Հայաստան

Հանուն Իշխանության Վաճառել Երկիրը

Իրենք համոզված են, որ կան արտաքին ուժեր, որոնք կարող են իշխանությունը մի օր տալ իրենց: Եթե իշխանությունը գնա պատերազմի, նրանք խոսելու են խաղաղության մասին, քանի որ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, նրանք խոսում են խաղաղության չլինելու մասին, պատերազմի նշանակության մասին և այն մասին, որ սա իրական խաղաղություն չէ։

Ռոբերտ Ղևոնդյան

«ԱԺ-ի ընդունած հայտարարությունը մի մասն է Հայաստանի կողմից Ադրբեջանի սադրանքներին և խաղաղության գործընթացին խոչընդոտելուն ի պատասխան: Մենք տեսնում ենք, որ Ալիևը, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հիշատակելով, փորձում է խոչընդոտներ ստեղծել վաշինգտոնյան համաձանությունների իրականացման ճանապարհին և նույնիսկ Հայաստանին մեղադրում է նրանում, ինչ իրենք են ցանկանում անել: Հայաստանն էլ փորձում է դրան ի պատասխան հիմնավորել և միջազգային հանրությանը ցույց տալ, որ հետևողական է վաշինգտոնյան համաձայնություններն իրականացնելու ճանապարհին և խաղաղության գործընթացն արագ ավարտին հասցնելուն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Նշենք, որ ԱԺ-ն 64 կողմ ձայնով ընդունեց«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությյան նախագիծը, ինչին ընդդիմությունը չմասնակցեց:

Ղևոնդյանը կարևորեց Հայաստանի օրենսդիր իշխանության հետևողականությունը, ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը՝ նա նշեց. «Մենք գիտենք, որ ընդդիմությունը փորձում է ամեն կերպ խոչընդոտել իշխանության վարած քաղաքականությանը բոլոր ոլորտներում և սա էլ շատ կարևոր ուղղություն է, որտեղ ընդդիմությունը նպատակ ունի ցույց տալ իշխանության գործողությունների ոչ կոմպետենտությունը և դրա հաշվին փորձել միավորներ հավաքել»:

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունների հաջողությունն ընդդիմության շահերից չի բխում. «Ընդդիմությունն աշխատում է՝ ինչ իշխանությունն ասում է՝ վատ է սկզբունքով: Ունենք հարաբերական խաղաղություն և բացարձակ խաղաղության հասնելու հնարավորություն, որը պետք է օգտագործել, ինչի մասին խոսում է նաև Փաշինյանը, որ խաղաղությունը փխրուն է, այն պետք է խնամել, և հենց այդ հոգատարությունն ի վերջո բերելու է բացարձակ խաղաղության, բայց միևնույնն է բոլոր դեպքերում ընդդիմությունն իշխանության գործողությունները փնովելու է և հակառակն է հայտարարելու»:

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ արմատական ընդդիմության գլխավոր նպատակն իշխանություն ստանալն է. «Իրենք համոզված են, որ կան արտաքին ուժեր, որոնք կարող են իշխանությունը մի օր տալ իրենց: Եթե իշխանությունը գնա պատերազմի, նրանք խոսելու են խաղաղության մասին, քանի որ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, նրանք խոսում են խաղաղության չլինելու մասին, պատերազմի նշանակության մասին և այն մասին, որ սա իրական խաղաղություն չէ»: 

Ղևոնդյանը նշեց, որ ընդդիմության այն հատվածը, որը նսեմացնում է խաղաղությունը, գաղափարապես ցանկություն էլ չունի խաղաղություն կամ պատերազմ դիլեմայի մեջ մտնել, նրանց համար կարևորն իշխանություն-ընդդիմություն դիլեման է. «Ընդդիմության մի հատվածն իշխանության գալու համար պատրաստ է նույնիսկ Հայաստանի պետականությունը կորցնել, սա վերաբերում է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին և նրա հետևորդներին, նրանց վերջին շրջանում հարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանց համար գլխավորը Ռուսաստանի շահն է: Կա նաև արմատական ընդդիմության մի այլ հատված, որը ՀՀ պետականությունն այնուամենայնիվ գնահատում է, բայց նույն տրամաբանության մեջ է, փորձում է իշխանության գալ ՌԴ-ի միջոցով»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ օգտոստոսի 8-ից հետո ՔՊ-ի վարկանիշի որոշակի ամրապնդում է տեղի ունեցել. «Եթե մինչև օգոստոսի 8-ը մենք խոսում էինք այն մասին, որ ՔՊ-ն միանշանակ առաջին տեղում կլինի ընտրությունների ժամանակ, բայց քիչ է հավանական, որ կկարողանան 51 տոկոսը հաղթահարել և իշխանություն կազմել, ապա օգոստոսի 8-ից հետո այդ 51 տոկոսը հաղթահարելու որոշակի հավանականություն ավելացել է: Ժողովուրդը խաղաղության մոտենալը որոշակի առումով զգում է, 1 տարի 7 ամիս է սահմանին զոհ չկա, բայց կոնկրետ խաղաղության լինելը դեռևս չեն զգում, որովհետև խաղաղությունը լինում է, երբ սկսում են խաղաղ աշխատանք իրականացնել, դա կարող է ներառել թե՛ շինարարությունը, թե՛ առևտուրը, թե՛ սահմանների բաց լինելը: Օրինակ, երբ Հայաստանն Ադրբեջանից գնի գազ, դա կլինի ակնհայտ խաղաղության զգացում բերող գործողություն: Այս քայլերը միտված են դեպի նման խաղաղություն»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/138351

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *