Եկեղեցում այսօր առկա է «ոգու սով»․ ոչ կանոնը, ոչ ճշմարտությունը, ոչ արդարությունն առաջնային չեն, և գործում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» տրամաբանությունը։
Գևորգ Սարոյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք անդրադառնում է Հայ Առաքելական Եկեղեցում տիրող ներքին ճգնաժամին և եպիսկոպոսին պաշտոնից հեռացնելու որոշմանը։ Եպիսկոպոս Սարոյանը մանրամասնում է եկեղեցական բարձրաստիճան դասի ներկայացուցիչների շուրջ ծագած բարոյական սկանդալները և մեղադրում կաթողիկոսին խնդիրները լուծելու փոխարեն ճնշումներ և ռեպրեսիաներ կիրառելու մեջ։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել որպես անձնական հակամարտություն կամ «լավի ու վատի» հարց։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է վերադարձնել իր պատմական և սկզբնային կետին՝ հասկանալու համար, թե ինչու և ինչպես է այն առաջացել Հայ եկեղեցու ներսում։
Սարոյանը հիշեցրեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ տարածված անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին, որոնք նախ ուղարկվել էին եպիսկոպոսների հեռախոսներին, ապա հայտնվել համացանցում և մեդիա դաշտում։ Նա ընդգծեց, որ եկեղեցական տերմինաբանությամբ սա «սկանդալ» է, ոչ թե բամբասանք, և սկանդալը հնարավոր չէ կոծկել կամ շրջանցել։
Այդ իրավիճակում եկեղեցին պատասխանատվություն ուներ հստակ դիրքորոշում հայտնելու։ Նրա խոսքով՝ լռությունը եկեղեցուն զրկում է բարոյական խոսք ունենալու իրավունքից՝ բարու և չարի, թույլատրելիի և անթույլատրելիի մասին խոսելիս։ Նա ընդգծեց, որ արյունապղծությունը դատապարտված է թե՛ Սուրբ Գրքով, թե՛ եկեղեցական կանոններով՝ սկսած դեռ Աշտիշատի ժողովից։
Սարոյանը ասաց, որ ստեղծվել էր հանձնաժողով, որը առաջարկել էր կասեցնել գործընթացը մինչև փորձաքննության արդյունքները, սակայն այդ առաջարկները անտեսվել են։ Նրա խոսքով՝ նույնիսկ արտաքին, եվրոպական կառույցի կողմից իրականացված փորձաքննությանը ընթացք չի տրվել, ինչի հետևանքով խնդիրը մինչև այսօր մնում է բաց։ Այս անգործության պայմաններում ինքը և ևս տասը եպիսկոպոսներ բարձրացրել են բողոքի ձայնը՝ հասկանալով, որ հակառակ դեպքում եկեղեցին կկորցնի իր բարոյական հեղինակությունը։ Սակայն, ըստ նրա, փոխարենը գործի է դրվել ճնշող մեխանիզմ՝ կանոնական հարցադրումներին պատասխանելու փոխարեն։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ընդգծեց, որ իրենց բոլոր քայլերը եղել են բացառապես կանոնական դաշտում։ Նա տարակուսանք հայտնեց, որ Արշակ սրբազանը չի զրկվել իր պաշտոնից, մինչդեռ իր նկատմամբ կիրառվել են ուժային միջոցներ՝ հարց բարձրացնելու համար։ Նրա դիտարկմամբ՝ սա լռեցնելու փորձ է։
Սարոյանը նշեց, որ իր նկատմամբ սկսվել են նաև կոմպրոմատներ որոնելու փորձեր։ Նա օրինակ բերեց, որ որպես «կոմպրոմատ» ներկայացվել է այն, որ ինքը պետական պաշտոնյային շնորհավորել է Սուրբ Ծնունդն ու Զատիկը, ինչը, նրա խոսքով, աբսուրդ է, հատկապես երբ նույնը անում է նաև կաթողիկոսը։ Եկեղեցին փաստացի փորձ է արվում ծառայեցնել քաղաքական օրակարգի, իսկ հոգևորականների իրավունքները պաշտպանված չեն։ Սարոյանը նշեց, որ քահանաներից պարբերաբար պահանջվում է մասնակցել քաղաքական միջոցառումներին, ինչը հակասում է եկեղեցու չեզոքության սկզբունքին։ Եկեղեցում այսօր առկա է «ոգու սով»․ ոչ կանոնը, ոչ ճշմարտությունը, ոչ արդարությունն առաջնային չեն, և գործում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» տրամաբանությունը։ Նրա խոսքով՝ բարեփոխման անհրաժեշտությունը գիտակցում են շատերը, սակայն կախվածությունները թույլ չեն տալիս բացահայտ քայլեր անել։
Սարոյանը շեշտեց, որ Հայ եկեղեցին պատմականորեն եղել է պետականամետ, բայց երբեք չի ծառայել որևէ քաղաքական ուժի։ Նրա խոսքով՝ եկեղեցին քաղաքական կյանքի մեջ ներքաշելը պատմական նախադեպ չունի և կործանարար է եկեղեցու համար։ Եկեղեցին չի կարող լինել մի կողմի կաթողիկոսը և մյուս կողմի թշնամին, քանի որ այն համահայկական կառույց է։ Սարոյանի համոզմամբ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պարտավոր են հարգել եկեղեցու չեզոքությունը։
Եզրափակելով՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանըասաց, որ իրենք շարունակելու են ընտրված ճանապարհը և չեն նահանջելու։ Նրա խոսքով՝ սա Հայ եկեղեցու փրկության և պետականության հետ սերտորեն կապված հարց է։ Նա ընդգծեց, որ Հայ եկեղեցու վարդապետության երկու գերակա արժեքներն են հավատքն ու հայրենիքը, որոնք միմյանցից անբաժան են, և իրենց դիրքորոշումը բխում է այդ ուխտից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
