Իրանը, չնայած իր պրոքսիների ազդեցության նվազմանը, շարունակում է բանակցել Վաշինգտոնի հետ միջուկային օրակարգի շուրջ։ Նրա կարծիքով՝ եթե Վաշինգտոնը Իրանից պահանջում է զիջումներ միջուկային թեմայով, ապա դրա դիմաց Իրանը կստանա տնտեսական ապաշրջափակման երաշխիքներ և էներգետիկ ոլորտում նոր հնարավորություններ։
Շահան Գանտահարյան
1inTV-ն զրուցել է Լիբանաի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում զրուցել են Մերձավոր Արևելքի նոր քաղաքական գործընթացների մասին, որոնք ձևավորվում են Շարմ էլ Շեյխի գագաթաժողովի, Գազայի համաձայնագրի և Աբրահամյան դաշինքիվերակենդանացման համատեքստում։
Շահան Գանտահարյանը նշեց, որ արդեն կայացած համաձայնությունը մտել է կիրառական փուլ, քանի որ առաջին պատանդները ազատ են արձակվել։ Ըստ նրա՝ սա վկայում է որոշակի վճռականության մասին, հատկապես Միացյալ Նահանգների կողմից՝ արագացնել համաձայնության գործնական իրագործումը։ Գանտահարյանը ընդգծեց, որ Թրամփը մի քանի անգամ շեշտել է՝ գործընթացը միայն Գազային չի վերաբերում, այլ ամբողջ Մերձավոր Արևելքին, և Շարմ էլ Շեյխի այս ձևաչափով գագաթաժողովը փաստում է, որ տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզագրման փուլ է սկսվում։ Նա կարևորեց նաև Եգիպտոսի դերակատարությունը՝ որպես հրադադարի և խաղաղության երաշխիքների ամրապնդման նախաձեռնող։ Գանտահարյանը ենթադրեց, որ գագաթաժողովը կարող է ավարտվել հայտարարությամբ, որով տարբեր երկրներ կստանան խաղաղության երաշխավորի կարգավիճակ։
Խմբագիրը ընդգծեց, որ թեև Իսրայելը և Համասը անմիջապես ներկա չեն, Իրանի մասնակցությունը դարձել է առանցքային դիտարկում։ Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները հրավիրել էր Իրանին, սակայն Թեհրանը մերժել էր։ Միևնույն ժամանակ Գանտահարյանը համոզված է, որ Համասի համաձայնությունը չէր կայանա առանց Իրանի գիտության և համաձայնության։ Նրա խոսքով՝ Թեհրանը չի մասնակցում ֆորմալ ձևաչափով, բայց փաստացի ներգրավված է գործընթացի փուլային իրագործման մեջ և կարող է հետագայում դառնալ ուղիղ բանակցությունների մասնակից։
Շահան Գանտահարյանը նշեց, որ Թրամփի հայտարարությունը՝ խաղաղության գործընթացը Գազայով չսահմանափակելու մասին, ցույց է տալիս ԱՄՆ-ի ռազմավարությունը՝ ներգրավել Իրանը որպես կարևոր խաղացող։ Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորվում է՝ հաշվի առնելով պրոքսի պատերազմներում ունեցած կորուստները և տարածաշրջանում դիրքերի թուլացումը։ Նա հավելեց, որ առանց Թեհրանի հնարավոր չէ խոսել Մերձավոր Արևելքում կայունության մասին։
Գանտահարյանը մանրամասնեց, որ Իրանը, չնայած իր պրոքսիների ազդեցության նվազմանը, շարունակում է բանակցել Վաշինգտոնի հետ միջուկային օրակարգի շուրջ։ Նրա կարծիքով՝ եթե Վաշինգտոնը Իրանից պահանջում է զիջումներ միջուկային թեմայով, ապա դրա դիմաց Իրանը կստանա տնտեսական ապաշրջափակման երաշխիքներ և էներգետիկ ոլորտում նոր հնարավորություններ։ Նա հիշեցրեց, որ Թրամփը բազմիցս խոսել է Գազան «Ռիվիերայի» վերածելու մասին՝ որպես տնտեսական վերածննդի նախագիծ։ Գանտահարյանը ընդգծեց, որ տարածաշրջանում նկատվում են անցումներ անվտանգային ոլորտից դեպի տնտեսական հարթություն՝ Իրանի մասնակցությամբ։
Խմբագիրը հիշեցրեց նաև Լիբանանի օրինակը՝ ընդգծելով, որ Իրանի ազդեցությամբ գործող «Հեզբոլլահը» շարունակում է մնալ Լիբանանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից, թեև կորցրել է իր նախկին ռազմական հզորությունը։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը փորձում է հարթել խնդիրները՝ ստեղծելով դիվանագիտական հարաբերություններ արաբական պետությունների և Իսրայելի միջև, իսկ Իրանի հետ հիմնական հանգուցալուծումը դեռ առաջիկայում է։
Շահան Գանտահարյանը անդրադարձավ նաև Համասի ճակատագրին՝ ընդգծելով, որ նրա զինաթափումն անխուսափելի պահանջ է։ Նա հիշեցրեց, որ դա ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի 1701 բանաձևում, այնպես էլ ամերիկյան նախագծի տարբեր կետերում։ Գանտահարյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Իսրայելի ուժերի փուլային հեռացում և վերահսկող խորհրդի ստեղծում, որը, ըստ ամերիկյան կողմի, նախագահելու է Թրամփը։
Գանտահարյանը շեշտեց, որ համաձայնագրի քաղաքական ընթերցմամբ Գազան չի հանձնվում Իսրայելին, այլ դրվում է միջազգային ընտանիքի հսկողության տակ՝ ԱՄՆ-ի և Թրամփի անձնական ղեկավարությամբ։ Նա նկատեց, որ Աբրահամյան դաշինքի գաղափարը, որը ձևավորվել էր Թրամփի առաջին ժամկետում, նոր թափ է ստանում, և Շարմ էլ Շեյխի մասնակից պետությունները փաստացի հրավիրված են միանալու այդ նախաձեռնությանը։
Գանտահարյանը նշեց, որ Իսրայելի շահը այս գործընթացում անվտանգության ապահովումն է․Գազայի և հարակից տարածքների չեզոքացումըվերացնում է Իսրայելի գլխավոր սպառնալիքներից մեկը։Նա հավելեց, որ Իսրայելը անվտանգության գոտիներ է ստեղծում ոչ միայն Գազայի, այլև Լիբանանի և Սիրիայի ուղղություններով։
Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ գագաթնաժողովը լիովին ամերիկյան նախագիծ է՝ Թրամփի գործարքային դիվանագիտության շրջանակում։ Նա ընդգծեց, որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին Վաշինգտոնը պաշտոնապես հրավիրել է միանալու Աբրահամյան դաշինքին, ինչը բացատրում է նրանց ներկայությունը նման բարձր մակարդակի հանդիպմանը։
Գանտահարյանը եզրակացրեց, որ Հայաստանի մասնակցությունը ունի ոչ միայն խորհրդանշական, այլև ռազմավարական նշանակություն։ Նրա կարծիքով՝ այն հնարավորություն է տալիս Հայաստանին ամրապնդել իր սուբյեկտայնությունը, զարգացնել դիվանագիտական կապերը և ներգրավվել էներգետիկ ու տարածաշրջանային նախագծերում՝ միաժամանակ հեռանալով Ռուսաստանի ազդեցությունից։
Աղբյուրը՝
