«Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահների ինստիտուտը, սակայն, բացառապես քարոզչական ծխածածկույթ էր: Իրականում կուսակցությունը ղեկավարում էր Ազգային անվտանգության նախարար Բակո Սահակյանը: Հատուկ ծառայությունների մի շարք պաշտոնաթող ներկայացուցիչներ նույնպես անդամագրվել էին «Ազատ հայրենիքին»:
Վահրամ Աթանեսյան
(մաս 51-րդ)
ԼՂՀ-ում քաղաքական վերադասավորումների երկրորդ փուլն սկսվեց 2004 թվականի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ: Կարեն Բաբայանի ձերբակալությունից հետո կառավարությունը, խախտելով ՏԻՄ ընտրությունների օրենքը, քաղաքապետի արտահաերթ ընտրություններ չանցկացրեց, քաղաքային իշխանությունը գլխավորեց վարչապետի կողմից «լիազոր ներկայացուցիչ» նշանակված Բորիս Առուշանյանը: Ավելի ուշ, այնուամենայնիվ, քաղաքապետի ընտրություններ անցկացվեցին, որ բացահայտորեն ոչ մրցակցային էին, եւ քաղաքապետ ընտրվեց Համիկ Ավանեսյանը: Խորհրդային շրջանում նա Ստեփանակերտի քաղգործկոմում զբաղեցրել էր կոմունալ տնտեսության տնօրենի պաշտոնը, բայց նոր պայմաններում այդ փորձը բավարար չէր, որպեսզի մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական կյանքն արդյունավետ կառավարվի:
Նոր ընտրություններում քաղաքապետի պաշտոնի մրցակիցները երկուսն էին՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդվարդ Աղաբեկյանը, որ մինչ այդ հեռացել էր իշխանության հենարան «Ժողովրդավարական Արցախ միություն» խմբակցությունից եւ ակնհայտորեն համագործակցում էր «Դաշնակցության» հետ եւ իշխանությունների աջակցությունը ֆորմալ վայելող Պավել Նաջարյանը: Վերջինիս նախընտրական շտաբը գլխավորում էր Արայիկ Հարությունյանը: 2000 թվականի իշխանափոխությունից հետո ֆինանսների նախարարի նախկին օգնական Արայիկ Հարությունյանը շատ արագ հայտնի էր դարձել որպես հաջողակ ձեռներեց եւ քաղաքական շրջանակներում ընկալվում էր որպես Անուշավան Դանիելյանի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության սուր քննադատ:
Քվեարկության առաջին փուլի արդյունքներով երկու թեկնածուներից ոչ մեկը քաղաքապետ ընտրվելու բավարար քվեներ չստացավ: Դա ԼՂՀ համար աննախադեպ իրավիճակ էր: Քվեարկության երկրորդ փուլին ընդառաջ կարճատեւ արձակուրդի մեկնեցին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ խորհրդարանի խոսնակ Օլեգ Եսայանը: Ակնհայտ դարձավ, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը բարձրագույն իշխանության համար սկզբունքային նշանակություն չունի: Քվեարկության երկրորդ փուլում ձայների առավելություն ունեցավ Էդվարդ Աղաբեկյանը: Այդ ընտրությունից շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ստեղծվում է նոր կուսակցություն: Քաղաքական կուլիսների անցուդարձին տեղյակ շրջանակներից տեղեկություն տարածվեց, որ քաղաքական նոր ուժի ստվերային հովանավորն Ազգային անվտանգության նախարար Բակո Սահակյանն է, խնդիր է դրված Արկադի Ղուկասյանի հենարան հանդիսացող խորհրդարանական մեծամասնությունը մասնատել:
Պաշտոնապես ձեւավորվեց նոր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, Ազգային ժողովի մեծամասնական խմբակցության մի քանի պատգամավոր ցանկություն հայտնեց անդամագրվել, ինչպես իրենք էին ձեւակերպել՝ «սոցիալական արդարության եւ իրավահավասարության պաշտպան կուսակցությանը»: Նոր ուժն անվանվեց «Ազատ հայրենիք» կուսակցություն, որի հիմնադիր համագումարն ընտրեց վարչություն եւ համանախագահներ՝ Արայիկ Հարությունյան, Ռուդիկ Հյուսնունց եւ Արպատ Ավանեսյան: Վերջինս Ղարաբաղյան Շարժման առաջին տարիներին Երեւանից տեղափոխվել է Ստեփանակերտ, հիմնադրել Արցախի պետական համալսարանը: Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհվել է նրա կրտսեր որդին՝ Հակոբ Ավանեսյանը: Ստեփանակերտի մտավորական շրջանակներում Արպատ Ավանեսյանի հեղինակությունն, անկասկած, ավելի բարձր էր, քան՝ կուսակցության մյուս երկու համանախագահներինը, որոնցից Ռուդիկ Հյուսնունցը ժամանակին բավական ջերմ հարաբերություններ է ունեցել ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հետ, մի կարճ ժամանակահատված զբաղեցրել անձնակազմի հետ աշխատանքների գծով նրա տեղակալի պաշտոնը: Հյուսնունցն Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով որպես Սամվել Բաբայանի թիմակից ձերբակալվել է, ավելի քան քառասուն օր անցկացրել անազատության մեջ:
«Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահների ինստիտուտը, սակայն, բացառապես քարոզչական ծխածածկույթ էր: Իրականում կուսակցությունը ղեկավարում էր Ազգային անվտանգության նախարար Բակո Սահակյանը: Հատուկ ծառայությունների մի շարք պաշտոնաթող ներկայացուցիչներ նույնպես անդամագրվել էին «Ազատ հայրենիքին»: Նախնական փուլում իշխող տպավորություն էր, որ Արկադի Ղուկասյանը քաղաքական վերադասավորումներ է կատարում, քանի որ սպասվող խորհրդարանական ընտրություններում Ստեփանակերտի քաղաքապետ Էդվարդ Աղաբեկյանը եւ ՀՅԴ-ն «կարող են դաշինք կազմել եւ Ազգային ժողովում մեծամասնություն կազմել»: Այդ շրջանում կառավարության հեղինակությունն, իրոք, շատ զգալիորեն սասանված էր, Անուշավան Դանիելյանի հետագա պաշտոնավարումը ծանր էր ազդում առաջին հերթին նախագահ Արկադի Ղուկասյանի վարկանիշին: Բայց նոր կուսակցություն ստեղծելու համար կային նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված ծանրակշիռ հանգամանքներ:
(Շարունակելի)
