Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Պատերազմի անհուսալիության մասին պարզ դարձավ մի քանի օր անց, երբ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը կոչով դիմեց արցախցիներին եւ տեղեկացրեց, որ «իբրեւ շարքային զինվոր» մեկնում է ռազմաճակատի առաջնագիծ: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 71-րդ

Արցախում ռազմական գործողությունների առաջին օրվա մասին տեղական հեռուստատեսությամբ հանդես եկավ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: Նա զինվորական հագուստով էր: Բաբայանը տեղեկացրեց, որ Պաշտպանության բանակն ունի զոհեր եւ վիրավորներ, բայց կոնկրետ տվյալներ չնշեց: Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրեց, որ պատերազմի մասին հանրությունը տեղեկացվելու է: Դա սակայն, նրա առաջին եւ վերջին հեռուստաելույթն էր: Այդուհետեւ ռազմաճակատում իրավիճակի մասին հաղորդագրություններ հայտնում էր Պաշտպանության բանակի լիազորված ներկայացուցիչը: 

Ինչո՞վ էր պայմանավորված Բաբայանին պատերազմի ընթացքի մասին հանրությանը տեղեկացնելու հավաստիացումը եւ ինչու՞ նա այնուհետեւ այդ հնարավորությունը չունեցավ, երեւի պայմանավորված էր նրա քաղաքական հայացքներով: Ակնհայտ դարձավ, որ նա ռազմական գործողությունների ծրագրմանը, առհասարակ պատերազմ վարելու որոշումների ընդունմանը ներգրավված չէ: 

Պատերազմի անհուսալիության մասին պարզ դարձավ մի քանի օր անց, երբ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը կոչով դիմեց արցախցիներին եւ տեղեկացրեց, որ «իբրեւ շարքային զինվոր» մեկնում է ռազմաճակատի առաջնագիծ: Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ թշնամին գրավել է ոչ միայն Թալիշը, այլեւ Մատաղիսը: Արդյոք Արայիկ Հարությունյանը գտնվե՞լ է ռազմաճակատի հենց այդ հատվածում՝ պաշտոնապես չի հաղորդվել եւ հետագայում չի հաստատվել: Ականատեսները, սակայն, վկայում են, որ նա փոքրաթիվ աջակիցների հետ գտնվել է Մատաղիս-Տոնաշեն հատվածում, որտեղ հաջողվել է կանխել թշնամու դեպի Սարսանգի հիդրոհանգույց առաջխաղացումը եւ կանոնավորել 7-րդ պաշտպանական շրջանի դիրքերի պահպանումը: 

Հետագայում Արայիկ Հարությունյանը բացահայտել է, որ այդ օրը հատուկ նշանակության զորաջոկատն իր հրամանը չի կատարել: Ավելի ուշ, արդեն պատերազմից հետո ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, հակադարձելով նրան, հայտարարել է, որ պատերազմի «սխալներից մեկն էլ այն էր, որ Արայիկ Հարությունյանը զորքին մարտական խնդիր է առաջադրել»: 

Թե ինչու՞ Արցախի նախագահը, որ իր երկրի սահմանադրությամբ նրա տարածքային ամբողջականության երաշխավորն է, չէր կարող զորքին մարտական խնդիր առաջադրել, այսինքն՝ պատերազմին մասնակցություն ունենալ որպես պատասխանատու եւ իրավազոր պաշտոնյա, Մովսես Հակոբյանը չի մանրամասնել: Բայց ինքնին արտառոց է, որ Արցախի նախագահը պատերազմին կարող էր մասնակցել միայն որպես շարքային զինվոր: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *