Հայաստան

Խաղաղության Պայմանագիրն Ու Մոսկովյան Վտանգները

Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ հիբրիդային և տեղեկատվական պատերազմներն ուղղված կլինեն նաև Հայաստանին։  Հայաստանի քաղաքացիների մեծ մասը իրենց քվեն կտան Փաշինյանին և եվրոպամետ ուժերին ոչ այնքան այն պատճառով, որ ցանկանում են շարժվել որևէ ուղղությամբ, այլ որովհետև չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստանի ազդեցության տակ։ 

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության պայմանագրով ՀՀ առջև բացվող հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական որոշ խնդիրներ։

Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ այս փուլում Ֆրանսիա կատարած այցը հերթական արդյունավետ այցն էր՝ ընդգծելով, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայ-ֆրանսիական հարաբերությունները ստացել են զարգացման նոր թափ։ Նա ասաց, որ այցը առանձնացավ ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլև հայ-եվրոպական հարաբերությունների համատեքստում՝ դրսևորվելով Փաշինյանի մի շարք հանդիպումներով եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ Ղևոնդյանի կարծիքով՝ այս այցով Հայաստանի վարչապետը փաստացի Եվրոպայում, Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, բացահայտ ձևով խոսեց այն մասին, որ Հայաստանը ձգտում ունի անդամակցել Եվրամիությանը։

Նա ընդգծեց, որ նախկինում Փաշինյանը խոսում էր Եվրոպայի հետ հնարավորինս մոտ լինելու մասին, բայց այժմ նրա հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները հավատում են՝ Եվրամիությունը տեսանելի ապագայում կարող է իրատեսական համարել Հայաստանի անդամակցությունը։ Ղևոնդյանը նշեց, որ վարչապետի և արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները վկայում են, թե Հայաստանը պատրաստվում է հնարավորինս արագ՝ գուցե մինչև 2026 թվականը, ներկայացնել անդամակցության հայտ։ Նրա կարծիքով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանի ռազմավարական մոտեցումը որոշ չափով փոխվել է։Վարչապետը նախկինում նշել էր՝ նախ պետք է հասնել եվրոպական չափանիշների, ապա դիմել անդամակցության համար, սակայն այժմ կարծես ընթացքը հակառակ է՝ նախ դիմել, ապա այդ չափանիշները հասցնել պահանջվող մակարդակին։ Նա հավելեց, որ այս տարբերակը Հայաստանի համար կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ ստեղծում է հստակ պարտավորություններ և ճանապարհային քարտեզ։

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի խոսքում հնչած «Պարսից ծոցից մինչև Սև ծով» հաղորդուղիների ծրագիրը խաղաղության խաչմերուկի գաղափարի գործնական իրականացումն է։ Նա ասաց, որ սա հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով ճանապարհների բացման ծրագիր է, որն ակնհայտորեն Հայաստանին դարձնում է տարածաշրջանային խաչմերուկ։ Ղևոնդյանի կարծիքով՝ սա արդյունավետ և միջազգային հանրության կողմից լավ ընկալված ծրագիր է, և նույնիսկ Ադրբեջանը ցուցաբերում է հետաքրքրություն նմանատիպ նախագծերի նկատմամբ։Ծրագիրը կարող է իրար կապել Պարսից ծոցը, Սև ծովը, Կասպից և Միջերկրական ծովերը՝ ստեղծելով տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ թե՛ Հայաստանի, թե՛ հարևան երկրների համար։

Խոսելով առաջիկա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ղևոնդյանը նշեց, որ դրանք լինելու են ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրություն։ Նրա կարծիքով՝ Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ հիբրիդային և տեղեկատվական պատերազմներն ուղղված կլինեն նաև Հայաստանին։ Նա ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը իրենց քվեն կտան Փաշինյանին և եվրոպամետ ուժերին ոչ այնքան այն պատճառով, որ ցանկանում են շարժվել որևէ ուղղությամբ, այլ որովհետև չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստանի ազդեցության տակ։ Ռուսաստանի ազդեցությանը դեմ քաղաքացիների թիվը գերազանցում է 50 տոկոսը, ինչը նշանակում է, որ իշխող ուժը տեսականորեն հնարավորություն ունի ստանալ խորհրդարանական մեծամասնություն։ Նա հավելեց, որ ընդդիմադիր դաշտում հավանական է ռուսամետ ուժերի առաջացումը՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի հնարավոր քաղաքական նախագծի միջոցով, որտեղ կարող են ներգրավվել նաև Քոչարյանի դաշտի ուժեր։ Սակայն, ըստ նրա, այդ ուժերը չեն կարող հասնել խորհրդարանական մեծամասնության՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող տրամադրությունները։ Նոր ընտրական օրենսգրքով կուսակցությունների շեմը նվազեցվելու է մինչև 4 տոկոս, ինչը հնարավորություն կտա նաև փոքր, հակառուսական ուժերին մտնել խորհրդարան։ Ղևոնդյանը վստահեցրեց, որ դա թույլ չի տա ռուսամետ ուժերին ձևավորել կառավարություն։

Վերլուծելով ռուսական հնարավոր ազդեցությունները՝ նա ասաց, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի իր կողմից հովանավորվող ուժերի միջոցով վերահսկել քաղաքական դաշտը Հայաստանում։ Սակայն ընդգծեց, որ իշխանություն ամբողջությամբ վերցնելու Ռուսաստանի հնարավորությունները գրեթե զրոյական են՝ հաշվի առնելով Հայաստանի հասարակական տրամադրությունները։ Անդրադառնալով Գյումրիի սցենարի հնարավոր կրկնությանը՝ նա նշեց, որ համապետական ընտրությունները ունեն բոլորովին այլ տրամաբանություն, և Գյումրիի տեղական ընտրությունները չեն կարող լինել համապետական գործընթացների ցուցիչ։

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Ղևոնդյանը հիշեցրեց, որ Ալիևի հայտարարությունը՝ Երևան չայցելու մասին, իրականում պայմանավորված է խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախորդող փուլով։ Նա ասաց, որ հնարավոր է մինչև 2025 թվականի մայիսը խաղաղության պայմանագիր ստորագրվի, և դրանից հետո փոխվի նաև Ալիևի դիրքորոշումը։ Ղևոնդյանի կարծիքով՝ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են հարաբերական խաղաղության փուլում, սակայն դա դեռ չի նշանակում բացարձակ խաղաղություն, քանի որ սահմանը փակ է, և առևտրային հաղորդակցությունը չի իրականացվում։Առկա է հարաբերական, բայց ոչ ամբողջական խաղաղություն, և այդ տարբերությունը պետք է հստակ տարբերակվի։

Ամփոփելով՝ Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում ընթացքը շարունակական է, և թեև առանցքային բեկում տեղի չի ունեցել, գործընթացը բնականոն կերպով զարգանում է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը չի կարող դուրս մնալ այս եվրոպական ուղղությունից, քանի որ դա համընկնում է ինչպես ժողովրդի տրամադրությունների, այնպես էլ իշխանությունների ռազմավարական ընտրության հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *