Օրինաչափության եւ քաղաքական համագործակցության իմաստով Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնը պետք է տրվեր ՀՅԴ-ին: ԱԺ առաջին նիստում, մինչդեռ, պարզվեց, որ իշխանությունը խորհրդարանի նախագահ տեսնում է Օլեգ Եսայանին, իսկ տեղակալ՝ Մուշեղ Օհանջանյանին:
Վահրամ Աթանեսյան
(Մաս 48-րդ)
2000 թվականի ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցան բավական բարդ պայմաններում: Նախորդած ամիսներին նախագահ Արկադի Ղուկասյանը Երեւանում բուժում էր ստանում, եւ իշխանության պատգամավորական թեկնածուների հետ կապված հարցերը հիմնականում մնացել էին վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ ԱԺ գործող նախագահ Օլեգ Եսայանի «տնօրինությանը»:
Երկու խարիզմատիկ գործիչների միջեւ թեեւ առերեւույթ տիրում էր «փոխհամաձայնություն եւ փոխվստահություն», իրականում նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր ապագա խորհրդարանում ավելի մեծ թվով համակիրներ ունենալ: Ընդհանուր պատկերն, իհարկե, ներկայացվում էր Արկադի Ղուկասյանին, որ քվեարկությունից մեկ-երկու շաբաթ առաջ վերադարձավ Ստեփանակերտ, թեեւ շարունակում էր տնային պայմաններում բուժում ստանալ:
Ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի: Տպավորիչ էր հատկապես ՀՅԴ Արցախի կառույցի հաջողությունը. երեսուներեք մեծամասնական ընտրատարածքներից իննում հաղթեցին Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածուները: Ընդ որում, ՀՅԴ-ն ապագա խորհրդարան էր «գործուղում» թե ինտելեկտուալների, թե ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարների, թե 88-ի Շարժման առանցքային դեմքերի:
Դա կուռ, գաղափարապես համոզված եւ մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմ էր, որ իրավիճակի փոփոխության ցանկացած դեպքում կարող էր գործադիր իշխանության հենարան եւ պետական կառավարման համակարգի կարեւոր դերակատար լինել:
Ընտրությունների այդ արդյունքը, սակայն, իշխանությունների կողմից համարժեք չգնահատվեց: Օրինաչափության եւ քաղաքական համագործակցության իմաստով Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնը պետք է տրվեր ՀՅԴ-ին: ԱԺ առաջին նիստում, մինչդեռ, պարզվեց, որ իշխանությունը խորհրդարանի նախագահ տեսնում է Օլեգ Եսայանին, իսկ տեղակալ՝ Մուշեղ Օհանջանյանին:
Ո՞վ եւ ինչու՞ էր այդ բոլոր առումներով արտառոց որոշումն ընդունել: Մուշեղ Օհանջանյանը խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում մի քանի պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ մարզային խորհրդի գործկոմի նախագահի: Ընդ որում, երբ 1973 թվականին մարզկոմի առաջին քարտուղար է նշանակվել Բորիս Կեւորկովը, Օհանջանյանը մի որոշ ժամանակ շարունակել է պաշտոնավարել որպես մարզգործկոմի նախագահ:
Ազատվելով այդ պաշտոնից, Մուշեղ Օհանջանյանը տեղափոխվել է Բաքու եւ նշանակվել «Ադրքիմիա», ապա «Ադրգյուղտեխնիկա» արտադրական միավորման գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:
ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Մուշեղ Օհանջանյանի թեկնածության առաջադրումը ՀՅԴ խմբակցությունը ընդունեց, ինչպես ասում են՝ «սրերով»:
Դաշնակցությանը հաջողվել էր գտնել Բաքվի հայերեն «Կոմունիստ« թերթի 1988 թվականի փետրվարյան համարներից մեկը, որտեղ Մուշեղ Օհանջանյանի անունից հրապարակված էր ղարաբաղյան Շարժումը դատապարտող հայտարարություն: Օհանջանյանը «հիմնավորեց», որ դա արվել է առանց իր գիտության, կազմակերպվել է Ադրբեջանի կոմկուսակցության կողմից:
Ո՞վ էր արդարացի՝ այդ իրավիճակում պարզել հնարավոր չէր:
ՀՅԴ-ն ամբողջ խմբակցության կազմով «դեմ» քվեարկեց թե Օլեգ Եսայանի, թե Մուշեղ Օհանջանյանի թեկնածությանը, բայց դա արդեն ոչինչ չէր որոշում. իշխանությունն ուներ քսան պատգամավոր, իսկ եւս երեքը, թեեւ հանդես էին գալիս որպես «անկախ», փաստացի դարձյալ իշխանության հովանավորյալներ էին:
(Շարունակելի)
