Պետք է ենթադրել, որ Բյուրոն ՀՅԴ մարմինների կողմից իրեն «անհարմար դրության մատնելու» հեռանկար է տեսել, ուստի շտապել է, այսպես ասած՝ «ձեռնալվա անել». նախապես նրանց է ներկայացրել ինչպես այդ «թղթածրարի աչքառու առավելությունը», այնպես էլ որոշակիորեն բացել անհանգստությունները:
Վահրամ Աթանեսյան
Մաս 8
«Ընկերներ,- կարդում ենք ՀՅԴ Բյուրոյի խնդրո առարկա «Շրջաբերականում»,- թեպետ դեռեւս ոչ մի բան վերջնականորեն հստակ չէ, սակայն մենք շտապեցինք օր առաջ ձեզ տեղյակ պահել այն ամեն ինչից, որ մեզ հայտնի է այսօր, որպեսզի վաղը կատարված իրողության առջեւ մեզ կանգնած չտեսնենք, մասնավորաբար, երբ նկատի ենք ունենում, որ կացությունը չափազանց լուրջ է, եւ Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը՝ գուցե ամիսների հարց»:
Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ի ցույց դնել ակնհայտ իրողությունը, որ սույն «Շրջաբերականը» Դաշնակցության Բյուրոն մարմիններին է հղել Քիուեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի մի քանի օր տեւած բանակցություններից հետո, երբ պարզ էր, որ ընդհանուր համաձայնություն չի կայացել, եւ Միացյալ Նահանգների նախագահ Բուշը նրանց Սպիտակ տուն չի հրավիրել, որպեսզի հայտարարվի ԼՂ հարցում կողմերի միջեւ «սկզնբունքային ընդհանրության հասնելու» մասին՝ ինչպես հանդիպման մեկնարկին նկատել էր տվել ԱՄՆ պետքարտուղար Քոլին Պաուելը:
Արձանագրելով, որ քիուեսթյան «փաթեթի» քննարկումներում «դեռեւս ոչ մի բան վերջնականորեն հստակ չէ», Դաշնակցությունը, կարծես, ելնում էր այդ իրողությունից կամ, ավելի ճիշտ ասած, արձանագրում տվյալ պահի իրողությունը: Այդ դեպքում ՀՅԴ Բյուրոն ինչու՞ է շտապել եւ մարմիններին տեղյակ պահել «այն ամեն ինչից», որ իրեն հայտնի էր այդ օրվա դրությամբ: Փաստաթղթում այդ քայլը հիմնավորված է «վաղը կատարված իրողության առջեւ իրեն կանգնած չտեսնելու» անհրաժեշտությամբ:
Այստեղ առկա է տրամաբանական լուրջ «խաթարում». եթե ունեցած տեղեկատվությունը բացառապես կուսակցական է, ապա Բյուրոն արդեն իսկ գիտեր, թե ինչ է նշանակում ԼՂ խնդրի քիուեսթյան «փաթեթով» ենթադրվող կարգավորումը, ուստի իր համար չպետք է տեսներ «կատարված իրողության առջեւ կանգնելու» հանգամանք: Մանավանդ որ սահմանել էր, որ նախորդ բոլոր առաջարկությունների համեմատ այն «աչքառու առավելություն ունի»:
Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Բյուրոն ՀՅԴ մարմինների կողմից իրեն «անհարմար դրության մատնելու» հեռանկար է տեսել, ուստի շտապել է, այսպես ասած՝ «ձեռնալվա անել». նախապես նրանց է ներկայացրել ինչպես այդ «թղթածրարի աչքառու առավելությունը», այնպես էլ որոշակիորեն բացել անհանգստությունները: Կարելի է տպավորություն ունենալ, թե ՀՅԴ Բյուրոն մարմիններին «հորդորում է ընդդիմանալ» ԼՂ կարգավորման քիուեսթյան «փաթեթին»՝ վկայաբերելով ազատագրված եւ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շահումյանի եւ Մարտակերտի շրջանի տարածքների հարցը, Ադրբեջան-Նախիջեւան «ազատ եւ մասնավոր ճանապարհի» խնդիրը եւ այլն:
Փաստաթղթի դիվանագիտական ոճը դա է հուշում: Իրականում ի՞նչ ներքին հրահանգ են ստացել ՀՅԴ աշխարհասփյուռ մարմինները, դժվար է ոչ միայն կողմնորոշվել, այլեւ որոշակի ենթադրություն անել: Այս առումով, թերեւս, ուղենշային է ՀՅԴ Արցախի ԿԿ‑ի դիրքորոշումը: Հավաստի եւ վստահելի տեղեկություններ կան, որ ՀՅԴ Արցախի ԿԿ‑ը «կտրուկ դեմ է արտահայտվել» Բյուրոյի գնահատումներին եւ «կայացրել է մերժման որոշում»:
Այդ օրերին Ստեփանակերտում տեղեկություն է տարածվել, որ Բյուրոն Արցախ ԿԿ անդամներին հրավիրել է Երեւան, որտեղ երկօրյա բուռն քննարկումներ են ծավալվել: Ի վերջո, ՀՅԴ Արցախի ԿԿ‑ի անդամները համոզվել են, որ քիուեսթյան «փաթեթն» ի համեմատ նախորդ առաջարկությունների, «իրոք ակնառու առավելություններ ունի»:
Վահրամ Աթանեսյան
Շարունակելի

չ
