Ուժային կառույցներն ամեն ինչ արել էին, որպեսզի Բաբայանի հանրահավաքին քիչ մարդ մասնակցի: Հատուկ ծառայությունները հրապարակին հարող շենքերի կտուրներին դիպուկահարներ էին տեղաբաշխել, իսկ քարոզչությունն այնպիսին էր, որ «Բաբայանը պատրաստվում է զինված իշխանափոխություն իրականացնել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 88-րդ
2023 թվականի մարտի կեսերին տեւական բացակայությունից հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Երեւանից տեղափոխվեց Ստեփանակերտ: Այդ առթիվ նրա համակիրների շրջապատից տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում փոխարինած Գուրգեն Ներսիսյանը «միջանկյալ դեմք է, շուտով Բաբայանը կփոխարինի նրան»:
Տպավորությունն, իրոք, այնպիսին էր, որ Բաբայանը Ստեփանակերտ է տեղափոխվել կարեւոր առաքելությամբ: Նա մի քանի օրվա ընթացքում բացել էր գրասենյակ, որտեղ պարբերաբար հանդիպումներ էր ունենում նախկին զինվորականների, քաղաքական, հանրային եւ մտավորական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Այդ փուլում Արայիկ Հարությունյանը սուր քննադատության էր ենթարկվում, քանի որ ՀՅԴ‑ն, ԱԺ «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, ինչպես նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի շրջապատից քարոզչություն էր տարվում, որ «Ռուբեն Վարդանյանը պաշտոնից հեռացվել է Իլհամ Ալիեւի պահանջով»:
Վարդանյանն իր հերթին հայտարարել էր, որ Արցախից չի հեռանա, կշարունակի պայքարը:
Այդ փուլը համընկավ Բաքվից տարածված տեղեկատվությանը, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմը «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրում է ինտեգրացիայի հարցերով քննարկումների»: Առայսօր ճշտված չէ՝ Ալիեւի աշխատակազմը գրավոր առաջարկություն ներկայացրե՞լ է, թե այդ տեղեկությունը միայն «ստուգողական նպատակ էր հետապնդում»,- բայց Ստեփանակերտի պատասխանը մերժողական էր այն իմաստով, որ դրվում էր միջազգային միջնորդության շրջանակներում եւ կարգավորման հայտնի սկզբունքների հիման վրա բանակցություններ սկսելու խնդիր:
Նույն շրջանում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական հակառակորդների ճամբարից տեղեկություն տարածվեց, որ նա «գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ»: Իշխող տեսակետ էր, որ այդ «բանակցությունները երկու տարի առաջ սկսել է Արայիկ Հարությունյանը, Բաբայանը շարունակում է եւ հանդես է գալիս որպես նախագահի իրավահաջորդ»: ՀՅԴ‑ն եւ Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանը շրջապատը Սամվել Բաբայանի դեմ քաղաքական դաշինք ձեւավորելու գործընթացն ավարտին հասցրին արդեն հաջորդ երկու ամիսներին:
Մայիսի 15-ին Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք անցկացրեց, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ: Նրա կողքին կանգնած էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ինչից կարելի էր ենթադրել, որ «Ազատ հայրենիք» կուսակցության մի թեւը կարող է սատարել Բաբայանին: Ուժային կառույցներն ամեն ինչ արել էին, որպեսզի Բաբայանի հանրահավաքին քիչ մարդ մասնակցի: Հատուկ ծառայությունները հրապարակին հարող շենքերի կտուրներին դիպուկահարներ էին տեղաբաշխել, իսկ քարոզչությունն այնպիսին էր, որ «Բաբայանը պատրաստվում է զինված իշխանափոխություն իրականացնել»: Արցախի ԱԱԾ‑ի եւ ՆԳՆ «մեծագույն ծառայությունը» Բաբայանի հանրահավաքի տապալումն էր։
(Շարունակելի)
