2023 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների փուլում Ալիեւը գիտական, քաղաքական եւ հանրային շրջանակներին առաջարկել է «ներկայացնել նոր Ադրբեջանի» իրենց պատկերացումները: Գաղափարը հետագա հրապարակային ընթացք չի ունեցել, բայց Հաջիեւի ձեւակերպումից կարելի է եզրակացնել, որ քննարկումներ ծավալվում են:
Վահրամ Աթանեսյան
Ընդամենը տասը օրում միջազգային երեք գագաթաժողովի Իլհամ Ալիեւի մասնակցությունը վկայում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության «բազմամակարդակության եւ բազմատարածաշրջանայնության բնույթի մասին»: Սոցիալական X հարթակում գրել է արտաքին քաղաքականության հարցերով Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը: Նա մանրամասնել է, որ հոկտեմբերի առաջին տասնաօրյակի ընթացքում Ալիեւը մասնակցել է Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության, Թուրքական պետությունների կազմակերպության եւ ԱՊՀ գագաթաժողովին: Հաջիեւի գնահատմամբ, դա պայմանավորված է Ադրբեջանի «աշխարհաքաղաքական մի քանի ինքնությամբ»:
Տասնամյակներ շարունակ Ալիեւը միջազգային ամենատարբեր հարթակներից Ադրբեջանը ներկայացրել է որպես «բազմամշակութային եւ բազմադավան եւ քաղաքակրթությունների համերաշխության» երկիր: Ընդ որում, այդ քարոզչությունը զգալի դեր է խաղացել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում՝ հօգուտ Ադրբեջանի: Ի՞նչ է ներկայումս կանխածրագրում Ալիեւը, եթե արտաքին քաղաքական հարցերով նրա օգնականն Ադրբեջանն անվանում է «աշխարհաքաղաքական մի քանի ինքնության» երկիր:
2023 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների փուլում Ալիեւը գիտական, քաղաքական եւ հանրային շրջանակներին առաջարկել է «ներկայացնել նոր Ադրբեջանի» իրենց պատկերացումները: Գաղափարը հետագա հրապարակային ընթացք չի ունեցել, բայց Հաջիեւի ձեւակերպումից կարելի է եզրակացնել, որ քննարկումներ ծավալվում են: Ընդ որում, հասկացվում է, որ Ալիեւը փորձում է համատեղել թուրքական, հետխորհրդային եւ Եվրամիության գործընկեր երկրի «ախարհաքաղաքական ինքնությունը»:
Որքանո՞վ դա կհաջողվի նրան՝ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ապագայի համար կարող է սկզբունքային նշանակություն ունենալ: Հիքմեթ Հաջիեւի «քաղաքագիտական գյուտը» նրա երեւակայության արդյունք չէ:
