Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայությունն այդ «միջին միջանցքում» առավելագույնս ապահովված է հենց Հայաստանի միջոցով, ինչը Հայաստանին տալիս է հենակետային նշանակություն ԱՄՆ ռազմավարության մեջ։
Ռուբեն Մեհրաբյան
Noyan Tapan TV‑ն զրուցել է «Հանուն Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկումներ են արվել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ: Կարևորվել է Հայաստան-ԱՄՆ նոր ռազմավարական գործընկերությունը, որը դիտարկվում է որպես երկրի անվտանգության և տնտեսական զարգացման երկարաժամկետ երաշխիք: Մեհրաբյանն ընդգծում է, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ‑ի համար հենակետային նշանակություն ունեցող տարածաշրջանային առանցք, ինչը թույլ է տալիս չեզոքացնել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումները:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ հայ-ամերիկյան տվյալ փաստաթուղթը ստորագրվել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի ընդունումից ուղիղ մեկ տարի անց ։ Նրա խոսքով՝ խարտիան ձևավորվել էր Բայդենի վարչակազմի օրոք, իսկ Թրամփի վարչակազմը մեկ տարի անց հստակեցրել է դրա առանցքային ուղղություններից մեկը։
Մեհրաբյանը ասաց, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքային խոշոր ներդրումներին, որտեղ ֆինանսական հիմնական բեռը կրում է ամերիկյան կողմը, իսկ հայկական կողմի ներդրումը իր սուվերեն իրավունքներն են՝ հողը, գույքը և վերահսկողությունը։ Նրա գնահատմամբ՝ 26% հայկական և 74% ամերիկյան բաժնեմասերի համամասնությունը տվյալ փուլում առավելագույնն է, ինչին հնարավոր էր հասնել։Պայմանավորվածությունը նախատեսված է 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգման հնարավորությամբ, ինչից հետո Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։ Նրա խոսքով՝ սա փաստացի առաջիկա մեկ դարի համար ռազմավարական, խորքային պայմանավորվածություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որն իր արժեքով շատ ավելի կարևոր է, քան տոկոսների թվաբանական հարաբերակցությունը։
Ռուբեն Մեհրաբյանը դիտարկում է, որ այս ծրագրի արդյունքում Հայաստանը դառնում է միջտարածաշրջանային և միջմայրցամաքային հաղորդակցության առանցքային հանգույց՝ նաև ԱՄՆ շահերի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայությունն այդ «միջին միջանցքում» առավելագույնս ապահովված է հենց Հայաստանի միջոցով, ինչը Հայաստանին տալիս է հենակետային նշանակություն ԱՄՆ ռազմավարության մեջ։ Դա նշանակում է ոչ միայն անվտանգություն, այլև երաշխավորված զարգացում, ներդրումներ և խաղաղություն։ Նրա կարծիքով՝ այս գործընթացը նաև նպաստելու է սահմանազատման ու սահմանագծման շարունակմանը և օկուպացված տարածքներից ազատմանը, քանի որ Ադրբեջանը որևէ իրավական հիմք չունի այլ դիրքորոշում դրսևորելու։
Քաղաքական վերլուծաբանը ընդգծեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքները հիմնականում պայմանավորված են մտահոգություններով, ոչ թե հակադրությամբ։ Նա նշեց, որ Ադրբեջանի ԱԳՆ‑ն պաշտոնապես ողջունելէ փաստաթուղթը, իսկ Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդհանուր առմամբ դրական դիրքորոշում է արտահայտել՝ շեշտելով կարճաժամկետ, հաղթահարելի խոչընդոտները։
Ռուբեն Մեհրաբյանը ասաց, որ պետությունները կարող են ունենալ իրենց նախապատվությունները և դրանք արտահայտել, սակայն դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի ընտրությունների վրա։ Նրա խոսքով՝ ընտրությունները բացառապես Հայաստանի ներքին գործն են։ Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն ստիպված են հաշվի նստել ստեղծված իրողության հետ, քանի որայլ սցենար պարզապես գոյություն չունի։ Նրա դիտարկմամբ՝ այս փաստաթղթով չեզոքացվել է Ադրբեջանի ուժային առավելությունը Հայաստանի նկատմամբ, որը նախկինում օգտագործվել է նաև Ռուսաստանի կողմից որպես ճնշման գործիք։ Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին․ այլընտրանք պարզապես չկա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի արձագանքը ցավոտ է լինելու, քանի որ այն տասնամյակներ շարունակ ապրել է «ֆանտոմային ցավերով» և Հայաստանը դիտարկել որպես ժամանակավորապես կորցրած տարածք։ Մեհրաբյանը ընդգծեց, որ այդ հաշվարկը այլևս չի աշխատում։
Քաղաքական վերլուծաբանը ասաց, որ Հայաստանը փաստացի դուրս է գալիս ՀԱՊԿ‑ի և ԵԱՏՄ‑ի տրամաբանությունից, իսկ այդ ընտրությունն արդեն կատարված է։ Նրա խոսքով՝ այժմ ընթանում է այդ ընտրության վերջնական ձևակերպման փուլը։ Մեհրաբյանը համոզված է, որ Հայաստանը ոչ ՀԱՊԿ-ում, ոչ ԵԱՏՄ-ում անելիք չունի։
Ռուսաստանը դեգրադացվում է բոլոր պարամետրերով, և միջազգային պատժամիջոցների պայմաններում նպատակահարմար է հնարավորինս հեռու մնալ նրանից։ Նրա խոսքով՝ կուսակցությունն այդ գործընթացը անհրաժեշտ է համարում իրականացնել որքան հնարավոր է շուտ՝ նորհ նարավորություններ բացելու համար արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Անդրադառնալով Իրանին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ այնտեղ տեղի են ունեցել աննախադեպ մասշտաբի բողոքի ալիքներ, որոնք ճնշվել են զանգվածային բռնություններով։ Նրա խոսքով՝ խոսքը կարող է լինել հազարավոր զոհերի և ձերբակալվածների մասին, իսկ տնտեսական վիճակը այդ ճնշումներով չի կարող շտկվել։ Իրանում բողոքի շարժումները ժամանակավոր ճնշվել են, բայց պատճառները չեն վերացել։ Նա ընդգծեց, որ առանց քաղաքական բազիսի(պատվանդան) փոփոխության ֆինանսական հոսքեր չեն լինելու, իսկ առանց դրա՝ նոր բողոքները անխուսափելի են։
Իրանի քաղաքական ռեժիմը չի կարող մնալ նույնը՝ հաշվի առնելով երիտասարդ բնակչության և ծերացած իշխանության միջև խորացող խզումը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների ձևն ու ժամանակը դեռ անհայտ են, սակայն դրանք անխուսափելի են։Իրանի դեսպանի հայտարարությունների վերաբերյալ Մեհրաբյանը ասաց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են անփորձությամբ և չեն եղել Թեհրանի պաշտոնական հանձնարարություն։ Նա դրական գնահատեց Հայաստանի արձագանքը՝ այն համարելով նրբանկատ և հավասարակշռված։
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ կաթողիկոսի հարցը վերածվել է ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը տորպեդահարող գործոնի։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճնշման միջոցով՝ հանգեցնելով հրաժարականի, իսկ այլ տարբերակի դեպքում հնարավոր են նաև իրավական գործընթացներ։
Պարգևավճարների թեմայով Մեհրաբյանը ասաց, որ դրանք ինքնին կոռուպցիա չեն կարող համարվել։ Նրա կարծիքով՝ պատասխանատու և սթափկառավարումն ունի իր գինը, և հասարակությունը վճարում է այդ գինը՝ արդյունավետ պետական կառավարման համար։ Նա ընդգծեց, որ բարձր աշխատավարձը նաև ազնվության և անաչառության երաշխիք է։
Միաժամանակ Մեհրաբյանը նշեց, որ իշխանությունը պետք է նման որոշումները նախապես բացատրի հանրությանը՝ ռազմավարական հաղորդակցությունը դարձնելով թափանցիկ և կանխելով ավելորդ շահարկումները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
