Հայաստան

Ալիևին Խաղաղություն Են Ստիպում

Հանգիստ շրջանը Հայաստանի համար պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ պատերազմի հարվածներից ուշքի գալու և նոր որակի պետություն կառուցելու համար։ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը «թեժ» պահելու հարցում՝ այլ նարատիվներով, որովհետև դրա միջոցով պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում։

Արտաշես Խալաթյան

1inTV-ն զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի հետ։ Քննարկվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, որը պատասխան էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանցի փախստականների վերադարձի վտանգավոր օրակարգի վերաբերյալհնչեցրած մտքերին։ 

Արտաշես Խալաթյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանի՝Օրբելի ինստիտուտում ունեցած ելույթը կարելի է դիտարկել որպես ուղիղ պատասխան Ալիևի վերջին պատերազմական հռետորաբանությանը։ Նրա խոսքով՝ վարչապետը ճիշտ շեշտադրեց, որ փախստականների կամ ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգը վտանգավոր է, քանի որ նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ալիևը ցանկանում է պահպանել պատերազմի տրամաբանությունը, մինչդեռ Հայաստանը ձգտում է դրան վերջակետ դնել։ Նա ընդգծեց, որ պատրանքներ չպետք է ունենալ Ադրբեջանի նախագահի խաղաղասիրության վերաբերյալ, քանի որ Ալիևի իրական նպատակը Հայաստանի նկատմամբ էքսպանսիայի շարունակությունն է։

Խալաթյանը դիտարկեց, որ Ալիևի «խաղաղասիրությունը» պայմանավորված է ոչ թե իրական ցանկությամբ, այլ աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշման պատճառով։ Նրա խոսքով՝ այդ հանգիստ շրջանը Հայաստանի համար պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ պատերազմի հարվածներից ուշքի գալու և նոր որակի պետություն կառուցելու համար։Ռուսաստանը նույնպես շահագրգռված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը «թեժ» պահելու հարցում՝ այլ նարատիվներով, որովհետև դրա միջոցով պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Խալաթյանը կարծում է, որ Ալիևն ու Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը այս առումով բնական դաշնակիցներ են, սակայն նրանց ներկայիս ներուժը բավարար չէ այդ ծրագրերը իրականացնելուն։ Այնուամենայնիվ, նրանք հող են նախապատրաստում ապագա սադրանքների համար՝ այդ գաղափարները պահելով հանրային խոսույթում։ Խաղաղությունը սխալ քաղաքականություն չէ, պարզապես պետք է հասկանալ՝ այն նախ և առաջ մեզ է պետք՝ ուժեղանալու և կայունանալու համար։ Նրա համոզմամբ՝ այժմ եկել է ժամանակահատված, երբ պետք է Ադրբեջանին զսպել ավելի հստակ երաշխիքներով։

Նա նաև անդրադարձավ վարչապետ Փաշինյանի այն մտքին, որ կոնֆլիկտը քաղաքական առումով ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով՝ ոչ։ Խալաթյանի խոսքով՝ դա խորքային խնդիր է, որը չի կարելի «անջատիչով» լուծել։ Նա ընդգծեց, որ քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա՝ մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ պատմություն ստեղծող։ Ալիևը իրեն համարում է պատմություն ստեղծող՝ Ղարաբաղի էթնիկ զտումը ներկայացնելով որպես «պատմական հաղթանակ», մինչդեռ Փաշինյանը փորձում է պատմություն ստեղծել խաղաղության միջոցով՝ խաղաղությունը, այսպես ասած, «փաթաթելով Ալիևի վզին»։ Խաղաղությունը Հայաստանի համար միջոց է՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիական դիսբալանսը հաղթահարելու համար։ Ալիևը դրան համաձայն չէ, իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմական կայծերը պահպանվեն՝ անհրաժեշտ պահին նորից բորբոքելու համար։ Մենք գործ ունենք մարաթոնյան, սերունդների վրա տարածվող ռազմավարական պայքարի հետ։ Ադրբեջանի քաղաքականությունը ունի երկարաժամկետ ծրագրեր, որոնք նույնիսկ ապագա սերունդներին են փոխանցվում։

Ալիևը փորձում է վերականգնել «ուժի իրավունքը»՝ վերադառնալով նախաաշխարհամարտյան մտածողությանը, երբ գրավումը կարող էր համարվել լեգիտիմ իշխանության ձև։ Այդ առումով վարչապետ Փաշինյանը, ըստ Խալաթյանի, իրավացիորեն շեշտում է, որ պատմական տարածքի գաղափարը քաղաքական առումով անիմաստ է, քանի որ պետությունները մշտապես փոփոխվում են՝ կազմալուծվելով և վերաստեղծվելով տարբեր տարածքներում։ Ադրբեջանի տարածքը պատմականորեն Իրանի մաս է եղել, և նույնիսկ երկրի անունը՝ «Ադրբեջան», ընտրվել է հետագա տարածքային պահանջներ ներկայացնելու նպատակով։ Նա ավելացրեց, որ Ալիևն ինքը ազգությամբ քուրդ է, ինչը հեգնական երանգ է հաղորդում նրա ազգայնական հայտարարություններին։

Խալաթյանը պատմեց նաև մի դիվանագիտական դրվագ, ըստ որի՝ իրանցի դիվանագետը, լսելով հայերի և ադրբեջանցիների վեճը Արցախի պատկանելիության շուրջ, ասել է. «Եթե դուք չկարողանաք համաձայնության գալ, մենք կվերադառնանք, որովհետև Արցախը 1000 տարուց ավելի եղել է Իրանի մաս»։ Նման պատմական նարատիվների բացումը վտանգավոր է հենց Ալիևի համար, քանի որ կարող է բացել պանդորայի արկղը։ Խալաթյանը հիշեցրեց, որ Եվրոպայում խաղաղությունը կառուցվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վրա, որը պետք է պահպանել նաև Հարավային Կովկասում։

Վերջում Խալաթյանը եզրակացրեց, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մշակութային պատկանելությունը և քաղաքական պատկանելությունը չխառնվեն միմյանց։ Նրա խոսքով՝ պատմական նարատիվների վրա հիմնված պատերազմները դատապարտված են ավերակների վերածվելու, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։ Նա հավելեց, որ աշխարհի խոշոր կենտրոնները՝ ռացիոնալ և տնտեսական շահերից ելնելով, չեն պատրաստվում թույլ տալ տարածաշրջանի վերադարձը միջնադարյան մտածողությանը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *