Եթե Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2020-ին, 2022-ին և 2023-ին Հայաստանի տարածքի նկատմամբ տեղի ունեցած ռազմական գործողությունները այդ դաշնակիցը չկանխեց։
Լիլիթ Դալլաքյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է «Միտք» վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալլաքյանի հետ։ Զրույցը, կենտրոնանում է Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-Գերմանիա ռազմավարական համագործակցության փաստաթղթերի նշանակության վրա։
Լիլիթ Դալլաքյանը նշեց, որ ընդհանուր առմամբ շատ դրական է գնահատում Հայաստանի կողմից վերջին ամիսներին ձեռնարկված քայլերը։ Դալլաքյանը ասաց, որ ամիսներ շարունակ քննադատում էին իշխանություններին Արցախի ժողովրդի վերադարձի և գերիների վերադարձի ուղղությամբ որևէ քայլ չկատարելու համար, սակայն այժմ պարզ է, որ որոշակի գործընթացներ սկսվել են։ Նրա խոսքով՝ կարելի է լինել գոհ կամ դժգոհ, բայց ինքնին փաստը դրական է, և այս հարցը պետք է օգտագործվի նաև որպես դիվանագիտական ճնշման միջոց Ադրբեջանի վրա։
Նա հիշեցրեց, որ դեռ Ալիևը պատերազմի օրերին հայտարարում էր արևմտյան ադրբեջանցիների «վերադարձի» մասին, և այդ խոսույթը նոր չէ․տարիներ շարունակ սնվել է տարբեր շրջանակների կողմից։ Դալլաքյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը մշտապես այդպիսի պահանջներ է առաջ քաշել, ապա Հայաստանն էլ լիովին իրավունք ունի հայելային ձևով խոսել Արցախի փախստականների վերադարձի մասին։ Նա նշեց, որ այս հարցի օրակարգ մտնելը ինքնին դրական երևույթ է, նույնիսկ եթե դեռ կան մեխանիզմների հստակեցման խնդիրներ։ Արևմտյան երկրների՝ Ֆրանսիայի Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի բանաձևերում մշտապես եղել են Արցախի բնակչության վերադարձի, նույնիսկ էթնիկ զտման մասին ձևակերպումներ․ հետևաբար սա նոր թեմա չէ միջազգային հարթակների համար։ Նա դիտարկեց, որ Ռուսաստանի կողմից Բաքվի մտահոգություններին ձայնակցելը նույն պեսնորություն չէ․ Մոսկվան երկար ժամանակ պաշտպանել է 3+3 ձևաչափի գաղափարը՝ Արևմուտքը տարածաշրջանից դուրս թողնելու նպատակով։
Վերլուծաբանը անդրադարձավ նաև Ալիևի իրարամերժ հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանք նոր երևույթ չեն։ Նա ասաց, որ շատ երկրներ այսօր խոսում են խաղաղությունից, բայց իրականում խաղաղություն ձեռք չի բերվում, քանի որ կողմերից ոչ մեկին դա լիովին ձեռնտու չէ։ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ Ադրբեջանը միաժամանակ և՛ խաղաղություն է խաղում, և՛ պատերազմի տրամադրություն է պահում, ինչը դրսևորվում է հակասական հայտարարություններով՝ մի կողմից Սևանի մասին խոսելով, մյուս կողմից ապրանքների տեղափոխման հավանականություն նշելով, կամ Տրանսկովկասյան կոմունիկացիաների մասին։
Նա ասաց, որ ցանկացած նախաձեռնություն պետք է ունենա իրավական հիմք, փաստաթղթեր, և միայն խոսքերով չի կարող ամրապնդվել։ Դալլաքյանի կարծիքով՝ Ադրբեջանը, ի տարբերություն Ռուսաստանի, միջուկային գերտերություն չէ, և չի կարող անտեսել ԱՄՆ միջնորդությամբ եղած փաստաթղթերը, նույնիսկ եթե ցանկանա։
Խոսելով ընդդիմության մասին՝ նա նշեց, որ արմատական դիրքավորված ուժերից չի լսում որևէ կառուցողական կամ իրատեսական առաջարկ։ Դալլաքյանը ասաց, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ ամեն ինչ կենտրոնացնում են միայն Ռուսաստանի վրա, կարծելով, որ Հայաստանը չունի այլ դաշնակից։ Նա նկատեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն էլ տարիներ շարունակ եղել է այն, որ տարածաշրջանի բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքին, բայց այդ տրամաբանությունը չի կարող լիարժեք լինել, եթե դիտարկենք 2020 թ‑ի պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները։ Ռուսաստանի դերակատարությունը պետք է գնահատել ոչ թե հույզերով, այլ փաստերով։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թ‑ին, 2022 թ‑ին և 2023 թ‑ին Հայաստանի տարածքի նկատմամբ տեղի ունեցած ռազմական գործողությունները այդ դաշնակիցը չկանխեց։ Նա հիշեցրեց նաև, որ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ Արցախից մարդիկ ոչ միայն վտարվեցին, այլև սովամահ եղան՝ առանց որևէ իրական միջամտության։ Չի կարելի հիմնավորել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը միայն այն թեզով, թե Ռուսաստանն Ուկրաինայով է զբաղված։ Եթե Ռուսաստանը չի կարողանում օգնել, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նա մնալու Հայաստանի միակ հենարանը։ Նա նշեց, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ռուսաստանը լուծելու է Ուկրաինայի հարցը, և եթե չլուծի՝ ինչպե՞ս է Հայաստանը մնալու մի երկրի հույսին, որը տարածաշրջանում գործուն աջակցություն ցուցաբերելու ռեսուրսներ չունի։
Դալլաքյանը հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանի՝ Պուտինին ուղղված նամակները ռազմական բալանսի խախտման մասին և ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա այդ դեպքում պետք է եզրակացնել, որ նաև նախկին իշխանություններն են «գցել» Ռուսաստանին։ Նա ընդգծեց, որ սա պարզապես տրամաբանական փակուղի է, և անհրաժեշտ է վերաիմաստավորել Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջ տրամաբանությունը։
Վերլուծաբանը անդրադարձավ այն պնդմանը, թե «այլընտրանքը Թուրքիան է»՝ պատասխանելով, որ նման մոտեցումը իրականության խեղաթյուրում է։ Նա հիշեցրեց, որ հենց Ռուսաստանն է տարիներ շարունակ Թուրքիայի հետ ունեցել մոտ հարաբերություններ, և հենց Ռուսաստանը 2020 թ‑ին պնդում էր, որ Թուրքիան իրավունք ունի մասնակցել տարածաշրջանային գործընթացներին՝ երբ արևմտյան երկրները այդ մասնակցությանը դեմ էին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
