Այդ փուլում ձեւավորվեց եւ տարածում գտավ քարոզչական կաղապար, որ Արայիկ Հարությունյանը «քաղաքական ուժերի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ եւ վարում է Արցախն Ադրբեջանի կազմում վերաինտեգրելու քաղաքականություն»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 79-րդ
2021թ. սեպտեմբերի 2‑ին Ստեփանակերտում նշվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Պաշտոնական արարողությունը, բնականաբար, համեստ էր: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները բացակայում էին: Նույն օրը, սակայն, «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցավ չափազանց արտառոց իրադարձություն. բացվեց ՀՅԴ Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ գործիչներ:
Արցախի գործող իշխանությունից մասնակցում էր արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Իր ելույթում նա բարձր է գնահատել Հայ դատի երկարամյա գործունեությունը, որ «ուղղված է Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ համահայկական նշանակության տարբեր հարցերի լուծմանը»: Բաբայանի գնահատմամբ, Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի գործունեությունը «կնպաստի Արցախի սուբյեկտայնության պահպանմանը եւ նրա միջազգային ճանաչմանը»: Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար նշանակվեց Գեորգի Պետրոսյանը: Ավելի վաղ նա Արցախի դաշնակցական կառույցը ներկայացրել էր ՀՅԴ Բյուրոյում:
Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացումը, արարողությանը գործող նախագահ Արայիկ Հարությունյանի բացակայությունը քաղաքական ազդակ էր, որ Արցախի իշխանական վերնախավի անմիասնականությունն արդեն բացահայտված իրողություն է: Ինչ վերաբերում է արտաքին ընկալմանը, ապա թե Ադրբեջանի, թե ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության համար պարզ պիտի լիներ, որ ՀՅԴ‑ն եւ նրա շուրջ համախմբված արցախյան մի քանի կուսակցություններ եւ անհատներ որդեգրել են Արցախի անկախ կարգավիճակից կես քայլ անգամ չնահանջելու ուղեգիծ:
Այդ փուլում ձեւավորվեց եւ տարածում գտավ քարոզչական կաղապար, որ Արայիկ Հարությունյանը «քաղաքական ուժերի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ եւ վարում է Արցախն Ադրբեջանի կազմում վերաինտեգրելու քաղաքականություն»: Հանրային շրջանակներում այդ խոսույթին գումարվում էր այն, որ «Արայիկը կատարում է Նիկոլի բոլոր հրահանգները»: Չափազանց մեծ է հավանականությունը, որ լուրերը տարածվում էին հենց Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատից, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որ Արցախի նախագահի եւ Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հանդիպումների մասին տեղեկացված էին ի պաշտոնե:
Ակնհայտ էր, որ Արցախի ուժային կառույցները գործում են Արայիկ Հարությունյանի ենթակայությունից դուրս կամ առնվազն ոչ լիովին էին ենթարկվում նրան:
(Շարունակելի)
