Արդեն որերորդ անգամ թղթի վրա գրվում է, որ ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ երկրի, եթե խոսում ենք՝ Թրամփի երթուղու մասին, ապա՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո․․․․
Ստյոպա Աաֆարյան
Ուրեմն, ԱՄՆ ու Հայաստանի օրենսդիր մարմինների կողմից վավերացված և ուժի մեջ մտած, 2025թ․ հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված “Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության” I Բաժնի (Գործընկերության սկզբունքները) 2 կետերում համապատասխանաբար ամրագրվել է․
“Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա:
1․ Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:
8․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։”
Բաժին II-ում (Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն) 5-րդ կետում ամրագրվել է․
“5․ Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով: ”
Կրկնում եմ, այս փաստաթուղթը Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության միջկառավարական հանձնաժողովի կանոնադրությունն ու ուղեցույցն է, այսինքն, ինչ էլ որ անեն երկու երկրները միասին, միմյանց տարածքում, իրենց գործողությունները պետք է բխեցնեն նաև այս սկզբունքներից․․․
Օգոստոսի 8-ին Վաշինգթոնյան փաստաթղթերից եռակողմ հռչակագիրը՝ Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին զարգացնելու հիշատակումով ու դրա վերաբերյալ առաջիկայում ստորագրվելի հայ-ամերիկյան երկկողմ պայմանագիրը ի թիվս հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի, ես կասեի՝ առաջնային լուծում է հենց հայ-ամերիկյան օրակարգի այս՝ 5-րդ կամ Հայաստանի ապաշրջափակման հարցը, որին դիմադրում է Ադրբեջանը, իսկ Թուրքիան չի ցանկանում նրա շահերին դեմ գնալ ու իր կողմից ապաշրջափակել Հայաստանը՝ բացելով իր կողպած սահմանը․․․
Բայց սա էլ մի կողմ թողնենք, ավելի ստույգ՝ թողնենք ավելի մանրամասն քննարկման համար։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդունքներով ստորագրված Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերում կարդում ենք․
“3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
4․ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։”
Ինչպես նկատում ենք, այս ամբողջը մեկ տրամաբանական շղթայի տարբեր օղակներ են ու արդեն որերորդ անգամ թղթի վրա գրվում է, որ ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ երկրի, եթե խոսում ենք՝ Թրամփի երթուղու մասին, ապա՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո․․․․
Անհեթեթ կարող է թվալ, բայց հարցնեմ, միգուցե ընդդիմախոսներից մեկնումեկը պատասխանեն․․․
Հայ-ամերիկյան քանի՞ փաստաթուղթ պետք է ստորագրվի, քանի՞ տեղ ու քանի՞ անգամ պետք է գրվի, որ “ճանապարհներն ու բեռների, մարդկանց “անխոչընդոտ” փոխադրումները լինելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության ու տարածքային ամբողջականության սահմաններում”, որպեսզի էս անհեթեթ վիճակից դուրս գանք․․․
Աղբյուրը՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1ALBa2tP1z/
