Հանդիպումը վերածվել է ծանր վիճաբանության, որի ընթացքում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանից պահանջել են «անվտանգ հեռանալ»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 96-րդ
Վստահելի աղբյուրները վկայում են, որ 2023թ. սեպտեմբերի լույս 1‑ի գիշերը, երբ հայտնի է դարձել, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, նրան այցելել է երկու պատվիրակություն: Նախ նա ընդունել է նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին: Նրանք Արայիկ Հարությունյանին ներկայացրել են Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ պետական նախարար նշանակելու պահանջ:
Այնուհետեւ Արայիկ Հարությունյանը ընդունել է այսպես կոչված՝ «Ճգնաժամային կոմիտեի» ներկայացուցիչներին, որոնք առաջարկել են պետական նախարարի պաշտոնում նշանակել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին եւ իշխանությունը լիովին փոխանցել նրան:
Որոշ տեղեկություններով, որոնց հավաստիությունը բարդ է հաստատել, բայց նույնքան էլ հերքելն է դժվար, «Ճգնաժամային կոմիտեի» առաջարկությունը քննարկելու նպատակով Արայիկ Հարությունյանը նախագահական նստավայրից դուրս հանդիպել է Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին: Կարճ ժամանակ հետո քննարկումներին միացել է նաեւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Հանդիպումը վերածվել է ծանր վիճաբանության, որի ընթացքում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանից պահանջել են «անվտանգ հեռանալ»:
Ստեփանակերտում Սամվել Բաբայանին իշխանությունից ամեն գնով հեռու պահելու քաղաքականությունը հանրայնորեն ընկալելի դարձնելու համար նրա մասին տարածվում էին լուրեր, որ «կատարում է Ալիեւի հրահանգները, կողմ է Աղդամի ճանապարհի բացմանը եւ թուրքերի հետ համատեղ ապրելուն»: Այդ քարոզչությունը պաշտպանում էին Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ակնհայտ էր, որ Բաբայանի հանդեպ համատարած ժխտողական վերաբերմունքը հովանավորվում էր հատուկ ծառայությունների եւ նրանց ազդեցության գործակալների կողմից:
Ըստ էության, Արայիկ Հարությունյանին պարտադրվել է կայացնել իշխանությունը Սամվել Շահրամանյանին փոխանցելու որոշում:
Ստեղծված իրավիճակում Շահրամանյանի ընտրությունը կարելի է համարել «պատահականություն»: Խնդիրն ավելի խորքային է եւ հանգում է նրան, որ Ստեփանակերտում իշխանության պետք է գար հատուկ ծառայություններում փորձ ունեցող մեկը: Հանրությանը դա ներկայացվում էր որպես «զինվորական փորձառություն ունեցող» անձի ընտրություն, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը ոչ թե Լեռնային Ղարաբաղի պետականության վախճան, այլ «վերազարթոնք է նշանավորում»:
(Շարունակելի)
