Փետրվարին Հեյդար Ալիեւը միջնորդներին եւ Հայաստանին հասցեագրված «նշմարային» հայտարարություն է արել. «Եթե մենք ընդունեինք «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, ապա կկորցնեինք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորությունը»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 4
Դաշնակցության 2001թ. ապրիլի 16‑ի թիվ 55 «Շրջաբերականը» կուսակցության մարմիններին հղվել է Քիուեսթի բանակցություններից մոտ տասը օր անց: Հայտնի է, որ այդ հանդիպումը, որի նախնական փուլին մասնակցել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Քոլին Պաուելը, «տարածքների/ սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով ղարաբաղյան կարգավորման տարբերակը ձախողվել է. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրաժարվել է հավանություն տալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների անունից ձեւակերպված փաստաթղթին:
Ուշագրավ է, որ Քիուեսթին նախորդել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցությունների երկու փուլ՝ նույն տարվա հունվարին եւ մարտին: Այդ միջակայքում Հեյդար Ալիեւը տեղեկատվական արտահոսք է կազմակերպել. ադրբեջանական մամուլը հրապարակել է միջնորդների կողմից ներկայացված ղարաբաղյան կարգավորման նախկին երեք՝ «փաթեթային», «փուլային» եւ «Ընդհանուր պետություն» առաջարկությունները, մեկ օր հետո նույն փաստաթղթերը հրապարակվել են Հայաստանում: Փետրվարին Հեյդար Ալիեւը միջնորդներին եւ Հայաստանին հասցեագրված «նշմարային» հայտարարություն է արել. «Եթե մենք ընդունեինք «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, ապա կկորցնեինք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորությունը»: Դա դիվանագիտական լեզվով դիրքորոշման սահմանում էր առ այն, որ Ադրբեջանը երբեք ԼՂ նկատմամբ իրավազորությունից չի հրաժարվի:
Այդ իրողությունը փաստացի արձանագրել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, երբ Հեյդար Ալիեւի հետ Փարիզում հանդիպումից հետո ասել է, որ երկկողմ բանակցությունների ռեսուրսը «գրեթե սպառված է, կողմերը բացահայտել են իրենց դիրքորոշումը, եւ այժմ էստաֆետը(առաջնորդություն) պետք է վերցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Իր հերթին Հեյդար Ալիեւը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը «բանակցությունների ընթացքի վրա դրական ազդեցություն կունենա»: Սրանք դեռ գործընթացի մասին բաց աղբյուրների փոխանցած տեղեկություններ են: Կուլիսներում ի՞նչ քննարկումներ են ընթացել, համանախագահ երկրներից որն ինչ մոտեցում է ունեցել, ինչպես է նպաստել կամ խոչընդոտել Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություններին, կարելի է միայն ենթադրել:
Նման իրավիճակում, երբ, մանավանդ, Քիուեսթում ոչ միայն համաձայնություն չէր կայացել, այլեւ գրանցվել էր նախնական պայմանավորվածություններից սկզբունքային հետընթաց, Դաշնակցության պնդումը, թե Ադրբեջանն «Արցախը եւ Լաչինի միջանցքը ճանաչել է հայկական հող»,- առնվազն տարակուսելի է: Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ Բյուրոն, կողմ լինելով «տարածքների/սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով ղարաբաղյան կարգավորմանը, իր մարմինների մոտ պարզապես փորձում էր տպավորություն ստեղծել, որ բանակցային այդ տարբերակը դեռեւս մնում է սեղանին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որի մշակմանը որոշակի առումով ներգրավված էին Դաշնակցության Հայաստանի եւ Սփյուռքի կառույցներն ու Հայ դատի գրասենյակը, «շարունակում է մնալ ազգային-հայրենասիրական եւ արդյունավետ»:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
