Այս զարգացումները միաժամանակ ստեղծում են լուրջ ռիսկեր, քանի որ անհայտ է, թե գլոբալ առանցքային դերակատարների՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերություններում հնարավոր տարաձայնություններն ինչպես կազդեն Հայաստանի խաղաղության օրակարգի վրա։
Ստեփան Սաֆարյան
FreeNews Armenia‑ն զրուցել է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստանի անվտանգային միջավայրը և խաղաղության օրակարգի մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվում Երևանում անցկացված անվտանգության ֆորումին, որտեղ ներկայացվել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի աշխարհաքաղաքական հնարավորությունները, շեշտվում է ԱՄՆ‑ի և Եվրոպայի աճող դերակատարումը տարածաշրջանում, ինչը փոխում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը։
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Երևանում կայացած 15-րդ անվտանգության համաժողովը հոբելյանական էր, քանի որ ինստիտուտը նշում էր իր գործունեության 10-ամյակը։ Սաֆարյանը ընդգծեց, որ համաժողովի օրակարգը չէր կարող չազդվել անցած տարվա վերջում տեղի ունեցած խոշոր զարգացումներից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ֆորումից բառացիորեն ժամեր առաջ Վաշինգտոնում ստորագրվել էր կարևոր միջազգային փաստաթուղթ՝ կապված «Թրամփի երթուղու» հստակեցման հետ։
Համաժողովի մթնոլորտը առանձնահատուկ էր նաև մասնակիցների կազմով․ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես եկավ որպես գլխավոր բանախոս՝ հարթակը կիսելով Միացյալ Նահանգների և Եվրամիության դեսպանների հետ։ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին պատրաստակամության, ինչպես նաև բոլոր բանախոսներին՝ ներառյալ Անվտանգության խորհրդի քարտուղարին և Արտաքին հետախուզության ծառայության պետին, որոնք մասնակցել էին առանցքային պանելային քննարկումներին։
Սաֆարյանը դիտարկեց, որ ընտրված թեման պայմանավորված էր ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակում ընթացող իրարամերժ զարգացումներով։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները գտնվում են խորը մտահոգությունների փուլում՝ կապված ՆԱՏՕ‑ի ապագայի, եվրոպական մայրցամաքի անվտանգության և նույնիսկ Գրենլանդիայի շուրջ առաջացած հարցերի հետ։ Նա ընդգծեց, որ այդգլոբալ անորոշությունները կարող են անդրադառնալ նաև Հայաստանի վրա։
Միաժամանակ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ տարածաշրջանում նկատվում են որոշակի դրական միտումներ՝ խաղաղության ամրապնդման տեսանկյունից։ Նա հիշատակեց օգոստոսի 8‑ի Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի ստորագրումը, ինչպես նաև ապաշրջափակման առաջին գործնականւքայլերը, երբ բեռներ սկսեցին հասնել Հայաստան՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի տարածքով։
Սաֆարյանը նշեց, որ այս զարգացումները միաժամանակ ստեղծում են լուրջ ռիսկեր, քանի որ անհայտ է, թե գլոբալ առանցքային դերակատարների՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերություններում հնարավոր տարաձայնություններն ինչպես կազդեն Հայաստանի խաղաղության օրակարգի վրա։ Նրա խոսքով՝ հենց այդ հարցերի պարզաբանմանն էր նվիրված վարչապետի և դեսպանների մասնակցությամբ առաջին լիագումար քննարկումը։
Համաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետը շատ հստակ և համակարգված կերպով փարատեց առկա մտահոգությունները՝ վստահեցնելով, որ ԱՄՆ‑ի և Եվրամիության ներգրավվածության միջև հակասություններ չեն առաջանա, և եվրոպական մասնակցությունը շարունակում է կարևոր մնալ։ Սաֆարյանի խոսքով՝ հատկապես կարևոր էր այն շեշտադրումը, որ «Թրամփի երթուղին» սահմանափակված չէ միայն երկաթուղով, այլ ենթադրում է ամբողջական ենթակառուցվածքային գոտի՝ գազատարներով, ինտերնետային մալուխներով, ավտոմայրուղիներով։
Սաֆարյանը նշեց, որ վարչապետը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցվածքների խնդիրների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը կանգնած է խորքային վերափոխումների շեմին։ Նրա դիտարկմամբ՝ առաջարկվող մոդելը զրոյական գումարով խաղ չէ, այլ այնպիսի համակարգ, որտեղ բոլոր դերակատարները կարող են շահել։
Ստեփան Սաֆարյանը կարևորեց այն փաստը, որ ներկայացված համաձայնագրերը չեն խաթարում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա ընդգծեց, որ մաքսային և սահմանային ծառայությունների վերաբերյալ մտահոգությունները փարատվել են, և ստորագրված փաստաթղթերը չեն հակասում Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտոր ուղղվածությանը՝ եվրոպական, մերձավոր արևելյան, կենտրոնասիական և ռուսական ուղղություններով։
Խոսելով անվտանգային միջավայրի մասին՝ Սաֆարյանը նշեց, որ ներկայիս խաղաղությունը չի կարելի նույնացնել անցյալի խաղաղության մոդելների հետ։ Նրա խոսքով՝ սա այլ բաղադրիչներով հավաքված համակարգ է, որը պահանջում է նոր ընկալում և նոր մոտեցումներ։
Սաֆարյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ հանդես են գալիս որպես խոշոր ռազմավարական գործընկեր՝ առանց պահանջելու ենթակառուցվածքների սեփականացում։ Նա նշեց, որ սա պատմականորեն աննախադեպ մոտեցում է Հայաստանի համար, երբ ներդրումները կատարվում են կառուցապատման բացառիկ իրավունքների շրջանակում՝ ապագա սեփականությունը թողնելով Հայաստանին։
ԱՄՆ‑ի միջամտությամբ փոխվել են տարածաշրջանային հաղորդակցությունների տրամաբանությունները․ ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ միջին միջանցքները սկսել են դիտարկվել Հայաստանի մասնակցությամբ։ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանը առաջին անգամ դիտարկվում է որպես առանցքային հանգույց, այլ ոչ թե շրջանցվող տարածք։
Անդրադառնալով միջազգային համակարգին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Միացյալ Նահանգները փորձում են վերափոխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված գլոբալ անվտանգության կառույցները, այդ թվում՝ ՆԱՏՕ‑ն և ՄԱԿ‑ը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ‑ի անկարողությունը կանխել կոնֆլիկտները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, ցույց է տվելմիջազգային իրավունքի թուլացած դիրքը։
Սաֆարյանը կարծում է, որ «խաղաղության խորհուրդը» կարող է դիտարկվել որպես գործող համակարգերի այլընտրանք կամ վերաձևավորում, սակայն Միացյալ Նահանգները չեն հրաժարվում կանոնների վրա հիմնված աշխարհակարգից, այլ փորձում են ստանձնել ավելի բարձր, միջնորդային դեր։
Անդրադառնալով Իրանի ներքին զարգացումներին՝ նա նշեց, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները վկայում են համակարգային խորը ճգնաժամի մասին։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ Իրանի հասարակությունը արագ տրանսֆորմացվում է, և գործող քաղաքական-կրոնական մոդելը սպառել է իրեն՝ դառնալով լուրջ մարտահրավեր երկրի ղեկավարության համար։
Ստեփան Սաֆարյանը եզրափակեց՝ ընդգծելով, որ աշխարհը մտնում է խոր անորոշությունների փուլ, և Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ճիշտ ընկալել նոր խաղաղության ու անվտանգության մոդելները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
