ՄԵՐ ՈՒՂԻՆ

Լեւոն Զուրաբյանը Կամ Չգիտի, Կամ Միտումնավոր Խեղաթյուրում Է Պատմությունը

Բանն այն  է, որ 1989 օգոստոսի 16-ին Ստեփանակերտում գումարվել է ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, որի ընդունած որոշման կետերից մեկով պահնաջվում էր… լուծարել Հատուկ կառավարման կոմիտեն։

Վահրամ Աթանեսյան

ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախ ինձ «նիկոլական քարոզիչ» է անվանել,- հետաքրքիր է, թե ժամանակին ինչ էր անում ինքը Նիկոլ Փաշինյանի հետ նախ հրապարակներում, ապա՝ ԱԺ նույն խմբակցությունում,- հետո վերագրում արել, թե իբր ասել եմ, որ Ադրբեջանի հետ պատերազմ հրահրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հեղինակելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը:

Իրականում ես ասել եմ հետեւյալը. «Եթե «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը պատերազմի առիթ է, ապա այն ձեւակերպված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, որի հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: 

Անհերքելի իրողության դեմ ոչինչ չունենալով՝ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ այդ որոշման հեղինակը «Ղարաբաղ» կոմիտեն է, այսինքն հաստատում է իմ ասածը, բայց նույն տեղում էլ պատասխանատվությունը բարդում խորհրդային Հայաստանի իշխանություննների վրա, իբր «Ղարաբաղ» կոմիտեն նրա ընդունած որոշման համար պատասխանատու չէ:

Փաստացի նա ընդունում է, որ այդ որոշումը ժամանակավրեպ մի բան էր, հակառակ դեպքում դափնիներից չէր հրաժարվի: Բայց դա դեռ ոչինչ: Լեւոն Զուրաբյանը փորձում է համոզել, որ այդ որոշումն ընդունվել է, քանի որ Մոսկվան լուծարել էր ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն եւ Արցախը վերաենթարկեցրել Ադրբեջանին:

Այստեղ Լեւոն Զուրաբյանը կամ բացահայտում է չիմացությունը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի ենթակայությունից դուրս չի բերվել, քանի որ ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրում պարզ ասված է, որ հատուկ կառավարում է մտցվում Ադր. ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, կամ պարզապես նենգափոխում է պատմությունը:

Բանն այն  է, որ 1989 օգոստոսի 16-ին Ստեփանակերտում գումարվել է ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, որի ընդունած որոշման կետերից մեկով պահնաջվում էր… լուծարել Հատուկ կառավարման կոմիտեն:

Ֆորմալ առումով 1989թ. նոյեմբերի  28-ին ԽՍՀՄ ԳԽ-ն, լուծարելով ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն, կատարել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի պահանջը:

Իսկ թե ինչու՞ նախ Ադրբեջանի ժողովրդական ճակատը, ապա եւ՝  Գերագույն խորհուրդն ու նրանց հետ համախոհ՝ ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը պահանջում էին լուծարել ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն,  թող Լեւոն Զուրաբյանը պատասխանի. Ինչ էլ լինի, նա չի կարող ժխտել, որ ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը հրավիրվել է  «Միացում» շարժման պահանջով, իսկ վերջինս ՀՀՇ-ի ստեփանակերտյան թեւն էր: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *