Ովքեր հիշում են Հրանտ Դինքի եւ Պոլսո նախկին պատրիարք Արամ Աթեշյանի դեմ Հայաստանում ծավալված քարոզչությունը, լսելով Հուսիկ Արային, կհամոզվեն, որ Ստամբուլի հայ համայնքի հանդեպ վերաբերմունքի հարցում, ցավոք, մեզանում շատ քիչ բան է փոխվել կամ գրեթե ոչինչ չի փոխվել:
Վահրամ Աթանեսյան
Բանաստեղծ Հուսիկ Արան լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում ասել է, որ «Եկեղեցու դեմ պայքարը Հայաստանի թուրքացման պրոցեսի մաս է, Ստամբուլի հայ համայնք ենք դառնալու»: Թե որքանով է նա արդարացի Հայաստանում «Եկեղեցու դեմ պայքար» արձանագրելիս եւ դրանից «Հայաստանի թուրքացում» մակաբերելիս, թողնենք մի կողմ եւ ուշադրություն կենտրոնացնենք «Ստամբուլի հայ համայնք ենք դառնալու» մտահանգման վրա:
Եթե մենք «Ստամբուլի հայ համայնք ենք դառնալու Եկեղեցու դեմ պայքարի եւ Հայաստանի թուրքացման պրոցեսում», ապա հայ մտավորականի ասածից հասկացվում է, որ Ստամբուլի «հայկական համայնքն արդեն իսկ թուրքացած է»: Սա, երեւի, «լեզվի թռիչք» կամ «հուզական պոռթկում» չէ: Հայաստանում Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ վերապահ վերաբերմունք, իրոք, կա: Բայց մի բան է կենցաղային, իրականության չիմացությունից վերաբերմունքը, բոլորովին այլ, երբ նման չափազանց կանխակալ, Ստամբուլում ապրող եւ հանուն հայ ինքնության, լեզվի, Հայաստանի հետ հոգեւոր կապերի պահպանման ջանք չխնայող մտավորականության հասցեին վիրավորական գնահատական հնչեցնում է բանաստեղծը, ով վերջին մի քանի ամիսներին լիովին ասոցացվում է քաղաքական ընդդիմության հետ:
Այդ «խորթությունը» նոր չէ: Անցյալ դարասկզբին Վահան Տերյանը թույլ է տվել Թումանյանի մի տողը բարձր դասել պոլսահայ «հանկարծակի հեթանոսացածների» վաստակից, Շիրվանզադեն Դանիել Վարուժանին անվանել է «էրոտաման», բայց այդ դարաշրջանի Պոլիսն ավելի բարձր էր, քան՝ Թիֆլիսը, Երեւանի մասին չխոսած: Իսկ առհասարակ ցեղասպանությունից փրկված ստամբուլահայությունը պետք է արժանանա ոչ թե վերագրումների, վերապահ, կասկածամիտ վերաբերմունքի, այլ՝ ակնածանքի: Ի վերջո, Ստամբուլը հայ գրականությանը Մնձուրի է տվել, Զահրատ: Բոլորովին վերջերս կյանքին հրաժեշտ տվեց Ռոբեր Հատեճյանը, Ստամբուլի քաղաքակրթական ծնունդ է Հրանտ Դինքը: Մի՞թե «թուրքացած» են ստամբուլահայ գործիչներ Արա Գոչունյանը, Բագրատ Էստուկյանը, հայկական կրթարանների ուսուցիչները, բարեգործները, որոնց նվիրատվությունների շնորհիվ գործում են մշակութային, բարեխնամ , առողջապահական եւ այլ հաստատություններ: Ի վերջո, Ստամբուլում արդեն շուրջ վեց հարյուր տարի է, գործում է Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Ովքեր հիշում են Հրանտ Դինքի եւ Պոլսո նախկին պատրիարք Արամ Աթեշյանի դեմ Հայաստանում ծավալված քարոզչությունը, լսելով Հուսիկ Արային, կհամոզվեն, որ Ստամբուլի հայ համայնքի հանդեպ վերաբերմունքի հարցում, ցավոք, մեզանում շատ քիչ բան է փոխվել կամ գրեթե ոչինչ չի փոխվել: Եւ դրանում պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ Մայր աթոռը: Գործող եւ գալիք իշխանությունների համար այդ խնդրի լուծումը պետք է առաջնահերթություն լինի: Ստամբուլը պատմականորեն հայության համար գաղթօջախ չէ, հայկական ներկայությունն այնտեղ ավելի հին եւ արմատական է, քան՝ թուրքականը: Թուրքիայի իշխանությունները դա ճանաչում են: Իր հերթին Հայաստանը պետք է պոլսահայությունը ճանաչի որպես հայ-թուրքական կարգավորման արժանի եւ վստահելի դերակատար:
