Փաշինյանը, որը վերջին տարիներին հետևողականորեն առանձնացնում էր պետությունը եկեղեցուց, այժմ կարծես հասկացել է՝ ամբողջական տարանջատումը երբեմն ոչ թե ազատագրում է, այլ պառակտում։ Իսկ հասարակությունը, որը հոգնել է անվերջ հակադրություններից, այսօր ավելի շատ կարիք ունի հաշտեցման խորհրդանիշների, քան նոր վեճերի։
Մեր Ուղին
Երբ լռությունը դառնում է շատ աղմկոտ, առաջին հնչած բառը երբեմն կարող է փոխել ընթացքը։
Երեկ տեղի ունեցած հանդիպումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ի անունով Հայաստան ժամանած Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի միջև, հենց այդպիսի պահ էր։ Դա պարզապես գրքի հանձնման արարողություն չէր, ինչպես ներկայացվեց պաշտոնական հաղորդագրություններում։ Դա նշան էր, որ պետություն–եկեղեցի լարված հարաբերություններում բացվել է նոր հնարավորության պատուհան։
Հայաստանի պետական իշխանության և եկեղեցու հարաբերությունները վերջին տարիներին հաճախ աչքի են ընկել փոխադարձ անվստահությամբ։ Հոգևորականների դեմ հարուցված գործերը, իշխանական խոսույթի կոշտ երանգները, ինչպես նաև որոշ հոգևոր առաջնորդների քննադատական հայտարարությունները ձևավորել էին կարծր պատ, որը բաժանում էր երկու ինստիտուտները։ Եվ հենց այդ բարդ պահին է, որ Կիլիկիո կաթողիկոսությունը կատարում է անսպասելի քայլ՝ նախաձեռնելով շփում, ոչ թե հեռվից, այլ ուղիղ՝ վարչապետի մակարդակով։ Ընդ որում անում է շատ ավելի տեսանելի քայլ, քան Էջմիածինը։ Պետք չէ այս խոսքերն ընկալել որպես Արամ Ա-ի համար արվող քարոզ ընդդեմ Էջմիածնի ու Գարեգին Բ-ի։
Շահան Սարգիսյանի այցը, որքան էլ ներկայացվի որպես մշակութային առիթ, իրականում ունի քաղաքական և հոգեբանական նշանակություն․ այն փորձ է վերականգնելու խոսքի իրավունքը երկու կողմերի միջև։ Երբ կողմերը երկար լռում են, առաջին խոսքը միշտ դառնում է ամենաբարդը՝ և հենց դրանով էլ շատ արժեքավոր։ Պարզապես համարձակություն ու անկեղծություն է պետք ունենալ ու պատասխանատվության զգացում քո ժողովրդի ու նրա ապագայի հանդեպ։
Արամ Ա․-ն վաղուց է դուրս եկել զուտ եկեղեցական գործչի շրջանակներից։ Նրա երեք տասնամյակների գործունեությունը դարձրել է նրան համահայկական մտածողության խորհրդանիշ։ Վեհափառը երբեք չի խուսափել քաղաքական պատասխանատվությունից, բայց նաև չի վերածել հոգևոր խոսքը քաղաքական ճառի։
Այս նախաձեռնությամբ Արամ Ա․-ն կարծես հիշեցնում է իր դիվանագիտական փորձի առանցքային սկզբունքը՝ հաշտեցում առանց պարտության, երկխոսություն առանց զիջելու։Շահան Սարգիսյանը՝ որպես նրա վստահելի ներկայացուցիչ, խորհրդանշում է հենց այդ ուղղությունը։ Լեզվով՝ չափավոր, մտածողությամբ՝ խաղաղարար, բնույթով՝ միջնորդ։ Այս այցը, ըստ էության, ոչ թե բանակցություն էր, այլ՝ եկեղեցի-պետություն անդունդի կամուրջի կառուցման առաջին քար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը կարելի է բնութագրել որպես «զուսպ, բաց դրականություն»։ Պաշտոնական հաղորդագրությունում չկային ո՛չ ընդգծված գնահատականներ, ո՛չ էլ սառը մերժում։Դա քաղաքական լեզվի այն ձևն է, որը թողնում է դուռը բաց՝ առանց պարտավորության, բայց նաև առանց մերժման։
Փաշինյանը, որը վերջին տարիներին հետևողականորեն առանձնացնում էր պետությունը եկեղեցուց, այժմ կարծես հասկացել է՝ ամբողջական տարանջատումը երբեմն ոչ թե ազատագրում է, այլ պառակտում։ Իսկ հասարակությունը, որը հոգնել է անվերջ հակադրություններից, այսօր ավելի շատ կարիք ունի հաշտեցման խորհրդանիշների, քան նոր վեճերի։
Նոր ուղերձ՝ ամբողջ հայությանը
Արամ Ա․-ի քայլը զուտ պետական հարթության վրա չպետք է ընկալել։ Դա ուղերձ է՝ ամբողջ հայությանը, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այս հանդիպման միջոցով նա կարծես ասում է․մենք չենք կարող խոսել միասնական հայրենիքի մասին, եթե ներսում միմյանց չենք լսում։
Եկեղեցին ու պետությունը տարբեր համակարգեր են, բայց նույն ժողովրդի արտացոլանքն են։ Երբ մեկը կորցնում է իր բարոյական վստահությունը, մյուսը կորցնում է իր քաղաքական կայունությունը։Արամ Ա․-ի մոտեցումը առավելապես հիմնվել է դիվանագիտության վրա՝ ոչ թե լռության, այլ խոհեմության։ Նրա ձայնը այսօր հիշեցնում է այն, ինչ հաճախ մոռացվում է քաղաքական աղմուկի մեջ․ազգային համերաշխությունը չի կարող պարտադրվել վերևից, այն կառուցվում է խոսքի միջոցով։
Չի կարելի չնկատել նաև ներքաղաքական ենթատեքստը։ Կաթողիկոս Գարեգին Բ.-ի պաշտոնավարման շրջանը մոտենում է իր տրամաբանական ավարտին, իսկ Արամ Ա․-ի հեղինակությունն ու ազդեցությունը՝ թե ՛Հայաստանում, թե՛ Սփյուռքում, զգալիորեն աճել են։Նա այն հազվագյուտ հոգևոր առաջնորդներից է, ով ունի համահայկական ընկալում՝ ոչ միայն որպես եկեղեցական, այլ նաև որպես միավորող հեղինակություն։
Այս հանդիպումը, ըստ որոշ դիտարկումների, կարող է դառնալ ոչ միայն հաշտեցման, այլև եկեղեցական դաշտում նոր բալանսների ձևավորման ազդանշան։ Եթե այդպես է, ապա Կիլիկիո կաթողիկոսությունը կարող է վերածվել ոչ թե երկրորդ, այլ լրացնող կենտրոնի՝ իր միջնորդական բնույթով։ Շահան Սարգիսյանի այցը վարչապետին, ըստ էության, փոքր քայլ էր, բայց՝ պատմական իմաստով խորը։ Այն հիշեցնում է, որ պետականություն և հոգևորություն հակադրող երկխոսությունը կարող է ավարտվել, եթե կողմերը սկսեն ոչ թե պնդել իրենց ճշմարտությունը, այլ լսել մյուսի անհանգստությունը։Ի վերջո եկեղեցին ու պետությունը թշնամական բանակներ չեն, այլ նույն ծառի երկու ճյուղեր ու չի կարող մեկը ծաղկել, մյուսը՝ չորանալ։ Մեր հոգևոր ու պետական այրերը պիտի հասկանան, որ եկեղեցի-իշխանություն թշնամանքը, կամ նույնիսկ հակադրությունը նվեր է թշնամուն։ Հասարակ մարդն ինչպե՞ս ձգտի միասնության ու համերաշխության, ինչպես զիջող ու ներողամիտ լինի իր հայրենակցի նկատմամբ, եթե նա տեսնում է, որ իր հոգևոր ու քաղաքական առաջնորդները ոչ սառը դատողություն ունեն, ոչ էլ քրիստոնեական խոնարհություն։
Արամ Ա․-ի նախաձեռնությունը կարելի է տեսնել որպես քաղաքական հոգեբանության ու հոգևոր բարոյականության դաս․ երբ հասարակությունը բաժանված է, առաջին բուժումը պետք է լինի բարոյական՝ ոչ իրավական։
Հոկտեմբերի 16-ի այս հանդիպումը կմնա ոչ թե որպես արարողակարգային դրվագ, այլ որպես խոսքի վերադարձի օր։ Հուսանք, որ այս այցը անհետևանք չի մնա։ Եվ եթե այս գործընթացը շարունակություն ստանա, ապա այն կարող է դառնալ Հայաստանի նոր բարոյական շրջադարձը՝ պետության և եկեղեցու միջև՝ ոչ թե հակադրության, այլ գործընկերության հիման վրա։
Այս հանդիպումը ցույց տվեց, որ հայկական քաղաքական իրականության մեջ դեռ կան ուժեր, որոնք կարող են խոսել ոչ թե մեղադրանքով, այլ բարոյական հեղինակությամբ։ Արամ Ա․-ի այս քայլըև Փաշինյանի զուսպ կեցվածքը կարող են երկար լռությունից հետո առաջին անկեղծ խոսքը դառնալ։ Հանուն հայ ժողովրդի։ Արդեն պարզ է՝ պետություն–եկեղեցի հարաբերությունների ապագան այլևս չի որոշվելու լռությամբ։ Այն կձևավորվի խոսքի մեջ՝ այն պահին, երբ երկու կողմերն էլ ընդունեն, որ հաշտությունը ոչ թե թուլություն է, այլ ուժի նշան։
