Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ակնհայտ էր, որ նախագահի ֆավորիտ թեկնածու դիտվող Արայիկ Հարությունյանի շուրջ չկա ներքին համախմբվածություն, եւ նա ոչ միայն Բակո Սահակյանի, այլեւ Հայաստանի իշխանությունների նախընտրած իրավահաջորդը չէ:

Վահրամ Աթանեսյան

Մաս 62-րդ

Արցախի չորրորդ նախագահի ընտրություններն արժանի են շատ լուրջ եւ համակողմանի ուսումնասիրության: Դրանք աննախադեպ էին առաջին հերթին ներքին, տասնամյակներով ձեւավորված ավանդույթի խախտմամբ: Նախկինում, իհարկե, մրցակցայնության տպավորություն ստեղծելու համար իշխանության ֆավորիտի հետ մրցապայքարին թույլ էր տրվում մասնակցել մրցակիցների, բայց քվեարկությունը միայն վավերացնում էր այն, ինչում գրեթե բոլորը համոզված էին: Բացառություն էր 2012 թվականը, երբ Բակո Սահակյանի մրցակից գեներալ Վիտալի Բալասանյանը քվեարկության մասնակիցների «կողմ» ձայների ավելի քան  30 տոկոսը ստացավ, բայց դա ավելի շատ «կազմակերպված խաղի», քան թե իրական մրցակցության արդյունք էր: 

Նախագահական չորրորդ ընտրություններում առաջադրվեց, գրանցվեց եւ քարոզարշավին մասնակցեց մեկ տասնյակից ավելի թեկնածու: Ընդ որում, նրանցից Մասիս Մայիլյանը գործող արտգործնախարար էր, Աշոտ Ղուլյանը՝ խորհրդարանի նախագահ, Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավար, Տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Վիտալի Բալասանյանը՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար: 

Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, այս անգամ նախագահի թեկնածու էր առաջադրել նաեւ ՀՅԴ Արցախի կառույցը՝ ի դեմս ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի: Ակնհայտ էր, որ նախագահի ֆավորիտ թեկնածու դիտվող Արայիկ Հարությունյանի շուրջ չկա ներքին համախմբվածություն, եւ նա ոչ միայն Բակո Սահակյանի, այլեւ Հայաստանի իշխանությունների նախընտրած իրավահաջորդը չէ: Այդ փուլում Ստեփանակերտի իրազեկ շրջանակներից տեղեկություն տարածվեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի թեւը հակված է աջակցելու Մասիս Մայիլյանին, մյուսը՝ Արայիկ Հարությունյանին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հստակ որոշում չունի»: 

Հայաստանի ընդդիմության «միասնական թեկնածուն», ինչպես նույն աղբյուրներն էին տարածում, գեներալ Վիտալի Բալասանյանն էր: Քարոզարշավի փուլում Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում հաճախակի էին արձանագրվում  Հայաստանի նախկին իշխանությունների բավական ներկայանալի դեմքեր: Կար կայուն տպավորություն, որ Վիտալի Բալասանյանին «աջակցում են նաեւ մոսկովյան որոշակի շրջանակներ»: 

Ի սկզբանե պարզ էր, որ ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի, թեեւ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության եւ ԱԺ պատգամավորական խմբակցության որոշ ներկայացուցիչներ վստահաբար պնդում էին, որ նա կստանա «կողմ» քվեների «տպավորիչ մեծամասնություն», իսկ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը խորհրդարանում «կձեւավորի քաղաքական անհրաժեշտ հենարանը»: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *