Զուտ պատմագիտական առումով, իհարկե, Բաբայանի գրքույկը չափազանց վիճահարույց է թեկուզ այն առումով, որ նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են վկայում, որ Փանահ Ալին Խամսայի մելիքություններին հպատակեցրել է տարիներ տեւած արյունալի պատերազմների եւ խարդավանքների միջոցով:
Վահրամ Աթանեսյան
Մաս 56-րդ
Բակո Սահակյանի նախագահության քարոզչական կարգախոս դարձավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»: Նախագահի աշխատակազմում տեղի ունեցավ էական փոփոխություն. մամուլի քարտուղարի պաշտոնը լուծարվեց, փոխարենը կազմավորվեց Տեղակատվության գլխավոր վարչություն, որի պետը միաժամանակ հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ պաշտոնում նշանակվեց Դավիթ Բաբայանը, որ մինչ այդ արտաքին գործերի նախարարության ծառայող էր եւ հիմնականում կատարում էր արարողակարգային գործառույթներ:
Նոր պաշտոնում Դավիթ Բաբայանը փաստացի հանդիսանում էր նաեւ արտաքին քաղաքական հարցերով նախագահի խորհրդական, միաժամանակ վերահսկում էր Հանրային հեռուստատեսությունը եւ հանրապետական թերթը, ինչպես նաեւ ապահովում Բակո Սահակյանի շփումները երեւանյան եւ օտարերկրյա մամուլի աշխատակիցների հետ: Նախագահի աշխատակազմում բավական պատասխանատու պաշտոն եւ փաստացի ազդեցիկ դիրք զբաղեցնելով՝ Դավիթ Բաբայանը մի քանի ամիս հետո Երեւանում հրատարակեց Ղարաբաղի խանության քաղաքական պատմությանը եւ այդ դարաշրջանում Արցախի արտաքին քաղաքականությանը նվիրված գրքույկ: Այն տպագրության էր երաշխավորել ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, գրախոսը Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Պավել Չոբանյանն էր: Բաբայանի գրքույկի գլխավոր գաղափարն այն էր, որ Ղարաբաղի խանությունը որպես պետական միավոր կազմավորվել է հայ մելիքների նախագծով: Այս տեսակետը նա հիմնավորել է նրանով, որ, գտնվելով թշնամական միջավայրում, հայ մելիքները ձեռնպահ են մնացել փաստացի անկախությունը կոչել հայկական պետություն, ներքին համաձայնությամբ հրավիրել են իսլամադավան Փանահին՝ որպես անվանական կառավարչի, բայց իրականում պահպանել են իրենց ֆեոդալական տիրույթների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը: Գրքույկը Ստեփանակերտում մնաց չնկատված:
«Առավոտ» օրաթերթը, սակայն, հրապարակեց սուր քննադատական հոդված, որի հեղինակը թույլ էր տվել պնդել, որ Բաբայանի հեղինակած գրքույկի բոլոր օրիենակները «պետք է մի տեղ հավաքել եւ կրակի մատնել»: Զուտ պատմագիտական առումով, իհարկե, Բաբայանի գրքույկը չափազանց վիճահարույց է թեկուզ այն առումով, որ նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են վկայում, որ Փանահ Ալին Խամսայի մելիքություններին հպատակեցրել է տարիներ տեւած արյունալի պատերազմների եւ խարդավանքների միջոցով: Այսինքն, նա Արցախում հաստատվել է ոչ թե հայ մելիքների «համախոհ հրավերով», այլ՝ նվաճողական պատերազմներով եւ խաբեություններով: Ավելի էական է, թե քաղաքական ի՞նչ շարժառիթով է Դավիթ Բաբայանը հեղինակել իր գրքույկը եւ ինչու՞ այն տպագրության է երաշխավորել ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, մի գերատեսչություն, որ գտնվում է նախագահի ուղղակի կառավարման տիրույթում: Բանն այն է, որ Բակո Սահակյանը, նախագահի թեկնածու առաջադրված լինելով ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի նախաձեռնությամբ, հանրությանը ներկայացվում էր որպես ԼՂ խնդրի հաղթական կարգավորման ջատագով: Ղարաբաղի խանության մասին Դավիթ Բաբայանի գրքույկը, մինչդեռ, քաղաքական իմաստով եթե ոչ բացահայտ, ապա պատմական անցյալի հետ ասոցացիայով տպավորություն էր թողնում, թե փաստացի անկախության եւ սեփականության իրավունքի պահպանման դեպքում Ստեփանակերտը «դեմ չէր լինի, որ Արցախում Ադրբեջանի անվանական իշխանություն հաստատվի»։
(Շարունակելի)
