Գերեվարվածներից մեկին մյուսից գերադասում են, յուրայինին հերոսացնում, ոչ յուրայինին՝ մատնում մոռացության: Ալիեւյան «դատավարությունը» նաեւ այդ անհամերաշխության վրա է կառուցված՝ այն խորացնելու, ներքին թշնամություն հրահրելու ակնհայտ միտումով:
Վահրամ Աթանեսյան
Բաքվում Ալիեւի կազմակերպած «դատավարությունը» բոլորիս վրա չափազանց ծանր ազդեցություն է թողնում: Անտանելի են տարածվող լուսանկարները, մոնտաժված տեսանյութերը: Ալիեւի ստորակարգ քինախնդրության են զոհ են մարդիկ, ում հետ տարիների ընթացքում այս կամ այն չափով շփվել ենք, գործընկեր եղել:
Երբ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որ Ադրբեջանը պահանջում է իր ձերբակալությունը, եւ ինքը կամավոր ուղեւորվում է Շուշի, որպեսզի հանձնվի, տողերիս հեղինակն ահազանգեց. «Բոլորս Դավիթ Բաբայան ենք» եւ կոչ արեց Արցախում երբեւէ քաղաքական ու պետական պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, որպեսզի դիմեն Իլհամ Ալիեւին եւ հայտարարեն, որ իրենք եւս «ադրբեջանական արդարադատությանն ընդդատյա են»: Նույն հորդոր-խնդրանքը հնչեցրել եմ եւս երկու անգամ եւ որեւէ արձագանքի չեմ արժանացել: Ոչ մի երաշխիք, իհարկե, չկար եւ չկա, որ նման դիմումը կազդի Իլհամ Ալիեւի վրա կամ իրավական հետեւանք կունենա: Բայց, համոզված եմ, դա միջազգային լայն արձագանք կգտներ: Այլապես ստացվում է, որ ովքեր Բաքվի բանտում են, «իրոք մեղավոր են, իսկ ով Հակարիի անցակետը հաղթահարել է՝ ոչ»:
Այսինքն, տեղեկատվա-քարոզչական առումով մենք Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչներին առանձնացնում ենք փրկվածներից: Սա չափազանց խոցելի վիճակի մեջ է դնում նրանց, թուլացնում նրանց պաշտպանությունը: Բոլորովին այլ իրավիճակ կլիներ, եթե առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի, բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորները, նախկին նախարարները, խորհրդարանի նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ եւ միջազգային հանրությանն ասեին, որ լիովին համերաշխվում են գերեվարված ռազմա-քաղաքական գործիչներին, պատրաստ են կիսել նրանց ճակատագիրը:
Երեւանում, ցավոք, այլ վերաբերմունք է իշխում: Գերեվարվածներից մեկին մյուսից գերադասում են, յուրայինին հերոսացնում, ոչ յուրայինին՝ մատնում մոռացության: Ալիեւյան «դատավարությունը» նաեւ այդ անհամերաշխության վրա է կառուցված՝ այն խորացնելու, ներքին թշնամություն հրահրելու ակնհայտ միտումով: Եթե կարողանանք բոլոր գերեվարվածներին նայել նույն աչքով, գնահատել նույն չափով, նրանց ամենամեծ աջակցությունը ցուցաբերած կլինենք: Կարո՞ղ ենք:
