե որքան անկարող է Եվրոպան՝ դիմակայելու աշխարհաքաղաքական սպառնալիքներին։ Սակայն ամերիկյան պաշտպանության աջակցության նկատմամբ կախվածությունը Եվրոպայի միակ խնդիրը չէ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային կառավարման համարձակ փորձը՝ Եվրոպական միությունը, հասել է իր եզրագծին։
Մենք ականատես ենք լինում Եվրոպայի մայրամուտին՝ միության անկմանը, որը հիմնված էր խաղաղության ու դիվանագիտության սկզբունքների վրա, սակայն այլևս ի վիճակի չէ արձագանքելու ներկա իրողություններին։ Այսօրվա ճգնաժամը պահանջում է վճռական գործողություններ՝ ընդ որում ոչ թե պատերազմի կանխարգելման համար նախատեսված համագործակցություն և աստիճանականություն, այլ գիտակցություն, որ պատերազմն արդեն սկսված է և պայքարելու ժամանակն է։
1950-ականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի աղետից հետո, եվրոպական երկրներն, ամբողջապես հասկանալի կերպով, փորձում էին գտնել այնպիսի կառուցվածք, որն ապահովելու էր մայրցամաքի անվտանգությունն ու խաղաղությունը։ Եվրոպական միասնությունը սկսվեց վեց հիմնադիր պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ) միավորումով, որոնք ստեղծեցին մի ինստիտուտ, որն իր չափերով և մասշտաբներով տարբերվում էր այն կառույցից, որին ծանոթ ենք այսօր։ Ֆրանսիան և Գերմանիան հանդիսանում էին մայրցամաքային լարվածության հիմնական աղբյուրները, և առաջնորդներն ամեն կերպ փորձում էին միջոցներ գտնել՝ կանխելու նման հակամարտությունների վերածումը նոր պատերազմի։
Եվրոպական նախագծի հիմքում դրված պարզ գաղափարն այն էր, որ տնտեսական ինտեգրումը կվերացնի պատերազմի սպառնալիքը։ Քաղաքական և ֆինանսական առումով փոխկապակցված պետությունները ավելի շահագրգռված կլինեն պահպանել խաղաղությունը։ Համագործակցությունը կաճեցներ ընդհանուր տնտեսությունը՝ ստեղծելով պատերազմից խուսափելու խթաններ։ Եվրոպական փորձարկման ընդլայնման հետ մեկտեղ փոխվեց նաև դրա բնույթը։ 1991թ․ Մաստրիխտի համաձայնագրով ձևավորվեց Եվրոպական Միությունը։ Ստեղծվեց միասնական արժույթը՝ եվրոն, Շենգենի համաձայնագիրը՝ ներքին սահմանների բացումով։ Այս բոլոր փոփոխությունները նախապատրաստեցին հետագա ընդլայնումները․ 1995-ին միացան Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան, իսկ 2004-ին՝ ևս 10 պետություն։ Արևելյան նախկին ճնշված երկրները ընդունվեցին եվրոպական ընտանիք՝ խաղաղության ու բարեկեցության հեռանկարով։ Դա նաև աշխարհաքաղաքական խոստում էր՝ նրանք, ովքեր ընդունում են Արևմուտքի արժեքներն ու կանոնները, կարող են միանալ։
Ցավոք, որքան էլ տրամաբանական թվա այս գաղափարը, այն չարդարացրեց իրեն։
Եվրոպական նախագիծը ունեցավ որոշակի հաջողություններ՝ նաև հենց իր կայուն գոյությամբ։ Սակայն այդ հաջողությունները հիմնված էին աստիճանականության և համագործակցության սկզբունքների վրա։ Բնական է, որ նման սկզբունքներով կառուցված կազմակերպությունն ի հայտ է բերում համապատասխան քաղաքական մշակույթ և գործիչների տեսակ՝ զգուշավոր, դիվանագիտական, համաձայնության ձգտող։ Բայց այս մոդելը, իր ժամանակի մեջ պիտանի լինելով, չի կարողանում արդյունավետորեն արձագանքել այն պահերին, երբ անհրաժեշտ է կտրուկ փոփոխություն, ճգնաժամային արձագանք, ոչ թե քննարկումների ու փոխզիջումների անվերջ շղթա։
Եվ երբ համակարգում սկսում են ի հայտ գալ ոչ թե ճեղքեր, այլ անդունդներ, ի հայտ են գալիս նաև ծայրահեղական ուժեր՝ վակուումը լցնելու համար։ Դրանք արտահայտում են հանրության արդարացի հակադարձումը՝ ավանդական քաղաքականության ոճին, որն անկարող է արձագանքել մարտահրավերներին։ Այս ուժերը, որքան էլ ճիշտ սահմանեն խնդիրը, լուծում չեն տալիս։
Իրական լուծումը պահանջում է արմատապես նոր պատկերացում՝ Եվրոպական առաջնորդության մասին՝ համապատասխան նոր սպառնալիքներին։ Այս սպառնալիքներն էքզիստենցիալ են՝ Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից, ահաբեկչական ցանցերից ու այլ ավտորիտար կառույցներից։ Այս վարչակարգերի մտածողության հիմքում կանգնած է հակադրությունը, ազատ աշխարհների ոչնչացումը։ Եվրոպական միությունը չունի համապատասխան գործիքակազմ՝ նման արտաքին վտանգներին հակազդելու համար։ Իսկ խաղաղ գոյակցությունը, բանակցություններով լուծում գտնելու քաղաքականության համար, պարզապես անպիտան է, երբ առերեսվում ես ոչնչացման սպառնալիքի։
Հստակ է. Արևմուտքը պատերազմի մեջ է ժողովրդավարության թշնամիների դեմ։ Մեզ անհրաժեշտ են կառույցներ, որոնք ունակ են օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները և գործել վճռականությամբ՝ ոչ թե մեղմ ելքեր փնտր։ Եվրամիության կառուցվածքը, ինչպես գոյություն ունի այսօր, ստեղծվել է համագործակցության լեզվով ու փիլիսոփայությամբ՝ ոչ թե առճակատման։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք նաև ԱՄՆ-ի՝ միջազգային ասպարեզից աստիճանական նահանջը։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն այլևս չի կարող բավարար պատասխան լինել ավտորիտար սպառնալիքներին. այն չափից ավելի շատ է կախված ԱՄՆ-ից։ Թրամփին մեղադրելն էլ հեշտ լուծում է, բայց նա պարզապես բացահայտեց այն, ինչ միշտ էլ եղել է Եվրոպայի կառուցվածքի թույլ կողմը․ Եվրամիությունը ստեղծվել է ամերիկյան պաշտպանության հովանու տակ, և երբեք չի կանգնել սեփական ոտքերի վրա։
Եվ այժմ, երբ ԱՄՆ-ն աստիճանաբար դուրս է գալիս, Եվրոպան մնացել է անպաշտպան՝ Պուտինի առաջխաղացման ֆոնին։ Վերջին ժամանակների ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիրը միայն վերահաստատում է այս կախվածությունը․ մաքսատուրքերը, $750 միլիարդի էներգետիկ պարտավորությունները՝ պարզապես վճար են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության պահպանման դիմաց։ Ռուսաստանի սպառնալիքին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է ամբողջովին նոր եվրոպական կառավարման մոդել։ Փոխարենը տեսնում ենք անկանոն, անշեղ գործողություններ՝ առանց իրական դիմակայության կամքի։ Պատժամիջոցների պատմությունը դրա վառ օրինակն է․ տասնութ փաթեթ է ընդունվել, սակայն Պուտինը շարունակում է իր պատերազմը։ Քանի որ այդ բոլոր պատժամիջոցները երբեք նախատեսված չեն եղել վճռական հարված հասցնելու համար։
Մեկ այլ օրինակ է 155 մմ արկերի մատակարարումը Ուկրաինային։ Կես տարի անց ԵՄ-ն խոստովանեց, որ ի վիճակի չէ մատակարարել խոստացած 1 միլիոն արկերը։ Միաժամանակ, Ռուսաստանը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան մատակարարել է այդքան։ Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը գերազանցել էր Եվրոպային։
Եթե եվրոպական առաջնորդները չընդունեն նոր ուղու հեղինակի դերը, ապա Եվրոպայի ապագան գրվելու է Մոսկվայում։ Եվ եթե Պուտինը հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ ԵՄ երկրի վրա, դա կարող է խարխլել միության հիմքերը։ Այդ ժամանակ բանակցային հանդիպումը պարզապես կլինի ԵՄ նախագծի գերեզմանաքարը։ Նույնիսկ եթե այս սցենարները չիրականանան, միությունը այս պահին արդեն չափազանց անարդյունավետ է։ Կարո՞ղ է արդյոք այսօր ԵՄ-ն ստեղծել մի այնպիսի բան՝ ինչպես Շենգենն էր։ Կարո՞ղ է ընդլայնվել, երբ կաթվածահարությունը նրան միայն դիտորդ է դարձնում՝ Ուկրաինայի պատերազմի, Մոլդովայի դեմ հիբրիդային պատերազմի կամ Վրաստանի աստիճանական կլանման պարագայում։
Եզրակացությունը հստակ է՝ առանց հիմնարար բարեփոխումների, ԵՄ-ն կկորցնի իր դերակատարությունը։ Այդ փոփոխությունները պահանջում են հենց հիմնադիր պայմանագրերի վերանայում։ Դա հսկայական մարտահրավեր է, բայց ներկայիս ձախողումներն արդեն ցույց են տալիս, թե ուր են անհրաժեշտ փոփոխությունները։
Այդ փոփոխությունները երեք ուղղությամբ են․
1․ Միաձայնության վերացում
ԵՄ-ն հիմնված էր ընդհանուր նպատակների վրա, սակայն այժմ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հունգարիան կամ Սլովակիան, բացահայտ խաթարում են այդ նպատակը։ Եթե ԵՄ-ն ուզում է գոյատևել, պետք է հրաժարվի միաձայնության սկզբունքից։
2․ Աշխարհաքաղաքականություն
ԵՄ-ն հաջողությամբ ընդլայնվել է դեպի արևելք, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը ձգտում են դեպի Արևմուտք։ Եթե ԵՄ-ն չտրամադրի նրանց հստակ ուղի, ապա այդ ճանապարհը կառաջարկեն ավտորիտար ուժերը։
3․ Պաշտպանություն
Խաղաղության նախագիծը չի կարող գոյատևել, եթե խաղաղությունը պաշտպանված չէ։ Խաղաղ գոյակցություն Պուտինի Ռուսաստանի հետ՝ անհնար է։ Իսկ ԱՄՆ-ի անվտանգության հովանին այլևս լիարժեք չէ։ ԵՄ-ն պետք է ստեղծի պաշտպանական մեխանիզմներ՝ իր արժեքները պահպանելու համար։ Այն պետք է դառնա ոչ թե միայն խաղաղասեր միություն, այլ նաև՝ վճռականորեն պաշտպանվող ինստիտուտ։ Եվրոպան դատապարտված չէ։ Բայց այն միայն կփրկվի, եթե հասկանա, որ ազատությունը այլևս անվճար չէ։ Եվ դրա համար անհրաժեշտ է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։
աղբյուրը՝
