Ուրիշ բան, որ Սարկոզին ասենք 85 մլն դոլար պարտքի դիմաց օրինակ Անգլիային հանձներ Ֆրանսիայի խոշորագույն հինգ օբյեկտներ, Ֆրանսիայի էլ․ցանցերը տար անգլիացիներին, աճեցներ օլիգարխիկ մի ամբողջ համակարգ, իր օրոք տեղի ունենային փոխնախարարների սպանություններ, Խորհրդարանի գնդակահարություն, լրատվամիջոցներ փակում, նրա օրոք կոռուպցիան հասներ ցնցող մակարդակի ու հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի լքեին երկիրը և այլն։
Մեր Ուղին
Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի նախկին նախագահը (2007–2012 թթ.), վերջերս մի քանի հիմնական դատական գործերով է դատապարտվել, որոնցից ամենավերջինը և ամենահետաքրքրաշարժը կապված է լիբիական ֆինանսավորման հետ:
Սարկոզին մեղադրվում էր 2007 թ. նախագահական ընտրությունների իր քարոզարշավը ֆինանսավորելու համար ապօրինի միջոցներ օգտագործելու մեջ, որոնք, ըստ մեղադրանքի, ստացվել էին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ռեժիմից: Մասնավորապես, նրան մեղադրել են քրեական դավադրության մեջ 2005–2007 թվականներին, երբ նա դեռ ներքին գործերի նախարար էր: Մեղադրանքի համաձայն՝ Սարկոզին պայմանագիր էր կնքել Քադաֆիի հետ, որտեղ խոստանում էր Լիբիայի միջազգային հեղինակության վերականգնում (օրինակ՝ Քադաֆիի հարազատի, Աբդալլահ Սենուսիի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք)՝ ստանալու մոտ 50 միլիոնեվրո գումարներ: Այս գումարները, ըստ վկայությունների, տեղափոխվել են Փարիզ suitcase-ներով կամ լիբիական լրտեսական ցանցի միջոցով: Քրեական դավադրությունը վերաբերում էր այն բանին, որ Սարկոզին թույլ էր տվել իր օգնականներին(օրինակ՝ Զիադ Թակիեդինին) կապ հաստատել լիբիացիների հետ՝ ֆինանսավորում ստանալու համար, թեև դատարանը չհաստատեց, որ գումարները հասել են հենց քարոզարշավին: Դատարանը որոշեց, որ Սարկոզին կարևոր դեր է խաղացել դավադրության մեջ։ Սարկոզին բոլոր մեղադրանքները հերքել էր դատարանում՝ անվանելով դրանք «սկանդալային արդարադատություն» և հայտարարելով, որ «քնելու է բանտում, բայց գլուխը բարձր»: Նա բողոքարկել է դատավճիռը: Այսպես թե այնպես, Սարկոզին դատապարտվել է 5 տարվա բանտարկության, 100 հազար եվրո տուգանքի ու 5 տարով էլ զրկվել է հանրային ընտրովի պաշտոն զբաղեցնել։
Մեր լեզվով ասած, Սարկոզիին նստեցնում են խարդախությունների համար, խարդախությունների, որով նա իր ընտրություններն է հեշտացրել, ինչ որ բաներ ոչ օրինական ձևով արել։ Ու տրամաբանական է, որ նրա նկատմամբ նման պատիժ է կիրառվել, ի վերջո դրանք շատ ծանր բաներ են։ Ուրիշ բան, եթե Սարկոզիի թիկնապահները Փարիզի սրճարաններից որևէ մեկում ծեծելով մարդ սպանեին․ «Բոնժուղ Նիկոլա» արտահայտության համար, ուրիշ բան, եթե Սարկոզին Ֆրանսիայի նախագահ դառնար որպես աղքատ մարդ ու տասը տարի հետո իր ընտանիքը դոլարային միլիարդատեր լիներ, ուրիշ բան, որ Սարկոզին ասենք 85 մլն դոլար պարտքի դիմաց օրինակ Անգլիային հանձներ Ֆրանսիայի խոշորագույն հինգ օբյեկտներ, Ֆրանսիայի էլ․ցանցերը տար անգլիացիներին, աճեցներ օլիգարխիկ մի ամբողջ համակարգ, իր օրոք տեղի ունենային փոխնախարարների սպանություններ, Խորհրդարանի գնդակահարություն, լրատվամիջոցների փակում, նրա օրոք կոռուպցիան հասներ ցնցող մակարդակի ու հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի լքեին երկիրը և այլն։ Բնական է, որ նման դատարկ բաների համար Սարկոզին չէր դատապարտվի ու կշարունակեր քաղաքականությամբ զբազվել ու կարող էր նաև այնպիսի հետաքրքրաշարժ մտքեր արտահայտել, որ գուցե արժե Ֆրանսիան դառնա Անգլիայի մի մասը։
Օրինակ Հայաստանում շատ են գնահատում։ Դա երևում է նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է քաղաքական գործունեությունը ու ոչ մի օրենք ու արդարադատություն չի կարող նրան որևէ բան ասել։ Իհարկե չի կարող։ Ու ինչպե՞ս է ստացվում, որ Սարկոզիին, նաև Ժակ Շիրակին(նախկին նախագահ) դատապարտում են ու ոչ մի ֆրանսիացի չի ասում, որ «հիմա անգլիացիները նայում ուրախանում են», բայց Հայստանում ոչ մի նախկին այդպես էլ «չնստեց»։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ Ֆրանսիայում թքած ունեն հեղինակությունների վրա ու պատրաստ են բանտ նստեցնել, խայտառակ անել, եթե նա օրենք է խախտում, բայց Հայաստանում ոչ մի «նախկին» այդպես էլ չդատապարտվեց ոչ մի բանի համար։ Սա Քոչարյանի ֆենոմե՞նն է, թե Հայաստանի երկու ոտքից կաղ արդարադատությունը։ Թե ուղղակի Սարկոզին է թուլամորթի մեկը։
Քոչարյանը հո Սարկոզի չէ։ Նա Քոչարյանն է, իսկ սա էլ Ֆրանսիան չէ, Հայաստանն է։
Իսկ ի՞նչ կանեին Քոչարյանին Ֆրանսիայում։
