Սա է անհերքելի իրողությունը, որ նույնքան առարկայական է, որքան՝ քառասունչորսօրյա պատերազմը, պարտությունը, ԼՂ սուբյեկտության կորուստը, նրա հայ բնակչության էթնիկ զտումը:
Վահրամ Աթանեսյան
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում քանի՞ փաստաթուղթ է ստորագրվել, որի տակ կա հայկական եւ ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի ստորագրություն: Թվարկեմ հիշողությամբ.
-Ժելեզնովոդսկի կոմյունիկե
Այն նախատեսում էր ԼՂ վերաբերյալ ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող կողմերի ընդունած որոշումների փոխադարձաբար չեղարկում եւ 1988 թվականի դրությամբ իրավա-քաղաքական ստատուս-քվոյի վերականգնում: Ադրբեջանի կողմից ստորագրել է նախագահ Մութալիբովը, Հայաստանի կողմից՝ նախագահ Տեր-Պետրոսյանը: Կոմյունիկեն ստորագրել են նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Ելցինը եւ Նազարբաեւը: Փաստաթղթում նշված է, որ կոմյունիկեի մշակմանը ներկա են գտնվել Լեոնարդ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վագիֆ Ջաֆարովը եւ Սամսոն Ոսկանյանը: Առաջին երեքը ճանաչվել են որպես ԼՂ, վերջինը՝ Շահումյանի շրջանի բնակչության ներկայացուցիչներ:
-Բիշքեկի արձանագրություն
Քաղաքական համաձայնություն է, որով կողմերը կոչ են անում ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնել ռազմական գործողությունները, հաստատել հրադադար, որպեսզի Ռուսաստանի բացառիկ միջնորդությամբ ի կատար ածվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի պահանջները: Հայկական կողմից այն ստորագրել են ՀՀ ԳԽ նախագահ Արարքցյանը եւ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Բաբուրյանը: Բիշքեկում Ադրբեջանը ներկայացրել է ԳԽ նախագահի տեղակալ Ջալիլովը, որ հրաժարվել է ստորագրել արձանագրությունը: Այն մոտ մեկ շաբաթ հետո Հեյդար Ալիեւի ուղղակի ցուցումով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովի ներկայությամբ ստորագրել է ԳԽ նախագահ Գուլիեւը:
-Հրադադարի համաձայնագիր
Փաստաթուղթն ստորագրվել է կողմերի պաշտպանության նախարարների եւ ԼՂՀ ՊԲ հրամանատարի մակարդակով, բայց՝ առանձին-առանձին: Այն ընդամենը ֆիքսում է հրադադարի հաստատման օրը եւ ժամը:
Տասնչորս տարվա ընդմիջումից հետո, 2008 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի վկայությամբ ստորագրել են «Մայենդորֆյան հռչակագիրը»: Այն հավաստում է Հարավային Կովկասում կայունություն եւ համագործակցություն հաստատելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմերի պատրաստակամությունը, սահմանում, որ կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումների եւ այլ փաստաթղթերի հիման վրա: Կողմերը հանձնարարում են արտաքին գործերի նախարարներին, որ շարունակեն կարգավորման սկզբունքների համաձայնեցման բանակցությունները:
Հաջորդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, առայժմ վերջինը՝ Վաշինգտոնում նախաստորագրված Համաձայնագիրը եւ Փաշինյան-Ալիեւ Հռչակագիրը, որ ստորագրվել է ԱՄՆ նախագահի վկայությամբ:
Առ այդ, թող որեւէ ՄԵԿ-ը քառասունչորսօրյա պատերազմից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի ու ԼՂ ներկայացուցիչների միջեւ ստորագրված մի իրավական ուժ ունեցող փաստաթուղթ վկայակոչի, որտեղ Ադրբեջանը
-ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ միավորումը Հայաստանին, կամ գոնե ազատ ինքնորոշման իրավունքը
-հրաժարվել է Նախիջեւանի հետ ուղիղ եւ անխոչընդոտ ցամաքային կապի «իրավունքից»
-հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջ չունի:
Նման փաստաթուղթ գոյություն չունի:
Համանախագահները, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից եւ, անշուշտ, իրենց շահերից, կարող էին եւ ներկայացրել են կարգավորման մի քանի առաջարկություններ, բայց կարգավորումն այն է, երբ առաջարկությանը համաձայնում են հակամարտության բոլոր կողմերը:
Սա է անհերքելի իրողությունը, որ նույնքան առարկայական է, որքան՝ քառասունչորսօրյա պատերազմը, պարտությունը, ԼՂ սուբյեկտության կորուստը, նրա հայ բնակչության էթնիկ զտումը:
Եւ եթե մարդիկ այսօր անգամ լռեն, փաստերը, միեւնույն է, վաղը խոսելու են:
