Ղարաբաղյան Շարժման որոշ «հնաբնակներ» վկայում են, որ Վիկտոր Քոչարյանը ԼՂԻՄ-ում արտակարգ դրության եւ «Կոլցո» ռազմագործողության անցկացման ամիսներին «ընդհատակի հետ հուսալի կապ է պահպանել եւ բացառիկ տեղեկություններ փոխանցել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 55-րդ
Մարատ Մուսայելյանը ծնվել է 1958 թվականին: Միջնակարգ կրթություն ստացել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսական դպրոցում: Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը: Ուսանողության տարիներին աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել Լենինյան թոշակառու, միաժամանակ հանդիսացել կոմերիտական գործիչ:
1980-ական թվականներին Մարատ Մուսայելյանը կոմիերիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ապա ընտրվել ԼԿԵՄ մարզային կոմիտեի առաջին քարտուղար: Դա բավական բարձր պաշտոն էր, որտեղ ընտրություն կատարվում էր Ադրբեջանի կոմկուսակցության Կենտրոնական կոմիտեի համաձայնությամբ: Թեկնածուն, բնականաբար, պետք է արժանանար նաեւ Մոսկվայի եւ ՊԱԿ-ի հավանությանը:
1988 թվականի փետրվարյան ցույցերից եւ հանրահավաքներից հետո, երբ կուսակցության մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից ազատվել է Բորիս Կեւորկովը, Մարատ Մուսայելյանը թողել է Ստեփանակերտը: Ստույգ հայտնի է, որ նա չի տեղափոխվել Բաքու, ամենայն հավանականությամբ կրթությունը շարունակել է Մոսկվայում:
Պաշտոնական կենսագրության տվյալներով՝ նա 1992 թվականին «ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում», բայց թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցրել, կառուցվածքային որ ստորաբաժանման աշխատակից է հանդիսացել՝ հստակ չէ:
Նույն աղբյուրի տվյալներով՝ Մարատ Մուսայելյանը հետագայում ծառայության է նշանակվել Հայաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության միացյալ նախարարությունում, ապա՝ ԱԱԾ-ում, ունի գնդապետի կոչում, ինչը վկայում է, որ նա Հայաստանի ներքին գործերի եւ հատուկ ծառայությունների համակարգում զբաղեցրել է բավական ազդեցիկ պաշտոններ:
Կառավարության կազմավորման գործընթացի շրջանակներում Բակո Սահակյանը նոր նշանակում կատարեց նաեւ Ազգային անվտանգության համակարգում, գերատեսչության ղեկավար նշանակվեց Վիկտոր Քոչարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
Վիկտոր Քոչարյանը հատուկ ծառայությունների կադրային սպա է, ՊԱԿ-ի մարզային վարչությունում ծառայել է խորհրդային տարիներից: Նրա մասնագիտական գործունեության մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ: Ըստ Ստեփանակերտի աղբյուրների, նա եւ Ռոբերտ Քոչարյանը քենակալներ են:
Ղարաբաղյան Շարժման որոշ «հնաբնակներ» վկայում են, որ Վիկտոր Քոչարյանը ԼՂԻՄ-ում արտակարգ դրության եւ «Կոլցո» ռազմագործողության անցկացման ամիսներին «ընդհատակի հետ հուսալի կապ է պահպանել եւ բացառիկ տեղեկություններ փոխանցել»: Շարժման «ընդհատակի» մի քանի հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվտանգության ապահովման հարցում Վիկտոր Քոչարյանը, ինչպես իրազեկ աղբյուրներն են վկայում, «մեծ ծառայություն է ունեցել»:
Որ ղարաբաղյան Շարժման «ընդհատակը», մանավանդ կամավորական ջոկատներ ստեղծելու, զենք-զինամթերթ հայթայթելու եւ տեղաբաշխելու, ինչպես նաեւ ԼՂ տարածքում անվտանգ տեղաշարժ ունենալու հարցում ՊԱԿ-ի մարզային վարչության հայ սպաների աջակցությունն ունեցել են, այդ մասին գրեթե բոլոր մասնակիցներն են վկայել: Բայց 2007 թվականի սեպտեմբերին նախագահի աշխատակազմի ղեկավար-ԱԽ քարտուղարի պաշտոնում Մարատ Մուսայելյանի, իսկ ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանի նշանակումն ակնհայտորեն քաղաքական ուղղորդվածության դրսեւորում էր: Ստեփանակերտում ուժային կառույցների եւ հատուկ ծառայությունների գերակայությամբ «քաղաքական եւ պետական կառավարման համակարգ» ստեղծելու միտումը վերջնականապես ինստիտուցիոնալացվեց:
(Շարունակելի)
