Մենք այս պահին,սակայն, այլընտրանք չունենք և ամերիկյան վերահոսկողությունը ավելի նախընտրելի է, առնվազն այն առումով, որ ադրբեջացիները չեն համարձակվի կրակել ամերիկացիների վրա։ Այստեղ այլ հարց է այն, որ Ադրբեջանում հայերի հանդեպ կա պետականորեն հաստատված ու քաջալերված հակահայկական պահվածք։ Հինգերորդ դասարանցիների պատմության դասագրքերում գրված է, որ եթե հայը ադրբեջանցու տեսնի, ապա անպայման սպանելու է, դրա համար հային պետք է սպանել, որ նա քեզ չվնասի։
Ռուբեն Գալիչյան
1inTV-ն զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրն ու դրանից բխող մի շարք երևույթներ։
Ռուբեն Գալիչյանը մանրամասն ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին կատարված և սպասվող սահմանազատման որոշ աշխատանքների, մտահոգություն հայտնել օկուպացված տարածքների հետագա ճակատագրի հետ կապված և խոսել այն մասին, թե ներկայիս իրավիճակում ի՞նչ հնարավոր լուծումներ կարելի է առաջարկել։
Քարտեզագետը մասնավորապես խոսեց Արծվաշենի և Տիգրանաշենի մասին։ Ադրբեջանցիները պահանջում են իրենց տալ Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական անկլավ։ Ադրբեջանցիները օրինական որևէ թուղթ չունեն, որ Արծվաշենն իրենցն է, բայց պահանջում են՝ ավելի շատ այդ հարցը պահելով Հայաստանի հանդեպ քաղաքական գործիք օգտագործելու համար։ Մյուս կողմից մենք ունենք Արծվաշենը, որը պատկանում է Հայաստանին։ Այս առումով հստակ խնդիր կա, որ Արծվաշենը, որ նեղ միջանցքով կապված է Հայաստանին, արդեն երկար տարիներ է, ինչ ադրբեջանական գյուղերի համար կապող օղակ է դառնում և դրա վերադարձը Ալիևի համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու։ Մյուս կողմից էլ, եթե Արծվաշենը վերադարձվի Հայաստանին և օրինակ՝ Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները ճանապարհ չունեն այնտեղ հասնելու, նշանակում է նաև միջա՞նցք պետք է տրվի։ Ամենալավ տարբերակը, ինչպես նաև մյուս տարածքների դեպքում, ինչպես օրինակ Ոսկեպարը, Բարխուդարլուն՝ համարժեք փոխանակման տարբերակն է, որպեսզի հետագայում խնդիր չդառնա ու միաժամանակ տվյալ երկրի ներքին ճանապարհների առումով խնդիրներ չառաջացնի։ Հարցն այն է, թե Ալիևը որքանով կկատարի իր խոստումը։
Գալիչյանը նշեց, որ ավելի կնախընտրեր, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ԵՄ հովանու ներքո կնքվեր․ ԵՄ-ն մեզ ավելի մոտ է, քան ԱՄՆ-ն, բացի այդ՝ ԱՄՆ նախագահը չափից ավելի անկանխատեսելի մարդ է։ Ինչ որ առումով իհարկե հույս է առաջանում, որ Ալիևը ստիպված կլինի հարգել այդ որոշումը, քանի որ այն կնքվել է ԱՄՆ նախագահի հովանու ներքո, կամ ինչպես Ալիևն է բնութագրել՝ «աշխարհի ամենամեծ երկրներից մեկում, ամենակարևոր նախագահի հովանավորությամբ»։
Քարտեզագետն ամեն դեպքում ասաց, որ որևէ համաձայնագիր խաղաղություն չի բերում, իրական խաղաղությունը զինված ուժն է բերում։ Մենք այս պահին,սակայն, այլընտրանք չունենք և ամերիկյան վերահոսկողությունը ավելի նախընտրելի է, առնվազն այն առումով, որ ադրբեջացիները չեն համարձակվի կրակել ամերիկացիների վրա։ Այստեղ այլ հարց է այն, որ Ադրբեջանում հայերի հանդեպ կա պետականորեն հաստատված ու քաջալերված հակահայկական պահվածք։ Հինգերորդ դասարանցիների պատմության դասագրքերում գրված է, որ եթե հայը ադրբեջանցու տեսնի, ապա անպայման սպանելու է, դրա համար հային պետք է սպանել, որ նա քեզ չվնասի։ Տարածված քարոզվում է սևազգեստ հայ մարդասպանի կերպարը։ Արդյո՞ք դա փոխվելու է։ Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվելու է նման պահվածքից։ Պետք չէ մոռանալ նաև այն, որ Ադրբեջանում գիտական մակարդակով է խրախուսվում նաև հայկահայկական պահվածքը։ Ալիևն անձամբ է հայտարարել, որ կվարձատրի այն գիտնականներին, ովքեր գիտական գրքեր ու աշխատանքներ կգրեն այն մասին, որ հայերը Հայաստանում չեն ապրել մինչև 1828 թվականը։ Բազմաթիվ աշխատանքներ արդեն իսկ գրվել են ու այդ հեղինակներն էլ ստացել ու ստանում են իրենց վարձատրությունը։ Դա փոխվելո՞ւ է։ Ադրբեջանցիները հանձն առնելո՞ւ են նման աշխատանքների կատարումը։
Գալիչյանը նաև ասաց, որ գերիների վերադարձ հավանաբար տեղի կունենա։ Ադրբեջանցիները կվերադարձնեն հայ գերիներին, քանի որ դա իրենց որոշելիք հարցը չէ, դա իրենց փոխարեն կորոշեն ավելի բարձր մակարդակում։ Եթե այս պահին որոշվածը տեղի ունենա, ապա մենք կարող ենք որոշակիորեն դրական մակարդակ ու մթնոլորտ ունենալ։ Ադրբեջանը ևս փորձելու է իր կողմից ավելի հարթեցնել առկա խնդիրները, քանի որ ընդունել ու հաստատել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվելու։ Իսկ հարևանի հետ մշտական խնդիրը խանգարելու է երկուսին էլ։ Բայց մենք ևս չպետք է մոռանանք, որ այդ հարաբերությունները բարիդրացիական են միտված կոչվելու, ոչ թե բարեկամական կամ եղբայրական։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
