Սկզբունքորեն կարելի է ասել, որ ՀՅԴ թիվ 55 «Շրջաբերականը» տալիս է քառորդ դար առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական կացության ամփոփ պատկերը, երբ իշխանությունը ԼՂ կարգավորման հարցով համաձայնել էր գնալ հանրայնորեն ոչ միանշանակ ընկալելի լուծումների, իսկ նրան աջակցում էր ազգային կուսակցություն Դաշնակցությունը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 1
2001թ. ապրիլի 16-ին ՀՅԴ Բյուրոն ընդունել է թիվ 55 «Շրջաբերականը»: Այդ փաստաթուղթը խիստ խորհրդապահությամբ հասցեագրված էր Դաշնակցության մարմիններին եւ հետապնդում էր ԼՂ կարգավորման բանակցությունների այդ փուլի առաջարկությունը պարզաբանելու նպատակ: Թեեւ Դաշնակցության Բյուրոն տվյալ պահի քննարկումների մասին խոսում էր «մեզ հասած տեղեկությունների» հղումով, ակնհայտ է, որ կուսակցությունը չէր կարող իրազեկված լինել լիովին խորհրդապահական բանակցություններից, եթե Հայաստանի իշխանությունները նրանց հարկավոր տեղեկություններ չհայտնեին:
1998թ. իշխանափոխությունից կարճ ժամանակ անց, ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնած Ռոբերտ Քոչարյանը «իրավիճակի փոփոխության» հիմնավորումով բանտերից ազատ էր արձակել դաշնակցական մի խումբ գործիչների, որ մեղադրվում էին ծանր հանցագործությունների մեջ:
Դաշնակցությունը 1999‑ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր առանձին եւ Ազգային ժողովում ուներ խմբակցություն: Իշխանության հաշվարկը, երեւի, կառուցված էր այնպես, որ ՀՅԴ‑ն Սփյուռքում մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունի, ինչպես նաեւ կարող ուժ է Արցախում, ուստի ԼՂ կարգավորման քիուեսթյան առաջարկությունների նկատմամբ նրա դիրքորոշումը կարող էր շատ էական նշանակություն ունենալ:
Դաշնակցության «Շրջաբերականի» թռուցիկ դիտարկումն իսկ բերում է համոզման, որ այն կազմվել է Հայաստանի իշխանությունների իմացությամբ եւ հանձնարարականով: Առաջին տպավորությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ին պարտավորեցրել է արտահայտել մտքեր, որ իշխանությունը չէր կարող իրեն թույլ տալ. հանրային հիշողության մեջ չափազանց թարմ էին հոկտեմբերի 27‑ի ողբերգության զոհերի հիշատակը եւ այդ սպանդի վերաբերյալ տարածված խոսակցությունները:
Սկզբունքորեն կարելի է ասել, որ ՀՅԴ թիվ 55 «Շրջաբերականը» տալիս է քառորդ դար առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական կացության ամփոփ պատկերը, երբ իշխանությունը ԼՂ կարգավորման հարցով համաձայնել էր գնալ հանրայնորեն ոչ միանշանակ ընկալելի լուծումների, իսկ նրան աջակցում էր ազգային կուսակցություն Դաշնակցությունը:
Փաստաթուղթն, իհարկե, չի տալիս Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն քաղաքական համախոհության հիմնավորումը, այդ մասին կարելի է միայն ենթադրել: Մանավանդ որ պատմական այդ փուլի որեւէ այլ դերակատար քիուեսթյան «նախագծի» վերաբերյալ նման տեսակետ չի արտահայտել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների հետ հավասար՝ ՀՅԴ‑ն նույնպես քաղաքական պատասխանատվություն է կրում ԼՂ կարգավորման քիուեսթյան «նախագծի» համար: Հաջորդիվ կներկայացնենք այդ պատասխանատվության հիմնավորումները:
(շարունակելի)
Վահրամ Աթանեսյան
