ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կտրիճ Հարված Եկեղեցու Վերնախավին

Ցանկացած մեկը, որ ունի իր ազատ կամքը, ենթակա է հալածանքների։ Ինքը հաղթել է իր վախին և հաղթանակ է համարում այսօր այստեղ խոսելը։ Քահանայի խոսքով՝ շատերը կան, որ ճնշված են, բայց վախենում են խոսել, որովհետև ամեն առիթով իրենց սպառնում են, որ եկեղեցու դուրս կհանեն, կարգալույծ կանեն, կփիլոնազրկեն։ 

Տեր Արամ

Մեր Խոսքը՝

Պետրոս Ղազարյանը զրուցել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյանի հետ։ Հարցազրույցը բավական մտահոգիչ է, քանի որ քահանայի կողմից այնպիսի բաներ բարձրաձայնվեցին, որ խայտառակություն կարող է համարվել եկեղեցու համար։ Անշուշտ ցանկացած կազմակերպություն, լինի եկեղեցի, կուսակցություն կամ այլ բան, ենթակա է սխալ կառավարման վտանգի կամ ներքին այլ խնդիրների, բայց հաշվի առնելով, որ եկեղեցին ոչ թե պետական կամ ոչ պետական առևտրային կառույց է, այլ ժողովրդի հոգևոր անվտանգության պատասխանատուն, ժողովրդին դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսն առաջնորդող կառույցը և եկեղեցականներն էլ ըստ էության մարդուն հոգևոր փրկության տանող մարտիկներն են, ապա բնական է, որ եկեղեցուց և՛ սպասելիքներն են անչափ շատ, և՛ եկեղեցու բարոյական նկարագիրն է դեպի կատարելության ձգտող։ Բայց տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից նկարագրվածն ավելի շատ հիշեցնում է ոստիկանական ինչ որ կառույց։ Եթե քահանայի ասածն ամբողջովին սուտ է, ապա եկեղեցու առաջնորդները պիտի հասկանան իրենց հանցավոր անփությունը, որ նման մարդը քահան է օծվել ու նրան ժողովուրդ է վստահվել, իսկ եթե քահանայի ասածները թեկուզ կիսով չափ ճշմարիտ լինեն, ապա դա նշանակում է միայն մի բան․ եկեղեցին այլասերվել է։ Եկեղեցին վաղուց դարձել է կողմնապահ, վաճառաշահ ու շնորհավաճառ մի կառույց, որի մտահոգությունը վաղույց այլևս ոչ թե ժողովուրդն է, այլ իր հրամայողի ու պատվիրատուի շահերի պաշտպանությունը։ Եթե քահանայի ասածները ճշմարիտ են, ապա եկեղեցին ոչ թե պետք է, այլ րոպե առաջ է պետք փրկել այն ներսից քանդողներից ու մեր թշնամիների բերանը լեզու դնողներից։ Եկեղեցին պիտի փոխվի եւ հարցը միայն վերանխավի փոփոխությունը չէ, այլ հայեցակարգային խորության անհրաժեշտությությունը։ Եկեղեցին պետք է լինի ինքնուրույն ու ոչ քաղաքական, եկեղեցին պետք է ժողովրդի մեջ համերաշխություն սեր ու հավատ քարոզի ոչ թե դառնա քաղաքական խաղերի մասնակից

Մեր Ուղին

Հարցարզրույցի կարճ նկարագրությունը՝

Տեր Արամ Քահանա Ասատրյանն իր խոսքում նշեց, որ ինքը արդեն մի քանի տարի է, ինչ լռել է, ոչինչ չի ասել, բայց հիմա արդեն համբերելու տեղը չէ, քանի որ խնդիրները շատ են խորացել։ Քահանան պատմեց, թե ինչպես են իրեն ստիպել Երևանում բնակվելու ժամանակ մասնակցել ընդդիմության կողմից կազմակերպվող ցույցերին, ինչպես են իրենց բոլորի սոցիալական էջերը խիստ հսկողության տակ, ինչպես են ամեն բանի համար բացատրագիր գրել տալիս ու թե ինչ այլ ճնշումների են ենթարկվում շատ հոգևորականներ, որոնք, սակայն, վախենում են խոսել։

Քահանան նշեց, որ ինքը հանդիպել է կաթողիկոսի հետ, վերջինս ասել է, որ թեմի առաջնորդը դյուրաբորբոք է ու կարող է երբեմն սխալ պահել իրեն, բայց իր տպավորությունն այն է, որ ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լինի ու թեմի առաջնորդը անում է այն, ինչ անում է։ Անգամ այն բանից հետո, երբ կաթողիկոսն իրեն ասել է, որ գնա ներողություն խնդրի թեմի առաջնորդից, ինքը կատարել է դա, բայց իրեն այդքանից հետո ասել են․ դու գնա, մենք կորոշենք, թե ինչ պատիժ է քեզ հասնում։  Քահանայի խոսքերով ճնշումները հատկապես ուժեղացել են այն բանից հետո, երբ մի անգամ իրեն Փաշինյանի ընտանիքը հրավիրել է տնօրհնեքի։ Իրեն նախ ասել են մի գնա, հետո ասել են լավ գնա ու ինքը հետո մանրամասնությամբ պատմել է, թե ինչ է կատարվել տնօրհնեքի ժամանակ։ Իսկ այն բանից հետո երբ Աննա Հակոբյանը 42 կնոջ հետ այցելել է Հովհաննավանք ու իրեն խնդրել են պատմել վանքի պատմությունը, ապա դրանից հետո իրեն ստիպել են նորից բացատրագիր գրել, իրեն չեն հավատացել ու թեմի առաջնորդը նշել է, որ եթե Տեր Արամը եթե նույնիսկ Աստվածաշնչի վրա երդվի, ապա իրեն չեն հավատալու։ Այդ դեպքում ինքն էլ ի՞նչ է անում եկեղեցում, տարակուսում է Տեր Արամը, թող հենց հիմա իրեն կարգալույծ անեն։ Քահանայի խոսքով, մի անգամ էլ երբ տուն է վերադարձել, բակում նկատել է մի քանի երիտասարդների, ովքեր սպասում էին իրեն՝ վնասելու նպատակով։ Նա գոհություն հայտնեց Տիրոջը, որ շենքի բնակիչների շնորհիվ հնարավոր է եղել նրանց ստիպել, որ գնան այդտեղից, բայց նրանք նաև նայել են իր տան ուսամուտներից ներս, նկարել են իր երիտասարդ կնոջը, ով վախեցել ու զանգահարել է իրեն։

Քահանան նաև ասաց, որ իրեն ու շատ այլ հոգևորականների(որոնց անունները չցանկացավ նշել հավանաբար վերջիններիս խնդրանքով ու անվտանգության նկատառումներից ելնելով․ Մեր Ուղին) անընդհատ սպառնում են Եկեղեցուց վտարել, փիլոնազրկել ու այդ ամենը զուտ այն պատճառով, որ իրենք սեփական կամքն ունեն։ Ցանկացած մեկը, որ ունի իր ազատ կամքը, ենթակա է հալածանքների։ Ինքը հաղթել է իր վախին և հաղթանակ է համարում այսօր այստեղ խոսելը։ Քահանայի խոսքով՝ շատերը կան, որ ճնշված են, բայց վախենում են խոսել, որովհետև ամեն առիթով իրենց սպառնում են, որ եկեղեցու դուրս կհանեն, կարգալույծ կանեն, կփիլոնազրկեն։ 

Տեր Արամի խոսքերով իրեն այնպիսի անիմաստ բաների մեջ են մեղադրել ու սպառնացել, որ իմաստը չի հասկանում։ Իրեն ստիպել են բացատրագիր գրել, թե ինչու է Աստվածաշունչը տվել փոքրիկ աղջկան, ինչու է կնունքի ժամանակ անվերջ լացող երեխային կնքելու համար այդ ամենը խաղի ձևով իրականացրել։ Քահանան դառնությամբ նշեց, որ եթե Մարիամ Մագդաղենացին մեր օրերում Հիսուսի գլուխը վարդայուղով օծեր և իր մազերով Տիրոջ ոտքերը սրբեր, ապա, հավանաբար թեմի առաջնորդը Մագդաղենացուն ևս ստիպելու էր բացատրագիր գրել։

Տեր Արամի խոսքերով Եկեղեցում սերը պակասել է, լույսը թուլացել։ Ինքը որպես հոգևորական չի ցանկանում և չի կարող որևէ մի խմբի քաղաքական շահերը պաշտպանել։ Դա ճիշտ չէ ու դա Եկեղեցու գործը չէ։ Եկեղեցու գործը մարդուն դեպի փրկություն առաջնորդելն է, ոչ թե նզովելը, որ այսօր դարձել է սովորական, եկեղեցին մարդուն առ Աստված է դարձնում, եկեղեցին սեր է, ու ներողամտություն, անսահման ներողամտություն, անպիսի, որ նույնիսկ թշնամուն օրհնեն ու այդ սիրով նրան սխալ ճանապարհից հետ դարձնեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/live/HKrFXkiBwt0?si=SNwhVc7BOpIjZEvU

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *