18.3 C
Yerevan

ՀՀ Քաղա­քա­ցին Պետք Է Իմա­նա 30 Տարվա Ճշմարտությունը

Ընդդի­մությունը միայն մի կարգա­խոս ունի. «Ոչ նիկո­լիզմին»: Իսկ թե իշխա­նություն ունե­նա­լու դեպքում ինչ ծրա­գիր է իրա­կա­նացնե­լու, այդ մասին գերա­դա­սում է լռել: Եւ ստացվում է, որ նա ժողովրդին ասում է. «Տուր մեզ իշխա­նություն, հետո կասենք, թե ինչ ենք անե­լու, եւ ովքեր են անե­լու»: 

Վահրամ Աթա­նեսյան

Facebook‑ի անձնա­կան էջում Թբի­լի­սիից Երուսա­ղեմ ներգաղթած Նիլի Լաչովսկին, որ մասնա­գի­տությամբ բժիշկ է, դիմել է Իսրա­յե­լում վարչա­պետ Բեի­նիա­մին Նաթանյա­հուի դեմ ձեւա­վորվող «Ոչ Բիբիին» շարժման կազմա­կերպիչնե­րին. «Ես իրոք կուզե­նա­յի փաստարկված պատասխան լսել, թե ինչ է նշա­նա­կում «Ոչ Բիբիին» կոչը: Լոզունգներ պետք չեն, պատասխա­նեք այս հարցե­րին. Նրա փոխա­րեն կոնկրետ ի՞նչ եք դուք առա­ջարկում, նշեք ազգա­նուններ, որո­շումներ, քայլեր, ոչ թե «ժամա­նա­կա­վոր կոմի­տեի առաջնորդ չգի­տես ինչի դեմ պայքա­րում», ո՞րն է անվտանգության ասպա­րե­զում ձեր ծրա­գի­րը, դուք ինչպե՞ս եք երկի­րը պաշտպա­նե­լու Իրա­նից, ՀԱՄԱՍ-ից «Հըզբալա»-ից, ի՞նչ եք անե­լու տնտե­սության բնա­գա­վա­ռում, դատա­կան եւ անվտանգության համա­կարգում, տվեք կոնկրետ ծրա­գիր, ոչ թե «միայն թե Բիբին չլի­նի» մանտրա»: 

Եկող տարի Իսրա­յե­լում պետք է խորհրդա­րա­նա­կան ընտրություններ անցկացվեն: Ընդդի­մությունը վարչա­պետ Նաթանյա­հուին ամեն ինչի մեջ մեղադրում է, անգամ քարո­զում, որ նա է «կազմա­կերպել ՀԱՄԱՍ‑ի հարձա­կումը, որպեսզի ձեւա­վո­րի ռազմա­կան կաբի­նետ եւ պահպա­նի խորտակվող իշխա­նությունը»: Նաթանյա­հուն միանգա­մից չորս քերա­կան գործով մեղադրյա­լի կարգա­վի­ճակ ունի: Նրան կասկա­ծում են Կատա­րից «ճամպրուկնե­րով առձեռն գումար ստա­նա­լու եւ պաղեստինցի ահա­բե­կիչնե­րին գաղտնի ֆինանսա­վո­րե­լու» մեջ: Ընդդի­մությունը պահանջում է ստեղծել «սեւ հոկտեմբե­րի 7‑ի» հետաքննության Պետա­կան հանձնա­ժո­ղով, Նաթանյա­հուն դիմադրում է, փորձում խնդի­րը վերա­պա­հել խորհրդա­րա­նա­կան քննիչ հանձնա­ժո­ղո­վի իրա­վա­սությա­նը: Այդուհանդերձ, մեջբերված գրառման հեղի­նա­կը չի ընդունում «ամեն ինչում Բիբին է մեղա­վոր» եւ «միայն թե Բիբին չլի­նի» մանտրան: Նրան հուզում է, թե Իսրա­յե­լին ինչ է սպա­սում Նաթանյա­հուից հետո, ուստի առա­ջադրում է խնդիր, որ ընդդի­մությունը հրա­պա­րա­կի վարչա­պե­տի եւ կառա­վա­րության անդամնե­րի թեկնա­ծունե­րի անուննե­րը, ներկա­յացնի ոչ թե կարգա­խո­սեր եւ կոչեր, այլ՝ իրա­կան ծրա­գիր, գործնա­կան քայլեր: 

Հայաստա­նում գրե­թե նույն իրա­վի­ճակն է, ընդդի­մությունը միայն մի կարգա­խոս ունի. «Ոչ նիկո­լիզմին»: Իսկ թե իշխա­նություն ունե­նա­լու դեպքում ինչ ծրա­գիր է իրա­կա­նացնե­լու, այդ մասին գերա­դա­սում է լռել: Եւ ստացվում է, որ նա ժողովրդին ասում է. «Տուր մեզ իշխա­նություն, հետո կասենք, թե ինչ ենք անե­լու, եւ ովքեր են անե­լու»: Ավե­լի քան չորս տարի է, Հայաստա­նի ընդդի­մությունը չի կողմնո­րոշվում վարչա­պե­տի իր թեկնա­ծուի եւ կառա­վա­րության անդամնե­րի հարցում: Բայց, ի տարբե­րություն Իսրա­յե­լի, Հայաստա­նում հանրա­յին շրջա­նակներն ընդդի­մությունը վերը բերված կարգի հարցեր չեն առա­ջադրում: Քաղա­քա­ցի­նե­րի մի շատ զգա­լի հատվա­ծը սատա­րում է Փաշինյա­նին, մյուսնե­րը բաժանված են տարբեր թեւե­րի, եւ նրանցից յուրա­քանչյուրն ունի «փրկչի» իր պատկե­րա­ցումը, «փրկության տեսլա­կա­նը», որ, սակայն, վերջնարդյունքում հանգում է «Նիկո­լը չլի­նի, ամեն ինչ կկարգա­վորվի» մտայնության: 

Ունե­նա­լով աշխարհի ուժե­ղա­գույն բանակնե­րից մեկը, վայե­լե­լով Միացյալ Նահանգնե­րի բացա­հայտ աջակցությունը, Իսրա­յե­լը չկա­րո­ղա­ցավ լուծել Գազա­յի հարցը: Ավե­լին, նրա միջազգա­յին վարկը լրջո­րեն սասանված է, իսկ Պաղեստի­նի պետության հռչա­կումն առա­վել, քան երբեք օրախնդիր է դարձել: «Իսկ ու՞ր են, որո՞նք են ձեր կառա­վարման տարի­նե­րի հաջո­ղություննե­րը, ինչու՞ ժամա­նա­կին ահա­բեկչության դեմ պայքա­րի հարցը չի լուծվել»,-Իսրայելի նախկին իշխա­նություննե­րին հարցնում է Նիլի Լաչովսկին: Այս հարցն առա­վել քան արդիա­կան է նաեւ Հայաստա­նում, որտեղ հինգ տարի է՝ Նիկոլ Փաշինյա­նը մեղադրվում է Արցա­խը «հանձնե­լու» մեջ: Հայաստա­նում պետք է ձեւա­վորվի համանման խոսույթ: Հայաստա­նը, ինչպես Իսրա­յե­լը, կանգնած է ճակա­տագրա­կան ընտրության առջեւ: Հայաստա­նի քաղա­քա­ցին պետք է իմա­նա անցած երե­սուն տարվա իրա­դարձություննե­րը: Դա կարող է շատ ցավոտ, բայց միակ օգտա­կար «վիրա­հա­տությունը» լինել: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ