Ռուսաստանի պարտադրած «Pax Russica»-ն՝ կայսերական խաղաղությունը, զիջում է իր տեղը իրավական խաղաղությանը, որին ձգտում էր Հայաստանը, և որն այսուհետ հաստատվելու է իրենց ինքնիշխանությունն ամրապնդող երկու երկրների միջև։ Սա դեռևս արդար խաղաղություն չէ, բայց իրավիճակի կտրուկ փոփոխություն է։
Կայծ Մինասյան
Մեր Խոսքը՝
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսահայ քաղաքագետ, Le Monde» թերթի խմբագիր Կայծ Մինասյանի, “Mediapart” պարբերականին տված զրույցի հայերեն թարգմանությունը։ Հարցազրույցում պրն․ Մինասյանը անդրադառնում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հայ-ադրբեջանական համաձայնագրին՝ նշելով այդ ամենի կարևոր կետրեը։ Կայծ Մինասյանը մշտապես աչքի է ընկել քաղաքական ամենանուրբ հարցերում ունեցած ճշգրիտ և խորաթափանց ուսումնասիրություններով և հարցազրույցներով։ Այս հարցազրույցը բացառիկ կարևորություն է ներկայացնում տեղի ունեցածի ճիշտ ըմբռնման համար։ Լիահույս ենք, որ այն օգտակար կլինի հայ ընթերցողի համար՝ տեղի ունեցածը ճիշտ հասկանալու և քաղաքական շահարկումների զոհ չդառնալու համար։
Մեր Ուղին
Դոնալդ Թրամփը չէր թաքցնում ցնծությունը ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ձեռքսեղմման արարողության ժամանակ։ Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին խաղաղության համաձայնագիր, որը բացառում է «վրեժխնդրության ցանկացած փորձ»։
Սրանով ոչ միայն ԱՄՆ նախագահը կարող է հաստատել, որ դիվանագիտական հեղաշրջում է իրականացրել Ռուսաստանի պատմական ազդեցության գոտում՝ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպումից մի քանի օր առաջ, որտեղ նրանք կքննարկեն Ուկրաինայիպատերազմը։ Ավելին՝ ըստ այդ համաձայնագրի՝Ադրբեջանի և հայ-իրանական սահմանի երկայնքով ձգվող նրա էքսկլավ /երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք/ Նախիջևանի միջև ընկած ճանապարհը կկառավարվի ամերիկյան ընկերության կողմից և կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի»:
Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի դասախոս, «Le Monde» թերթի լրագրող, «Հարավային Կովկասի երեսնամյա հակամարտությունը. Հայաստան-Ադրբեջան, անվերջ պատերա՞զմ» գրքի (Passés composés հրատարակչություն, 2024) հեղինակ Կայծ Մինասյանը «Mediapart» պարբերականին տրված հարցազրույցում բացահայտում է նշյալ համաձայնագրի ռազմավարական նշանակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առջև ծառացած ներքին մարտահրավերները հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին:
Mediapart – Դուք գիրք եք գրել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ մղված «գոյաբանական» պատերազմների մասին: Ի՞նչ է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրն այդ երկարուձիգ պատմության տեսանկյունից:
Կայծ Մինասյան – Այդ պատմության մեջ սա նոր փուլ է, որը երեք տարի առաջ սկսված դիվանագիտական գործընթացի արդյունք է: Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման առաջին նշանները երևացին 2024 թվականի ապրիլին, երբ երկու երկրների միջև կնքված համաձայնագրով մի հատված ռսահմանագծվեց՝ հիմնվելով ամբողջ ընդհանուր սահմանի համար նախատեսված սահմանազատման կանոնակարգի վրա։
Վերջապես, 2025 թվականի հուլիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպեցին Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ): Նրանց հանդիպումը տևեց հինգ ու կես ժամ, ինչը ենթադրում էր, որ օրակարգը հագեցած էր, ու առաջընթաց կար: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվեց անցումային համաձայնագիր, որը թեպետ հստակ առաջընթաց արձանագրեց, այսուհանդերձ վերջ չդրեց երկու երկրների միջև հակամարտությանը:
Կարճ ասած՝ այս համաձայնագիրը հաշտեցման նոր գործընթացի սկիզբ է, որը հիմնվում է վստահության ամրապնդման միջոցառումների վրա: Սակայն դեռ պետք է երկար բանակցեն, որպեսզի կողմերի բարի կամքը հաստատվի:
Mediapart – Ի՞նչ նշանակություն ունի «Թրամփի ուղին», որը կապելու է երկու երկրները և Ադրբեջանի տարածքը Նախիջևանի էքսկլավի հետ։ Արդյո՞ք այն համապատասխանում է այն միջանցքին (corridor), որը Բաքվի առաջնորդները վաղուց են ձգտում ստեղծել։
Ուզում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ «միջանցք» (corridor) բառը չիհիշատակվում օգոստոսի 8-ի համաձայնագրում, ոչ էլԱՄՆ-ի և Հայաստանի միջև այս ուղու բացման վերաբերյալ երկկողմ համաձայնագրում։ Ադրբեջանի առաջնորդների համար «միջանցք»(corridor) բառը նշանակում էր, որ երկիրը (դիցուք՝ Հայաստանը), որով անցնելու էրարտատարածքային միջանցքը(corridor), այլևս չէր վերահսկելու մարդկանց և ապրանքների հոսքը։ Սա նշանակում էր Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում։
2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագիրը որևէ կապ չունի նաև «Կովկասում Պանամայի նեղուց» գաղափարի հետ։ Սա սխալ մեկնաբանություն է, քանի որ «նեղուց» բառը նույնպես չի հիշատակվում պաշտոնական փաստաթղթում։
«Կովկասով անցնող ճանապարհն ամենակարճն է բարգավաճ Եվրոպայի և «Գլոբալ Հարավի» միջև»։
Բանակցությունների թեման այլ էր։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված գործարքում երրորդ երկիր ներգրավված չէ, իսկ ճանապարհը վարձակալվել է ամերիկահայ մասնավոր ընկերության կողմից։ Սա ավելի շատ նման էՖրանսիայում մայրուղիների սեփականաշնորհմանը, որոնց կառավարումը վստահվել է ընկերություններին՝ առանց երկրի ինքնիշխանությունը վտանգելու։
Mediapart – Ձեր գրքում դուք արդեն ընդգծում եք «Կովկասյան անցուղում» հաղորդակցության ուղիների կարևորությունը՝ նշելով, որ այն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային նշանակություն ունի։
Կայծ Մինասյան – Պարզապես նայեք քարտեզին. Կովկասով անցնող ճանապարհը ամենակարճն է բարգավաճ Եվրոպայի և «Գլոբալ Հարավի» միջև։ Սուեզի ջրանցքն աղտոտված է, վտանգավոր, ծանրաբեռնված երթևեկությամբ։ Աֆրիկյան մայրցամաքի հարավում գտնվող Բարեհուսո հրվանդանով անցնելը չափազանց ժամանակատար է և թանկ։ Նույնը վերաբերում է նաև հյուսիսով և Արկտիկական մայրցամաքով անցմանը։ Մնում է Սև ծովով, Կովկասով, Իրանով և Հնդկական օվկիանոսով անցնող ճանապարհը։
Կարևորն այն է, որ «Կովկասյան անցուղին» դառնա համաշխարհային խաչմերուկ, ոչ թե՝ փակուղի։ Օգոստոսի 8-ի համաձայնագիրն այս ուղղությունն է վերցրել՝ ի հակադրություն «3+3» ձևաչափի, որի վրա էր հույսը դրել Ռուսաստանը տարածաշրջանում հարաբերությունները կարգավորելու համար, այն է՝մի կողմից՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև երկխոսություն հաստատել՝ առանց Արևմուտքիմասնակցության։
Mediapart – Որքանո՞վ է օգոստոսի 8-ի համաձայնագիրը հակադրվում Վլադիմիր Պուտինի շահերին։
Ռուսաստանը վճարում է 2020 թվականի արկածախնդրության համար, երբ զոհաբերեց Ադրբեջանից ռազմական պարտություն կրած Հայաստանը։ Ռուսաստանը, շարունակելով հայերի նկատմամբ իր երեք հարյուրամյա քաղաքականությունը, համոզված էր, որ Հայաստանը երբեք ոչ մի տեղ հայացքը չի հառի, բացի Մոսկվայից։ Ի վերջո, Ռուսաստանը հայերին համոզեց, որ միայն ինքն է ի զորու նրանց պաշտպանել, տիրություն անել կամ լքել՝ կախված իր շահերից, քանի որ ոչ ոք հետաքրքրված չէ նրանցով։
Սակայն այս վերաբերմունքը, որի էությունըՀայաստանի հետ երեխայի և ոչ չափահասի պես վարվելն է, կեղծ նախադրյալներ ունի։ Հենց որ Հայաստանը ազատագրվեց Ռուսաստանից 2020-ականների սկզբին, այլ տերություններ հետաքրքրվեցին նրանով՝ Ֆրանսիան, Հնդկաստանը, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը…
«Իլհամ Ալիևը որոշել է փոխզիջման գնալ և մտնել Հայաստանի և Արևմուտքի տարածք»։
Սակայն ռուս առաջնորդների դրությունը շատ ավելի ծանր է․ այս վերաբերմունքը տարածելով Կովկասի մյուս երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի վրա՝ նրանք հարվածեցին իրենց իսկ ոտքին։ Կայսերական տրամաբանությամբ առաջնորդվելով՝ նրանք խրախուսել են «փոքր» պետություններին մոբիլիզացվել՝ միմյանց թիրախավորելու համար։
Mediapart – Ինչո՞ւ է Ադրբեջանի հետ պառակտումն այսքան խորացել։ Ի վերջո, Պուտինն է թույլ տվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի պաշարումը, ապա՝ էթնիկ զտումը։
Հարաբերությունները սրվել են գազի հարցի շուրջ, և Իլհամ Ալիևը մնացել է երկփեղկված Ռուսաստանի և Իրանի միջև։ Վերջիններս համապատասխանաբար Ուկրաինայի և Իսրայելի հետ հակամարտությունների մեջ թուլացած երկու տերություններ են, որոնք թափ են առնում և ամրապնդել են իրենց ռազմավարական գործընկերությունը 2025 թվականին։
Այսպիսով, Ալիևը հրաժարվել է իր հետապնդածպատժիչ խաղաղության քաղաքականությունից։ 2020 թվականի ռազմական հաղթանակից հետո՝ նա ձգտեց երկակի քաղաքական հաղթանակ ձեռք բերել։ Առաջինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող ցանկացած վկայակոչում բացառելն էր, որին նա հասավ հարկադրանքի միջոցով 2023 թվականին։ Երկրորդը տխրահռչակ արտատարածքային միջանցքն(corridor) էր լինելու, որն առաջացրեց շատ տերությունների բացասական արձագանքը։ Հետևաբար, նա որոշեց փոխզիջման գնալ և մտնել Հայաստանի և Արևմուտքի տարածք՝ հույս ունենալով, որ դեռ օգուտներ կքաղի։
Սակայն սա նշանակում է, որ Ռուսաստանի պարտադրած «Pax Russica»-ն՝ կայսերական խաղաղությունը, զիջում է իր տեղը իրավական խաղաղությանը, որին ձգտում էր Հայաստանը, և որն այսուհետ հաստատվելու է իրենց ինքնիշխանությունն ամրապնդող երկու երկրների միջև։ Սա դեռևս արդար խաղաղություն չէ, բայց իրավիճակի կտրուկ փոփոխություն է։ Հիշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր հովանավորությամբ կնքված համաձայնագրի համաձայն, որը վերջ դրեց 44-օրյա պատերազմին, Ռուսաստանը նախատեսում էր, որ Դաշնային անվտանգության ծառայությունը (ФСБ) կվերահսկի Ադրբեջանի և նրա էքսկլավի միջև գտնվող միջանցքը(corridor)։
Mediapart – Հնարավոր չէ Թրամփին ինքնաբերաբարնույնացնել իրավական խաղաղության հետ։ Կարելի՞է ասել, որ «Pax Russica»-ն զիջում է իր տեղը «Pax America»-ին։
Կայծ Մինասյան – Պետք է ընդունել, որ այս փուլում նրան հաջողվել է ունենալ առանց ուժի կիրառման խաղաղության համաձայնագիր։ Նա ներխուժել է երեք տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածք՝ ճեղքելով Կովկասյան պատը մի ուղով, որն իր անունն է կրում։ Սա անհեթեթ է հնչում, բայց դրա աշխարհաքաղաքական նշանակությունն ակնհայտէ. այն հերքում է «Մեծ տերությունների» միջև ազդեցության ոլորտների բաժանման գաղափարը։
Թրամփն ըմբռնել է տարածաշրջանի ռազմավարական հետաքրքրությունը Միացյալ Նահանգների համար։ Ինչը մեզ համար անհայտ է,այն է, թե արդյո՞ք Հյուսիսային և Հարավային Կովկասի երկու հակամարտությունները՝ մի կողմից՝ Ռուսաստան-Ուկրաինա, մյուս կողմից՝ Իսրայել-Իրան, կազդեն տարածաշրջանում խաղաղության վրա, թե՞ այս խաղաղությունը բավական ամուր հիմքեր կունենա։
«Օգոստոսի 8-ի համաձայնագիրն ավելի շուտ նպաստել է Հայաստանի վարչապետի ազդեցության և օրինականության ամրապնդմանը»։
Այն դեպքում, երբ վերջին տարիներին աշխարհակարգն ապակայունացել է, հարց է առաջանում, թե արդյո՞ք օգոստոսի 8-ի համաձայնագիրը կարող է կարգավորել միջազգային հարաբերությունները Հարավային Կովկասում, թե՞ պարզապես լծակի դեր է խաղալու Հայաստանի և Ադրբեջանի հյուսիսում և հարավում ծագած երկու հակամարտությունների համար։
Mediapart – Հայտնի է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը դիմակայում է ուժեղ ընդդիմության, որն ավելի է աշխուժացել Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաձայնագիրն իր քաղաքական դիրքի վրա։
Կայծ Մինասյան – Համաձայնագրի ստորագրման կադրերում Փաշինյանը թվում է հոգու թեթևությունից արբեցած։ 2020 թվականի ռազմական պարտությունից հետո նա լծվել էր խաղաղության համաձայնագիր կնքելու գործին։ Հինգ տարի առաջ Հայաստանի ռազմավարական արժեքը զրո էր, իսկապագան շատ մռայլ էր թվում։ Հիմա իրավիճակը բարելավվել է, և Հայաստանը վերարժևորվում է տարածաշրջանում շատ կարևոր խաղացողների կողմից։ Ի դեպ, դրանում մեծ ներդրում ունի Ֆրանսիան։
Արևմտյան ներդրումները կաշխուժանան, զինված ուժերի արդիականացումը կշարունակվի։ 2026 թվականին Երևանում կանցկացվեն կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը, որին գարնանը՝ հունիսյան օրենսդիր ընտրություններից մեկ ամիս առաջ, կմասնակցեն 49 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ապա աշնանը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիայի հերթական գագաթնաժողովը (COP)։
Ռուսաստանն, իհարկե, կփորձի ապակայունացնել Հայաստանը, ինչպես արել է անցյալում՝ փորձելով աշխուժացնել ռուսամետ քաղաքական ուժերին։ Սակայն դա արդյունք չի տալիս, քանի որ հայերն այլևս պատերազմ չեն ուզում, իսկ ընդդիմություննայլընտրանք չունի առաջարկելու։ Հետևաբար, օգոստոսի 8-ի համաձայնագիրն ավելի շուտ կնպաստի վարչապետի հեղինակության և օրինականության ամրապնդմանը։
Mediapart – Մինչդեռ թվում է, թե Լեռնային Ղարաբաղի կորստի խորհրդանշական ազդեցությունը և նրա նախկին բնակիչների սարսափելի ճակատագիրը հզոր խթաններ պիտի լինեին ուժերի համախմբման համար…
Ճիշտ է, բայց ընդդիմությունը բազմաշերտ է, ժողովրդականություն չի վայելում, թաթախված է կոռուպցիայի մեջ և բնակչությանը հյուծող մշտական հակամարտությամբ ներծծված անցյալ ունի: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, բայց այս իրավիճակը հնարավոր է դարձել նաև վերջին երեսուն տարիների ընթացքում հայ ղեկավարների թույլ տված սխալների պատճառով: Նրանք մի քանի անգամ հնարավորություն են ունեցել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանհանրապետությունը, բայց չեն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ Մոսկվան նրանց է պարտադրել հակամարտության իր սեփական կարգավորումը, այն է՝ հակամարտության կառավարում՝ առանց վերջնական հանգուցալուծման:
Մյուս կողմից, ի հայտ է եկել քաղաքական շարժում, որը ձգտում է ստեղծել ինքնիշխան պետություն կամ ինքնավար ինքնիշխանություն։ Այն Արևմուտքի հետմերձեցման կողմնակից է և կարծում է, որ Հայաստանը պետք է կայսերական ազդեցության գոտու կարգավիճակից անցում կատարի դեպի կայուն սահմաններով պետության կարգավիճակ: Բայց դա նշանակում է մոռանալ «Մեծ Հայքի» երազանքները և հետևել միջազգային իրավունքին: Նշյալ վերափոխման հիմքում, իհարկե, Արևմուտքի նպատակն է՝ կանխել ռուսական կայսրության վերականգնումը:
Հարավային Կովկասում, հետևաբար, գլխավոր մարտահրավերը սահմանափակ ինքնիշխանությունից անցումն է ինքնավար ինքնիշխանության։ Նույն ընդդիմադիր կեցվածքը կարելի է տեսնել Ուկրաինայում և Վրաստանում, որտեղ ռուսամետներն են գերիշխում։
Ֆաբիեն Էսկալոնա
Աղբյուրը՝ Mediapart
