Հայաստան

Ինքնուրույն Մտածելու Հրամայականը

Ժողովրդավարությունը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի որակյալ ընտրող։ «Եթե հանրությունը գիտի, որ թեկնածուն կոռումպացված է, բայց նրան ձայն է տալիս, ապա դա նշանակում է՝ կոռուպցիան մեր մեջ է ընդունված մտածողություն։

Ռուբեն Բաբայան

1inTV-ն զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հասարակական մտածողությունը՝ մասնավորապես անկախության գաղափարն ու դրան ինքնուրույն հասնելու խնդրի սկզբունքային էությունը։

Ռուբեն Բաբայանը նշեց, որ Հայաստանում երբեք փորձ չի եղել տալ հիմնական և տրամաբանական պատասխան այն հարցին, թե ումից ենք մենք իրականում պահանջում արդարություն։ Նրա համոզմամբ՝ այդ պահանջը պետք է ուղղված լինի ոչ թե իշխանությանը, այլ իրավական մարմիններին, որովհետև եթե արդարության պահանջը ներկայացվում է իշխանությանը, ապա միշտ կա վտանգ, որ այն կիրականացվի ընտրովի՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։

Ռեժիսորն ընդգծեց, որ արդարադատությունը չպետք է որևէ ձևով առնչվի իշխանության հետ։ Եթե իշխանությունը ցանկանում է ունենալ անկախ իրավական համակարգ, ապա այն պետք է ապահովի այդ անկախությունը՝ առանց թելադրանքների կամ խոստումների։ «Պետք է լինի հասարակական պահանջ, որպեսզի իրավական համակարգը դառնա իսկապես անկախ, բայց ցավոք, այդ պահանջը հասարակության մեջ բացակայում է»,— ասաց նա։ Մեր հասարակության մտածողության մեջ դեռ պահպանվում է խորհրդային սովորույթը՝ ամեն հարցի պատասխանատվությունը վերագրել վերևներին՝ «կենտկոմի առաջին քարտուղարին», մինչդեռ յուրաքանչյուր համակարգ պետք է գործի ինքնուրույն։ Նրա խոսքով՝ իրավական համակարգի փոփոխությունները, ինչպես մյուս ոլորտներում, քաղաքական որոշումների արդյունք են, հետևաբար առանց քաղաքական կամքի՝ ոչ մի իրական բարեփոխում չի կարող լինել։

Նա հավելեց, որ անկախության առաջին քայլերից մեկը պետք է լիներ լյուստրացիան, որպեսզի նոր պետությունը դառնար իսկապես անկախ։ «Եթե բոլորը համաձայն են, որ դատական համակարգը նախկինում եղել է կախյալ, ապա նոր իշխանությունը պետք է սկսեր ստուգումներ, վերանայումներ, նոր կադրերի ներգրավում։ Երբ դա չի արվում, մենք ստանում ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր»,— նշեց նա։ Նույնիսկ այսօր որոշ դեպքերում նկատվում է ավելի մեծ անկախություն, բայց միևնույն ժամանակ դատական համակարգը հաճախ կախված է մնում ոչ թե իշխանությունից, այլ նախկին ազդեցություններից կամ ֆինանսական շահերից։ Նրա համոզմամբ՝ «հեծանիվ հնարելու» կարիք չկա, որովհետև բազմաթիվ երկրներ արդեն անցել են այս ճանապարհով։ Շատ դեպքերում մենք փորձում ենք «հին ձևի մեջ տեղավորել նոր բովանդակություն», և այդ հին ձևը կլանում է նոր գաղափարը։ Սա վերաբերում է ոչ միայն իրավական, այլև թատերական, կրթական և ռազմական համակարգերին։ Նա ընդգծեց՝ «ձևը որոշում է բովանդակությունը», և իսկական ռեֆորմը վերաբերում է ոչ թե մարդկանց փոխարինելուն, այլ հենց ձևի փոխմանը։

Նա օրինակ բերեց Ֆրանսիայից՝ նշելով, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց, իսկ գործող նախագահ Մակրոնը նրա հետ հանդիպեց՝ որպես նախկին նախագահի, ոչ թե մեղադրյալի։ «Ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինստիտուտները գործում են անկախ անձերից»,— նշեց Բաբայանը։ Ժողովրդավարությունը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի որակյալ ընտրող։ «Եթե հանրությունը գիտի, որ թեկնածուն կոռումպացված է, բայց նրան ձայն է տալիս, ապա դա նշանակում է՝ կոռուպցիան մեր մեջ է ընդունված մտածողություն»,— ասաց նա։ Նրա կարծիքով՝ քանի դեռ հանրությունը չի մերժում նման երևույթները, պետության ինքնիշխանությունը մշտապես կասկածի տակ կլինի։

Բաբայանը անդրադարձավ նաև հանրապետությունների դասակարգման խնդրին՝ ասելով, որ Սովետական Հայաստանի անվանումը որպես «երկրորդ հանրապետություն» սխալ է, որովհետև դա անկախ պետություն չէր։ «Եթե մենք նույն շարքում ենք դասում անկախ և օկուպացված պետական ձևերը, ապա նսեմացնում ենք անկախության արժեքը»,— նշեց նա։

Ռեժիսորը խոսեց նաև հայրենասիրության և ազգային արժեքների մասին՝ ասելով, որ «ազգային» հասկացությունը իր համար առաջին հերթին որակի հարց է։ «Անորակ բանը չի կարող համարվել ազգային։ Եթե միբան անորակ է՝ լինի երգ, ուտեստ կամ պետական համակարգ, ապա դրան ազգային անվանելը պարզապես նսեմացնում է ազգը»,— ասաց նա։Անկախության համար պայքարած մարդիկ երբեք չեն արժանացել պատշաճ գնահատանքի։ «Այդ մարդիկ կյանք են դրել, բանտերում են եղել, իսկ անկախությունից հետո նրանց անունը սկսեցին մոռանալ կամ ծաղրել։ Դա գաղափարի նկատմամբ արհամարհանք է»,— ընդգծեց նա։ Նա հավելեց, որ «եթե մենք անկախ պետություն չենք, ապա կարող ենք վիրավորել ում ուզենք, որովհետև մենք գաղութ ենք»։ Նրա խոսքերով՝ հայրենասիրությունը չի կարող սահմանափակվել հակաթուրքական ճառերով կամ արտաքին թշնամու մասին պաթոսով խոսքերով․«Դա գաղութային մտածողություն է»,— ասաց ռեժիսորը։Իսկական հայրենասիրությունը արտահայտվում է ոչ թե բարձրագոչ խոսքերով, այլ գործերով։ Նա հիշեցրեց Գյուլբենկյանի, Մանթաշյանի և Ալեք Մանուկյանի օրինակները՝ ասելով, որ հենց նրանք էին իսկական բարերարներ, մինչդեռ երբ մարդիկ սկսում են զբաղվել քաղաքականությամբ՝ նրանք դառնում են ոչ թե բարերար, այլ ներդնող։

Ռեժիսորը անդրադարձավ նաև «չորրորդ հանրապետության» գաղափարին՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է նոր սահմանադրությանը, ապա կարևոր են երկու հիմնական հարցեր․ իշխանության թևերի իրականմտարանջատումն ու պետական ինստիտուտների անկախացումը։ «Սա պետք է լինի ոչ թե գեղեցիկ խոսքերի մակարդակով, այլ իրական գործնական մակարդակով»,— եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *