«Հայրենիքի» խմբագրականը, տարաբախտաբար, այդ սահմանը հատել է՝ Հայաստանի դեմ օգտագործելով Բաքվի քարոզչությունը եւ այն ճանաչել արժանահավատ, իսկ հայրենի երկրի վարչապետի մեկնաբանությունները՝ «ստահոդ»:
Նախկին Դաշնակցական
«Հ․Հ․ «ազգընտիր» վարչապետը յամառօրէն կը պնդէ, թէ «Զանգեզուրի միջանցք» գոյութիւն չունի եւ պիտի չունենայ: Դժբախտ իրականութիւնը ճիշդ հակառակն է. անուանակոչման ազերիական բառամթերքը կը կրկնուի ու վերստին կը հաստատուի, Պաքուէն տարածուող լուսանկարներ եւ ժապաւէններ ցոյց կու տան, որ «միջանցք»-ին պատրաստութեան աշխատանքները ընթացքի մէջ են»,- կարդում ենք ՀՅԴ «Հայրենիք» պաշտոնաթերթի առ հոկտեմբեր 2 խմբագրականում:
Վստահաբար կարելի է արձանագրել, որ սույն գրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ վերջին մի քանի տասնամյակներին Հայաստանի նախկին իշխանությունների եւ Սփյուռքի որոշ հաճոյակատար շրջանակների ջանքերով աղետալի փոխակերպումների ենթարկված տեսակի դամբանականն է: Քանզի իշխանության մտահոգ քննադատության, Սյունիքում հաղորդակցության վերաբերյալ պատասխանի սպասող հարցեր բարձրացնելու փոխարեն վկայակոչեն Բաքվի տարածած լուսանկարները եւ տեսաժապավանները՝ նշանակում է հրապարակավ խոստովանել, որ Դաշնակցության փոխակերպված տեսակը բացահայտում է իր ծագումնաբանությունը եւ թուրք-ադրբեջանական քարոզչության պորտալարային երկրորդը լինելու ստորաքարշ գոյությունը:
Անցյալին ՀՅԴ-ն Հայաստանի իշխանությունների կողմից քննադատվել է թե խորհրդային տասնամյակների ընթացքում, թե ՀՀՇ վարչակազմի օրոք, քննադատվում է նաեւ ՔՊ կուսակցության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Բայց Հայաստանի նույնիսկ կոմունիստ վարիչները երբեք թույլ չեն տվել Դաշնակցության հասցեին գործածել թուրք-ադրբեջանական քարոզչության բառապաշարը: Հայաստանի ոչ մի ղեկավար Դաշնակցության վերաբերյալ չի օգտագործել թուրք-ադրբեջանցիների կողմից նրան բնութագրող «տեռորիստ» որակումը: Նրանք քննադատել են ՀՅԴ օրվա կեցվածքը, բայց՝ ոչ հայ ազգային կուսակցություն Դաշնակցությանը:
«Հայրենիքի» խմբագրականը, տարաբախտաբար, այդ սահմանը հատել է՝ Հայաստանի դեմ օգտագործելով Բաքվի քարոզչությունը եւ այն ճանաչել արժանահավատ, իսկ հայրենի երկրի վարչապետի մեկնաբանությունները՝ «ստահոդ»: Առ այդ, յուրաքանչյուր հավատավոր դաշնակցականի պարտքն է «ողորմաթաս խմել» արմենռուստամյանների եւ լիլիթգալստյանների կոմսոմոլական ղեկավարության զոհը դարձած ՀՅԴ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների «հոգեհացին» եւ նույն պահին ձեռնամուխ լինել ռոստոմների, զավարյանների Դաշնկացության վերածնության սուրբ գործին՝ հանուն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի:
Նախկին Դաշնակցական
Մեր Ուղին-ի խմբագրական կազմը վերոնշյալ գրառումը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ։
