Եկեղեցու քաղաքականացումը վաղուց հայտնի երևույթ է, սակայն այն ակնհայտորեն դրսևորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ կաթողիկոսը, նրա խոսքով, չհղեց մխիթարական ուղերձ հայ ժողովրդին, իսկ որոշ հոգևորականների խոսքում հնչեցին ընդդիմադիր նոտաներ։
Վահրամ Աթանեսյան
FreeNews-ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցի-իշխանություն հարաբերությունները և վերջին օրերի իրադարձությունները ու մեղադրանքներն առ այն, որ իշխանություն-եկեղեցի հարաբերություններում իշխանությունները հալածանքների քաղաքականություն են վարում, ինչպես նաև այն, որ եկեղեցին վերջին տարիներին քաղաքականացված է։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ երևույթը, իր գնահատմամբ, քաղաքական է, և որքանով նա հասկանում է, այն սկսվել է ամենայն հայոց կաթողիկոսի Բելառուս այցից։ Աթանեսյանի խոսքով՝ կաթողիկոսի ներկայությունը Մինսկում, որտեղ տեղի էր ունենում հայկական մատուռի բացման արարողությունը, ունեցել է ոչ այնքան եկեղեցական, որքան քաղաքական բնույթ։ Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանը նախապես հայտարարել էր՝ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Բելառուս չի մեկնի, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ պատճառով, ըստ Աթանեսյանի, կաթողիկոսի ուղևորությունը Մինսկ կարելի է դիտարկել որպես անարգանք Հայաստանի պետականության հանդեպ։ Նա հավելեց, որ կաթողիկոսը, հարգելով պետության ղեկավարի որոշումը, կարող էր այդ արարողությունը վստահել մեկ այլ թեմակալ առաջնորդի, ինչն ավելի բնական կլիներ։ Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ այդ քայլը եղել է քաղաքական ժեստ, և նման ժեստը չէր կարող անտեսվել իշխանության կողմից։ Նա նշեց, որ եկեղեցու և պետության հարաբերությունների սրումը չի սահմանափակվում մեկ դրվագով, այլ ունի խորքային պատճառներ։
Աթանեսյանը հիշեցրեց, որ եկեղեցու քաղաքականացումը վաղուց հայտնի երևույթ է, սակայն այն ակնհայտորեն դրսևորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ կաթողիկոսը, նրա խոսքով, չհղեց մխիթարական ուղերձ հայ ժողովրդին, իսկ որոշ հոգևորականների խոսքում հնչեցին ընդդիմադիր նոտաներ։ Նա ընդգծեց, որ եկեղեցու սպասավորների՝ քաղաքական գործունեության մեջ ներգրավվելը հակասում է Հայաստանի սահմանադրությանը, ըստ որի եկեղեցին անջատ է պետությունից։ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում հստակ գրված է՝ եկեղեցուն պետությունը չի պատվիրակում որևէ պետական գործառույթ։ Այսինքն՝ եկեղեցականները լիազորված չեն պետության անունից արտահայտվելու արտաքին կամ ներքին քաղաքական հարցերի շուրջ։ Նա ընդգծեց, որ հոգևոր քարոզը կարող է լինել տարբեր մեկնաբանությունների առիթ, սակայն այն չպետք է վերածվի քաղաքական հայտարարության։Աթանեսյանը ասաց, որ երբ հոգևորականը օգտագործում է նույն խոսույթը, ինչ ընդդիմադիր գործիչը, նրանց միջև տարբերությունը վերանում է։ Այդ պատճառով, ըստ նրա, հավատացյալները հիասթափվում են եկեղեցուց։
Նա անդրադարձավ նաև երկու նվիրապետական աթոռներից հնչած տարբեր ուղերձներին՝ մեկն ուղղված հոգևորականներին, մյուսը՝ վարչապետին։ Աթանեսյանի կարծիքով՝ Գարեգին երկրորդը փորձել է ոգեշնչել իր ենթականերին, մինչդեռ Արամ առաջինի ուղերձը ունեցել է աշխարհաքաղաքական նշանակություն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, լինելով Լիբանանում, գործնականում ներգրավված է մերձավոր արևելյան քաղաքականության դաշտում և ավելի քաղաքականացված դեմք է, քան Գարեգին երկրորդը։ Նա ընդգծեց, որ Արամ առաջինը շփումների մեջ է լինում Լիբանանի և արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ուստի նրա օրհնությունը Հայաստանի վարչապետին կարելի է դիտել որպես աջակցություն խաղաղության օրակարգին։Աթանեսյանը եզրակացրեց, որ այդ քայլը աշխարհաքաղաքական կարևոր ուղերձ է և ցույց է տալիս Կիլիկիո կաթողիկոսության աջակցությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացներին։
Նա նշեց, որ չի կարծում, թե Արամ առաջինը կփորձի միջամտել մյուս նվիրապետական աթոռի ներքին գործերին, սակայն չի բացառեց եռակողմ հանդիպման հնարավորությունը՝ կաթողիկոսների և վարչապետի մասնակցությամբ։ Վարչապետի կողմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցչի ընդունումը կարող է դիտվել որպես դիվանագիտական ժեստ, որը ցույց է տալիս վարչապետի պատրաստակամությունը երկխոսության։ Վարչապետը շարունակում է իրեն տեսնել որպես հայ եկեղեցու հետևորդ և ազգային հոգևոր կառույցի կողմնակից, սակայն դեմ է այն աստիճանահարկությանը, որը գոյություն ունի եկեղեցու ներսում։ Եկեղեցին ինքնուրույն չի քաղաքականացել, այլ քաղաքականացվել է՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի հեղինակազրկման հետևանքով։ Նրա խոսքով՝ երբ ընդդիմությունը կորցրել է ազդեցությունը, փորձ է արվել եկեղեցին դարձնել իշխանափոխության գործիք։Եկեղեցու և պետության նույնականացումը սխալ է. պատմականորեն դրանք երբեք նույն կառույցը չեն եղել։ Եկեղեցին, ըստ Աթանեսյանի, միշտ եղել է պետությանկցորդը, և այժմ փորձը՝ այն դարձնելու քաղաքական լծակ, պետք է համարել վտանգավոր և վիրավորական հենց եկեղեցու համար։
Վերջում Աթանեսյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի ներքին զարգացումներին՝ նշելով, որ Ռամիս Մեհթեևի գործը, ըստ իր վերլուծության, կապված է Բաքվի և Մոսկվայի փոխհարաբերությունների խորքային գործընթացների հետ։ Նա կարծիք հայտնեց, որ այս դեպքում գործ ունենք ոչ միայն Ալիևի անձնական վրեժխնդրության, այլ նաև Ռուսաստանի միջամտության հետ, որն իր շահերի շրջանակում կարող էր ազդել Ադրբեջանի ներսում իշխանական վերադասավորությունների վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
