Եթե «Նոյեմբերի 9-ի» հայտարարությամբ Ռուսաստանն ունենում էր Հայաստանի կառավարումից և օրենքներից դուրս ռազմական կոնտինգենտ այդ ճանապարհին, ապա «Թրամփի ուղի» նախագծի դեպքում հավանական է պահնորդական կազմակերպության ներգրավումը, որը գրանցված կլինի Հայաստանում և կենթարկվի Հայաստանի օրենքներին, չի գործի հայկական պետական կառույցների վերահսկողությունից և օրենսդրությունից դուրս։
Ռոբերտ Անանյան
Ո՞րն է «Նոյեմբերի 9-ով» ապաշրջափակման և «Թրամփի ուղու» հիմնական տարբերությունը։ ԱՄՆ-ի հետ կոմունիկացիոն գործակցությունը թույլ է տալիս Հայաստանին՝ խուսափել արտատարածքային միջանցք տալու հարկադրանքից։ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող Պուտինի գրած Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն սա էր․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:
Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։ Թեև առաջին իսկ նախադասության համաձայն՝ պետք է ապաշրջափակվեին ռեգիոնալ բոլոր հաղորդուղիները միանգամից՝ սակայն Ռուսաստանը և Ադրբեջանը միջանցքային տրամաբանությամբ էին մեկնաբանում այս կետը, և Հայաստանին հարկադրում էին նախ իրենց հանձնել հայկական պետական սուվերենությունից դուրս գտնվող միջանցք։
Ռուսաստանը նաև ցանկանում էր, որ Մեղրիի հայտնի ճանապարհը պարիսպով առանձնացվի Հայաստանի մյուս տարածքներից։ Պարիսպ կառուցելու համար 2022-ի օգոստոսին Հայաստանում գտնվող Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատարը Հայաստանի կառավարությանը գրավոր դիմել է՝ ճանապարհի երկայնքով պարիսպ կառուցելու թույլտվության նպատակով։ Անգամ՝ կատարել էին որոշակի աշխատանքներ, որոնք սակայն կասեցվել էին։
Հայաստանի կառավարությունը մերժել է պարիսպ կառուցելու աշխատանքը, որից մեկ ամիս անց Ադրբեջանը իրականացրել է 2022-ի սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը և օկուպացրել 200-ից 300 քառակուսի կիլոմետր հայաստանյան տարածք։ Ռուսաստանը և ԱՀՊԿ-ն հրաժարվել են կատարել մեր նկատմամբ անվտանգային պարտականությունները՝ այդպիսով Ադրբեջանի ագրեսիան խրախուսելով։
Ռուսաստանը նախատեսում էր, որ Մեղրիի այդ ճանապարհն իրենց վերահսկողության տակ պիտի առնեին Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ կառույցները։ Նախատեսվում էր Հայաստանի տարածքում ստեղծել ճիշտ այնպիսի միջանցք, ինչպիսին առկա էր Լաչինում՝ Հայաստանն Արցախին կապող։ Լաչինի միջանցքը մինչև կեղծ բնապահպանների կողմից փակվելը և ադրբեջանական անցակետ դնելը գտնվում էր ռուսական խաղաղապահների լիակատար հսկողության ներքո։
Ադրբեջանի զինված ուժերի կամ սահմանապահների ստորաբաժանումներ այնտեղ տեղակայված չէին։ Հայաստանից Արցախ գնալիս հայերը հանդիպում էին միայն Ռուսաստանի խաղաղապահներին, որոնք կարող էին անձնագիր պահանջել կամ կարող էին չպահանջել։ Հայկական ավտոմեքենաները չէին անցնում նաև մաքսային և այլ ստուգումներ։ Հենց այսպիսի ռեժիմ էր ուզում Ադրբեջանը Հայաստանից՝ Նախիջևանի հետ կապվելիս։
Հիշում ենք, որ Լաչինի միջանցքը փակելուց հետո Ադրբեջանը պահանջեց, որ հայկական ավտոմեքենաները ռուսական անցակետում ստուգումներ անցնեին։ Խոսք էր գնում սքաներների տեղադրման մասին։ Նաև՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ուզում էին անցակետի աշխատանքը վերահսկել ուղիղ հեռարձակմամբ։
Սակայն այդ տարբերակն այդպես էլ չէր ընդունվել Արցախի կողմից, ապա տեղադրվել էր ադրբեջանական անցակետ։ Ռուսաստանը ուզում էր, որ Հայաստանի տարածքում ևս ստեղծվի Լաչինի միջանցքի նմանությամբ ճանապարհ, որը նույն ձևաչափով կհսկեին ռուսները։ Դրա նկատմամբ մատչելիություն չէին ունենա հայկական անվտանգային ծառայությունների ներկայացուցիչներ։
Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող այդ ճանապարհի վրա կգտնվեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ։ Ես համոզված եմ, եթե նույնիսկ Հայաստանը համաձայնվեր իր վերահսկողությունից դուրս նման ճանապարհ զիջել Ռուսաստանին և Ադրբեջանին, դա չէր զսպելու Ադրբեջանին՝ իր ռազմաքաղաքական վերահսկողության տակ առնել Ղարաբաղը։
Դա չէր կանխելու բռնի տեղահանումը, քանի որ Ղարաբաղի հայերը չէին ընդունելու ինտեգրվելու Ադրբեջանի ծրագիրը։ Վերջնարդյունքը լինելու էր Մեղրիի հատվածում ռուս-ադրբեջանական միջանցքի ստեղծումը և Արցախի բռնի տեղահանումը։
Ռուսաստանի այս գաղափարի իրագործման դեպքում՝ Հայաստանը կկորցներ Իրանի հետ սահմանն ամբողջությամբ։ Ըստ ռուսական պլանի՝ Արաքսի երկայնքով ձգտվող ճանապարհը Հայաստանի հիմնական հատվածից առանձնացվում էր պարիսպով, այնտեղ տեղակայվում էին Ռուսաստանի ԱԴԾ զինված զինծառայողներ։ Ռուսներն էին իրականացնելու այդ միջանցքով անցնող տրանսպորտային միջոցների մաքսային և անվտանգային հսկողությունը։
Սահմանապահ ծառայությունը ևս ռուսներն էին իրականացնելու, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին կային ռուսական սահմանապահների անցակետեր։ Ինչպես գիտեք՝ Իրանի անմիջական սահմանին գտնվող այդ ճանապարհի վրա արդեն իսկ կանգնած են Ռուսաստանի սահմանապահ զորքեր, որոնք լիարժեք հսկում են Իրանի սահմանը։
Ստացվում էր, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես նաև՝ հայ-իրանական սահմանը ամբողջությամբ գտնվելու էին Ռուսաստանի անվտանգային ուժերի վերահսկողության ներքո։ Իրան-Հայաստան անցակետը ևս այդ ժամանակ ռուսական վերահսկողության ներքո էր։ Արդյունքում՝ ո՛չ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի, ո՛չ Իրան-Հայաստան սահմանի նկատմամբ Հայաստանի անվտանգային և սահմանապահ ոչ մի կառույց չէր ունենալու վերահսկողություն։
Երկու կողմից շրջափակված Հայաստանը շրջափակվելու էր նաև երրորդ կողմից՝ կորցնելով Իրանի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունը։ Հայաստանը չէր ունենալու Իրանի հետ անխափան և մշտական կապ։ Կամ այդ կապը գործելու էր՝ Ռուսաստանի հսկողությամբ։
Հայաստանի և Իրանի միջև անցակետը ևս ռուսական վերահսկողության տակ էր։ Այսինքն, Արաքսի երկայնքով ձգվող ճանապարհը, հայ-իրանական անցակետը գործելու էին ընդհատումներով՝ ժամային ռեժիմ էր ներդրվելու։ Թերևս սա էր պատճառը, որ Իրանը և Հայաստանը ակտիվ դեմ էին նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործմանը՝ ռուս-ադրբեջանական մեկնաբանմամբ։ Իրանը «Նոյեմբերի 9-ի» ռուս-ադրբեջանական մեկնաբանության տակ տեսել է ռեգիոնում սահմանների փոփոխության վտանգ։ Իրանն անգամ՝ զորավարժություններ նախաձեռնելով հայ-իրանական սահմանին մոտ՝ ակտիվ ընդդիմացել է։
Այլ է իրավիճակը ԱՄՆ-ի ծրագրի դեպքում։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, եթե Իրանը իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ծրագրին ընդդիմանում էր՝ այդտեղ սահմանների փոփոխության վտանգ տեսնելով, ապա հիմա չի ընդդիմանում իր ռազմավարական հակառակորդ ԱՄՆ-ի առաջարկին։ Իրանի ԱԳՆ-ն և նախագահն ասում են, որ «Այժմ Իրանի կարմիր գծերը հաշվի են առնվել, պահպանվում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը։
Հարավային Կովկասում ճանապարհների հետ տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար»,- ասել է ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ Ըստ նրա՝ «այնտեղ ամերիկյան ուժեր չեն տեղակայվի, և ուղու անվտանգությունը կապահովի հենց Հայաստանը»։
Իսկ ինչո՞ւ են Իրանը և Հայաստանը կողմ ամերիկյան «Թրամփի ուղի» ծրագրով նախատեսված պարամետրերի գործարկմամբ ապաշրջափակմանը։ Վստահ եմ, Հայաստանը այս ամիսներին Իրանին մանրամասն ներկայացրել է «Թրամփի ուղի» ծրագրի դետալները։ Օրերս Իրանում էր փոխարտգործնախարարը։ Վստահ եմ՝ Իրանը ծանոթանալով հայ-ամերիկյան «Թրամփի ուղի» ծրագրի պարամետրերին, համոզվել է, որ ինքը Հայաստանի հետ անխափան սահմանը պահպանում է։
Իրանը համոզվել է, որ Արաքսի ափով ձգվելիք ճանապարհի վրա օտար երկրների ռազմականացված կամ հետախուզական կառույցներ չեն տեղակայվելու՝ ի տարբերություն «Նոյեմբերի 9-ի ռուս-ադրբեջանական մեկնաբանության»։ Հայաստանն է ապահովելու իր ճանապարհների անվտանգությունը։ Ստեղծվելու է «Հայաստան-ԱՄՆ համատեղ ձեռնարկություն», որը պետք է կառուցի երկաթուղային, ավտոճանապարհային, նավթա-գազային խողովակներ, մալուխագծեր։
Շինարարական աշխատանքների կատարումը հայ-ամերիկյան կոնսորցումը հանձնարարելու է մասնավոր ընկերությունների։ Եվ ուշադրություն, Իրանը «Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի» ռուս-ադրբեջանական մեկնաբանության հետ կապված ուներ անվտանգային, սահմանների փոփոխության, իր բլոկադայի ենթարկվելու, աշխարհաքաղաքական բնույթի մտահոգություն։ Իսկ ահա հայ-ամերիկյան ծրագրի նկատմամբ Իրանն ունի մտահոգություն այն մասով, որ շինարարությունը միայն հայկական և ամերիկյան ընկերություններ են իրագործելու։
Տարբերությունը հասկանում ենք չէ՞, «Նոյեմբերի 9»-ի դեպքում Իրանը վտանգ էր տեսնում դեպի Եվրոպա գնացող իր ճանապարհի փակման և սահմանների փոփոխության, մինչդեռ՝ հայ-ամերիկյան ծրագրի պարագայում Իրանի խնդիրը հավանական դուրս մնալն է շինարարական աշխատանքներից։
Պետք է ընդգծել, որ Իրանն այս պահին ունի շատ ռացիոնալ, փաստերի վրա հիմնված մոտեցում, և չի առաջնորդվում դավադրապաշտական ցնորամիտ տեսություններով, ինչը հատուկ է կրոնական գործիչներին։ Իրանը հասկանում է, որ Հայաստանը պահպանելու է իր ճանապարհների և սահմանների նկատմամբ լիարժեք վերահսկողություն, և որ մաքսային, անվտանգային, սահմանային վերահսկողությունն իրագործելու են Հայաստանի պետական կառույցները։
Կարող են ներգրավվել երրորդ մասնավոր կողմեր, սակայն նրանք կգտնվեն Հայաստանի պետական մարմինների վերահսկողության և համակարգման տակ։ Ես ակնկալում եմ, որ առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը ամբողջությամբ իր վերահսկողության տակ կվերցնի Իրանի հետ սահմանը ամբողջությամբ՝ դուրս բերելով Ռուսաստանի սահմանապահ ուժերին։
Իրանի սահմանին տեղակայված ռուսները «Թրամփի ուղի» նախագծի իրագործման դեպքում՝ լինելու են ապակառուցողական տարր, ավելորդ անգամ այս նախագծին հաղորդելու են գեոպոլիտիկ մրցակցության կամ բախման տեսք։ Ինչպես Ներքին Հանդ եվրադիտորդների մուտքին էին խոչընդոտում ռուս սահմանապահները, այս ճանապարհների արդյունավետ գործարկմանը նույնպես կարող են խոչընդոտել։
Թեև ռուս սահմանապահների պահպանության տեղամասը Իրանի հետ սահմանն է, սակայն Արաքսի ափով ձգվող սահմանը և ավտոճանապարհը բազմաթիվ տեղերում հատվում են, և ռուսները հաճախ օգտվում են այդ ճանապարհից, տարիներ առաջ նույնիսկ անցակետեր ունեին տեղադրած։
«Նոյեմբերի 9-ի» հայտարարության ռուս-ադրբեջանական մեկնաբանության և «Թրամփի ուղի» ծրագրի նկատմամբ իմ չափումները հիմնվում են Իրանի տեսակետերի վրա, անգամ՝ ոչ Հայաստանի պաշտոնյաների։
Այսպիսով, իմ գնահատմամբ՝ հայ-ամերիկյան «Թրամփի ուղին» Հայաստանին հնարավորություն է տալիս՝ կառուցել կոմունիկացիոն հաբ, որը կմիացնի Ասիան Եվրոպային, և դրանից ստանալ տնտեսական, անվտանգային և աշխարհաքաղաքական դիվիդենտներ, միաժամանակ՝ պահպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
«Նոյեմբերի 9-ի» հայտարարության ռուս-ադրբեջանական մեկնաբանությամբ՝ Հայաստանը կորցնում էր Իրանի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունը, Իրանի հետ ցամաքային կապը հայտնվում էր լիարժեք ռուսական վերահսկողության տակ, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի նկատմամբ անվտանգային և մաքսային վերահսկողությունը անցնում էր Ռուսաստանին։
Եվ եթե «Նոյեմբերի 9-ի» հայտարարությամբ Ռուսաստանն ունենում էր Հայաստանի կառավարումից և օրենքներից դուրս ռազմական կոնտինգենտ այդ ճանապարհին, ապա «Թրամփի ուղի» նախագծի դեպքում հավանական է պահնորդական կազմակերպության ներգրավումը, որը գրանցված կլինի Հայաստանում և կենթարկվի Հայաստանի օրենքներին, չի գործի հայկական պետական կառույցների վերահսկողությունից և օրենսդրությունից դուրս։
Միաժամանակ, Հայաստանի անվտանգային ուժերը լիարժեք մուտք և գործողությունների ազատություն պետք է ունենան մեր իսկ ճանապարհի վրա։ Ահա, թե որոնք են տարբերությունները։ Իհարկե, վերջնական դետալները դեռևս վերջնականորեն կհստակեցվեն, սակայն ընդհանուր սկզբունքները սրանք են։ Յուրաքանչյուրը թող սեփական ինտելեկտին ապավինի և ստուգի՝ որ սցենարն է Հայաստանի ինքնիշխանությունը հարգում, որը՝ ոտնահարում։
Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/14Ka17snAnp/
