Եթե նույն ԵՄ-ից խոսենք, ապա Եվրոպական միությունում շատ պետություններ չունեն սահման ոչ մի թշնամի երկրի հետ, բայց նրանց ծախսերը, միևնույն է, ընթացքի մեջ են, ու եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Իսպանիան կամ Ֆրանսիան որևէ ռազմական ծախս չպետք է ունենար։
Լեոնիդ Ներսիսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը
– Պարո՛ն Ներսիսյան, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ՀՀ պաշտպանության ոլորտի բյուջեն ավելացնելու կարիք չկա՝ նշելով արդեն առկա խաղաղության մասին: Ձեր գնահատմամբ՝ նման որոշումը, եթե այն ի վերջո կայացվի, արդարացվա՞ծ է լինելու:
– Կարծում եմ, որ ուղիղ կապ չպետք է լինի այդ երկու գործոնի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ու ռազմական բյուջեի միջև մի քանի պատճառով. այո՛, պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել, դրական ազդեցություն ունեն պատերազմի ռիսկերի նվազեցման տեսանկյունից, գոնե առաջիկա շրջանում: Եթե դիտարկենք, ապա այդ պայմանավորվածությունները լրջորեն նվազեցրել են պատերազմի ռիսկը, բայց, միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ ռազմական պլանավորումը շատ երկարատև բան է, իսկ մենք գտնվում ենք արագ փոփոխվող աշխարհում՝ շատ բարձր ռիսկերով, ու այդ ռիսկերն անպայման չէ, որ միայն Ադրբեջանի հետ կապված լինեն:
Մենք բավականին դժվար տարածաշրջանում ենք ապրում, ու ոչ մեկը չգիտի, թե 5 կամ 7 տարի հետո մեր տարածաշրջանում ի՛նչ է լինելու: Մեր հարևան պետությունների ներքին խնդիրների հետ կապված որոշակի ռիսկեր կան, օրինակ՝ եթե մեր հարևան պետություններում Սիրիայում տեղի ունեցողի նման գործընթացներ լինեն, ապա դա նաև ռազմական ռիսկեր կներկայացնի, ներքին բախումները ևս պակաս ռիսկեր չեն:
Բացի դա՝ մենք պետք է ունենանք ռազմական բալանս, որը հնարավորություն կտա՝ գրեթե երաշխավորված, պաշտպանվելու գոնե մեր երկու հարևանից, որոնք մեր չափսերի մոտ են: Գոնե սա ունենալն ուրիշ օգուտներ էլ է բերում, որովհետև եթե մեր տարածաշրջանում կամ աշխարհում մեծ փոփոխություններ լինեն ու էլի ինչ-որ նոր բանակցություններ, ապա եթե դու ուժեղի դիրքից բանակցես, դա ավելի բարենպաստ կլինի քեզ համար:
Այս տրամաբանությունից ելնելով՝ ռազմական բյուջեի հետ կապված, ես կարող եմ ասել, որ երևի բյուջեում դժվար այդքան գումար լինի, որ անցած տարվա նման միանգամից նման աճ կարողանան ապահովել, պետք է հասկանալ, որ ամեն ինչ միայն ուզելով չէ, նաև գումար պետք է լինի դրա համար, բայց կարելի է ռազմական բյուջեն ավելացնել այնքան, որքան տնտեսությունն է աճել, օրինակ՝ 5 տոկոսով:
Ամենավատ դեպքում այն պետք է աճի այնքան, որքան ինֆլյացիա է եղել այդ տարվա ընթացքում, Հայաստանի պարագայում հաջորդ տարի դա երևի 3–4 տոկոսի չափով է լինելու: Այս փուլում բյուջեի կրճատումը շատ վնաս կարող է հասցնել այն գործընթացներին, որոնք սկսվել են բանակում, նկատի ունեմ բարեփոխումները, ռազմական տեխնիկայի ձեռքբերումը:
Որքանով ես եմ նկատում, հիմա խոսվում է բյուջեն չմեծացնելու կամ ավելի սահմանափակ քանակով մեծացնելու մասին, չմեծացնել, թողնել նույն գումարը՝ 1,7 միլիարդ դոլարը, որն ունենք այս տարի, ապա դա ևս ինչ-որ իմաստով նշանակում է կրճատում, իսկ դա սխալ կլինի, առնվազն պետք է մնա օբյեկտիվ նույն չափը, որը կլինի պլյուս 3–4 տոկոս մյուս տարվա ընթացքում:
– Այսինքն՝ անկախ հարևանների հետ ունեցած հարաբերություններից, պետք է մշտապես պատրա՞ստ լինել ռազմական տեսանկյունից:
– Այո՛, որովհետև այսօր, եթե նույն ԵՄ-ից խոսենք, ապա Եվրոպական միությունում շատ պետություններ չունեն սահման ոչ մի թշնամի երկրի հետ, բայց նրանց ծախսերը, միևնույն է, ընթացքի մեջ են, ու եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Իսպանիան կամ Ֆրանսիան որևէ ռազմական ծախս չպետք է ունենար:
– Պարո՛ն Ներսիսյան, չնայած այն փաստարկին, որ հայկական կողմն է բերում՝ խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ, նույն Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է իր ռազմական բյուջեն: Ձեր գնահատմամբ՝ դա արվում է Հայաստանի դեմ հնարավոր հարձակմա՞ն նպատակով, թե՞ Ադրբեջանը ելնում է այն տրամաբանությունից, որ պետք է մշտապես պատրաստ լինել պատերազմի:
– Օբյեկտիվորեն մենք դեռ չգիտենք հաջորդ տարվա նրանց բյուջեն, դեռ չի եղել հայտարարություն՝ ինչ են անելու, շատ հետաքրքիր կլինի դա տեսնել: Նաև իրենց ներկայացրած թվից հետո պետք է Հայաստանը որոշում կայացնի, որովհետև կարևոր է հարևանների հետ ռազմական բալանս ունենալ, հատկապես նրանց հետ, որոնց հետ դա ռեալ է:
Պարզ է, որ չենք կարող հասնել Թուրքիայի հետ ռազմական բալանսի, բայց Ադրբեջանի հետ պետք է տեսնել, թե ինչ են իրենք որոշում: Մինչև այս տարի նրանք չէին էլ թաքցնում, որ նաև Հայաստանի դեմ պատերազմելու համար են դա անում, հաջորդ տարվա համար արդեն կտեսնենք, թե ինչ թվեր կլինեն, բայց այդ թվերը լինելու են բարձր, հաստատ մյուս տարի 3 անգամ չեն կրճատելու ռազմական բյուջեն:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/305040/
