Հայաստանի կողմից որևէ դատական որոշում չի բեկանվել, մինչդեռ այս դեպքում գործ ունենք Ալիևի կողմից իր իսկ դատարանի վճիռը չեղարկելու հետ։ Սա քաղաքական կարևոր գործիք է Հայաստանի ձեռքին՝ Սիրիայի հետ հարաբերությունների և այնտեղի հայ համայնքի անվտանգության հարցում։
Վահրամ Աթանեսյան
Civic News‑ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերները,անդրադարձ է կատարվել ադրբեջանական գերությունից չորս հայրենակիցների վերադարձին և դրա շուրջ ստեղծված շահարկումներին։Աթանեսյանը քննադատում է ընդդիմության այն թեզերը, թե այս գործընթացը նախընտրական քայլ է, և փաստում է, որ գերիների ազատ արձակումը վկայում է կարգավորման գործընթացի հնարավորության մասին։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ տարիներ շարունակ գերիների կամ բռնությամբ պահվող անձանց հայրենադարձության թեման Հայաստանի ներքաղաքական կյանքում օգտագործվել է որպես սուր քաղաքական գործիք։ Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունից հետո որոշ ուժեր սկսեցին քարոզչություն, թե իբր չորս անձանց վերադարձը Ադրբեջանի կողմից Հայաստանի նախընտրական գործընթացների վրա ազդելու քայլ է և, այսպես ասած, «հաղթաթուղթ» է գործող իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։
Աթանեսյանը ասաց, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ նման քննադատություններ հնչում են նաև հենց Բաքվում, սակայն հակառակ ուղղությամբ․ այնտեղ պնդում են, որ մարդիկ, որոնք պայքարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար, շարունակում են մնալ բանտերում, մինչդեռ հայերին ազատություն է շնորհվում։ Նա դիտարկում է, որ դժվար է ասել՝ սա պատահական զուգադիպությո՞ւնէ, թե՞ ընդհանուր ուղղորդված քարոզչություն երրորդ ուժերի կողմից։
Հրապարակախոսը հիշեցրեց, որ տարիներ շարունակ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը քարոզել է այն թեզը, որ գերիների վերադարձը հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո, քանի որ գործող վարչապետը, իրենց ձևակերպմամբ, «թույլ բանակցող» է։ Նրա կարծիքով՝ չորս անձանց հայրենադարձությունը կոտրում է այդ խոսույթը, հատկապես հաշվի առնելով, որ նրանց թվում կան անձինք, որոնց նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը չափազանց մեծ էր և որոնց դատավճիռները կարող էին օգտագործվել Հայաստանի դեմ։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ միջին վիճակագրական քաղաքացու համար սա նշանակում է, որ գործող իշխանությունը կարողանում է Ալիևի հետ բանակցություններում հասնել որոշակի արդյունքների, հատկապես՝ հանրության համար չափազանց զգայուն հարցում։ Նա կարծում է, որ այս ֆոնին որոշ մարդիկ կարող են նաև հույս ունենալ, որ ապագայում հնարավոր կլինի նաև այլ անձանց հայրենադարձություն։
Աթանեսյանը ընդգծեց, որ ընդդիմադիր շրջանակներին սպասարկող լրատվամիջոցները երկար ժամանակ օգտագործել են այն խոսույթը, թե Բաքվի բանտերում գտնվում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական մրցակիցները, և նա շահագրգռված չէ նրանց վերադարձով։ Սակայն, նրա խոսքով, հայրենադարձված անձանց և նրանց հարազատների առաջին արձագանքները ցույց են տալիս, որ նրանք բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների դերակատարումը իրենց ազատության հարցում, ինչի արդյունքում այս խոսույթը ևս խախտվում է։
Հրապարակախոսը նշեց, որ ներքաղաքական պայքարը փաստացի մեկնարկել է, և ընդդիմությունը հայտնվել է դիվիդենդներ կորցնելու իրավիճակում։ Նրա կարծիքով՝ պատահական չէ, որ որոշ ընդդիմադիր գործիչներ առաջարկում են «սառեցնել» գերիների վերադարձի թեման, որպեսզի այն չօգտագործվի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից։ Սակայն Աթանեսյանը կարծում է, որ մեկ խոսույթ սառեցնելը արդյունավետ չի կարող լինել, եթե մյուս բոլոր զգայուն խոսույթները չեն սառեցվում՝ սկսած Արցախի հանձնման մասին մեղադրանքներից մինչև 2022 թվականի հայտարարությունները։
Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ չորս անձանց հայրենադարձությունը ոչ միայն կոնկրետ դեպք է, այլև ցույց է տալիս խնդրի լուծման հնարավորությունը, որը քաղաքական մեծ ռեսուրս է և կարևոր հեռանկար է խոստանում թե՛ տվյալ ընտանիքների, թե՛ ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա նշեց, որ սա նաև խոսում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում որոշակի կանխատեսելիության մասին, ինչը հակասում է այն թեզին, թե խոսքը ընդամենը ոչինչ չերաշխավորող թղթի մասին է։
Անդրադառնալով սիրիացի վարձկանների փոխանցման թեմային՝ Աթանեսյանը պարզաբանեց, որ իրավաբանորեն նրանք չեն ազատ արձակվել, այլ իրենց պատժի մնացած մասը կրելու են իրենց քաղաքացիության երկրում։ Նա նշեց, որ Հայաստանի կողմից որևէ դատական որոշում չի բեկանվել, մինչդեռ այս դեպքում գործ ունենք Ալիևի կողմից իր իսկ դատարանի վճիռը չեղարկելու հետ։ Նրա կարծիքով՝ սա քաղաքական կարևոր գործիք է Հայաստանի ձեռքին՝ Սիրիայի հետ հարաբերությունների և այնտեղի հայ համայնքի անվտանգության հարցում։
Վահրամ Աթանեսյանը շեշտեց, որ սխալ է այս երկու գործընթացները կապել իրար հետ, քանի որ նման խոսույթը, ուզենք թե չուզենք, ամրապնդում է Իլհամ Ալիևի դիրքերը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակում։ Նա ասաց, որ եթե խոսվում է «փոխանակման» մասին, ապա առաջանում են լուրջ տրամաբանական հակասություններ՝ ինչու չորս հոգու դիմաց ազատ չեն արձակվել ավելի շատ անձինք կամ ինչու չեն վերադարձվել այլ կոնկրետ դեմքեր։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մասին՝ Աթանեսյանը նշեց, որ նրանց ազատ արձակումը կարող է լինել միայն լրջագույն քաղաքական համաձայնության արդյունք կամ դատական գործընթացների ավարտից հետո՝ հաստատված ինստիտուցիոնալ խաղաղության պայմաններում։ Նրա խոսքով՝ այլ իրատեսական տարբերակ այս պահին չի տեսնում։
Աթանեսյանը դիտարկում է, որ խաղաղության գործընթացի մեկնարկից ի վեր ընդդիմությունը պնդում էր, թե խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Բաքվի բանտերում հայեր կան, սակայն այժմ, երբ գործընթացը շարժվել է և որոշ մարդիկ վերադարձել են, ընդդիմության փաստարկների դաշտը նեղանում է։ Նա կարծում է, որ հանրությունն արդեն ընդդիմությունից պահանջում է ոչ թե միայն մերժում, այլ հստակ քաղաքական ծրագիր և այլընտրանք։
Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ քաղաքական վերաբերմունքը ձևավորվում է ոչ թե պահի քարոզչական սկանդալներով, այլ հստակ քաղաքական պլատֆորմներով։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի քաղաքացուն հիմնականում հետաքրքրում են խաղաղությունն ու սեփական բարեկեցությունը, և հենց այս երկու գործոնների շուրջ էլ ձևավորվում են հանրային տրամադրությունները։
Անդրադառնալով ԱՄՆ-Հայաստան համատեղ հայտարարությանը և «TRIPP» ծրագրին՝ Աթանեսյանը նշեց, որ փաստաթուղթը հստակ ընդգծում է Հայաստանի ինքնիշխանությունը և որևէ արտատարածքային միջանցքի տրամադրում չի ենթադրում։ Նա կարևորեց, որ ծրագիրը կյանքի է կոչվում ԱՄՆ‑ի հետ համատեղ ձեռնարկության միջոցով, որտեղ ներդրումների հիմնական բեռը կրում է ամերիկյան կողմը, իսկ Հայաստանը ստանում է շահույթի զգալի մասնաբաժին։ Իրատեսական է խաղաղության պայմանագրի ստորագրումը 2026 թվականի ընթացքում՝ հավանաբար ընտրություններից հետո, և հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևը կգտնվի ավելի ընկալունակ Թուրքիայի դիրքորոշման հանդեպ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
