«Թրամփի ուղին» կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: «Խաղաղության խաչմերուկը», որ առաջարկում է մեր Կառավարությունը՝ Իրանին հնարավորություն տալիս է մասնակցել այդ ամենին, եթե նրանք այդ հնարավորություններից իրոք օգտվեն, դա ոչ միայն վնաս չի տա մեր երկկողմանի հարաբերություններին, այլև օգուտ կտա:
Դավիթ Ստեփանյան
«Փեզեշքիանի այցի ժամանակ տասը փաստաթուղթ է ստորագրվել տարբեր ոլորտներից՝ մշակութայինից մինչև քաղաքական, բայց մենք հասկանում ենք, որ ամենակարևոր հարցը իրանյան մտահոգություններն են՝ կապված վաշինգտոնյան համաձայնությունների հետ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած այցին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Անդրադառնալով «Թրամփի ուղու» հետ կապված Իրանի դիրքորոշմանը՝ Ստեփանյանը նշեց. «Դիվանագիտությունը և անկեղծությունը համադրելի չեն, սրանք դիվանագիտական հայտարարություններ են: Իրենք էլ են հասկանում, որ շատ բան է փոխվել և հետդարձի ճանապարհ այլևս չկա: Կարծում եմ, որ և՛ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցի ժամանակ, և՛ պարոն Փեզեշքիանի այցի շրջանակներում այդ հանգամանքները ճշգրտվեցին, կասկածները փարատվեցին և Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարությունները դրա վառ վկայությունն են, Իրանը կարծես թե որևէ բաց հարցեր՝ կապված «Թրամփի ուղու», ապագա կոմունիկացիների վերաբացման պլանների հետ՝ չունի: Սակայն մենք հասկանում ենք, որ ցանկացած դեպքում քաղաքականությունում հարցեր միշտ էլ լինում են, այդ թվում մենք էլ Իրանին շատ հարցեր ունենք»:
Խոսելով տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոյի մասին՝ քաղաքագետն ասաց. «Ի վերջո հասկանում ենք, որ այս ստատուս քվոն, որի մասին ասում է պարոն Արաղչին, մի քանի անգամ արդեն փոփոխվել է և փոփոխվել է առաջին հերթին 2020 թվականին 44-օրյա պայմանավորված պատերազմի հետևանքով և մեծ հաշվով Իրանի լռությամբ: Վերջերս նույն Մասուդ Փեզեշքիանն այցելել է օկուպացված Ստեփանակերտ, Շուշի, որտեղ ողջունել է Ալիևին և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ ամենը մեզ մոտ էլ է հարցեր առաջացնում: Այդ թվում Իրանի քաղաքականության շնորհիվ է աշխարհաքաղաքական ստատուս քվոն տարածաշրջանում հաստատվել, այնպես չէ որ Իրանում բոլորը սուրբ են: Այդ հարցերը փոխադարձ են, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դրանց պատասխանենք: Իրանը պետք է շարունակի որոշակի առումով գործոն մնալ մեր տարածաշրջանում, որովհետև դա շատ կարևոր է հավասարակշված քաղաքականությունների շրջանակներում»:
Մեր այն հարցին, թե «Թրամփի ուղու» հետ կապված Իրանի կողմից սպասելի են ինչ-որ վտանգներ՝ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց. «Իրանն այսօր այն դերակատարը չէ մեծ Մերձավոր Արևելքում, որի դիրքորոշումը կարող է խոչընդոտել «Թրամփի ուղու» իրականացմանը, նրանք հնարավորություն չունեն՝ հաշվի առնելով նրանց դերի զգալի նվազումը մեծ Մերձավոր Արևելքում, որի մի մասն է Հարավային Կովկասը: Վստահ եմ, որ եթե այդ հնարավորությունն ունենային, անպայման կխոչընդոտեին: Այո, նրանց մտահոգությունները պետք է հաշվի առնել, բայց Իրանը ռեալ խոչընդոտ չի հանդիսանում այդ ճանապարհին: Ես տեսնում եմ հնարավորություններ, եթե Իրանն իրոք ուզում է տարածաշրջանում գործոն մնալ, իրոք ուզում է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ առաջինը Հայաստանի հետ, պետք է այս իրողությունների հետ հաշվի նստի: «Թրամփի ուղուն» մեր լավ կյանքից չէ, որ համաձայնել ենք և փորձում ենք ապահովագրել մեզ հերթական ադրբեջանական ագրեսիայից՝ ԱՄՆ-ի միջոցով: Այնպես, որ Իրանը ևս սխալներ ունի, պետք է աշխատի դրանց վրա»:
Թե ինչպես կարող է «Թրամփի ուղին» ազդել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա՝ մեր զրուցակիցն ասաց. ««Թրամփի ուղին» կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: «Խաղաղության խաչմերուկը», որ առաջարկում է մեր Կառավարությունը՝ Իրանին հնարավորություն տալիս է մասնակցել այդ ամենին, եթե նրանք այդ հնարավորություններից իրոք օգտվեն, դա ոչ միայն վնաս չի տա մեր երկկողմանի հարաբերություններին, այլև օգուտ կտա: Ամեն ինչ կախված է նրանից, թե Իրանում ինչպես են դրան վերաբերում: Եթե շարունակեն դիտարկել դա որպես իրենց դեմ ուղղված քայլ և մասնակցություն չունենան, իհարկե, վնասելու է և՛ երկկողմանի հարաբերություններին, և՛ տնտեսությանը, որոշողը Թեհրանն է: Այս պահին Հայաստան-Իրան հարաբերություններում ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում, քան ռիսկեր և մարտահրավերներ: Վստահ եմ, որ Հայաստանի կողմից առաջարկություններ արվել են, ամեն ինչ կախված է Իրանից»:
Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/135502
