2015–2016 թվականներին արդեն հստակ էր, որ ռազմական բալանսի խախտումն արդեն չափազանց մեծ է դարձել, իսկ այդ պահին իրականացված քայլերը ուշացած էին և բավարար չէին խնդիրը լուծելու համար։
Լեոնիդ Ներսիսյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվել են հայկական բանակի զարգացման ռազմավարական սխալներն և ներկայիս բարեփոխումները։ Փորձագետը շեշտում է, որ մինչև 2020 թվականի պատերազմը բացակայում էր հստակ քաղաքական տեսլականը և արդիականացման ծրագիրը, ինչը հանգեցրեց կառավարման համակարգերի հնացման։ Ներկայումս իրականացվում են կարևոր քայլեր զինված ուժերի թվայնացման, կառավարման ապակենտրոնացման և սպառազինության դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, հատկապես անօդաչու թռչող սարքերի և կապի միջոցների արտադրության ոլորտում
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ 2020 թվականի պարտությունից հետո բանակաշինության մասին խոսելիս անհրաժեշտ է նախ հասկանալ՝ ինչ ռազմավարական սխալներ են արվել դրանից առաջ։ Նրա գնահատմամբ՝ այդ սխալները ունեցել են մի քանի շերտ, սակայն ամենախորն այն է, որ առաջին պատերազմի հաղթանակից հետո Հայաստանը որպես պետություն չկարողացավ հստակ որոշել իր ընտրած ճանապարհը․ կամ իրական բանակցային լուծում՝նույնիսկ ցավալի զիջումներով, կամ պատերազմին պատրաստվելու հստակ որոշում։ Ներսիսյանի կարծիքով՝ այդ երկընտրանքի բացակայությունը բանակաշինությունը դարձրել է անորոշ, քանի որ պարզ չէր՝ ինչի համար է բանակը, ինչ չափի ռեսուրսներ պետք է տրամադրվեն և ինչ նպատակ է սպասարկվում։
Նա դիտարկեց, որ մինչև 2000-ականների կեսերը Ադրբեջանը դեռ արագ տեմպերով չէր վերազինվում, և մինչև 2002–2003 թվականները Հայաստանի ռազմական բյուջեն որոշ դեպքերում համադրելի էր կամ նույնիսկ ավելի բարձր։ Սակայն նավթային եկամուտների աճից հետո Ադրբեջանը կտրուկ փոխեց իր ռազմավարությունը, և արդեն 2007–2008 թվականներին պետք է ակնհայտ լիներ, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում։ Նրա խոսքով՝ 2015–2016 թվականներին արդեն հստակ էր, որ ռազմական բալանսի խախտումն արդենչափազանց մեծ է դարձել, իսկ այդ պահին իրականացված քայլերը ուշացած էին և բավարար չէին խնդիրը լուծելու համար։
Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ ինքը չի կիսում այն տեսակետը, թե 2008–2010 թվականներին Հայաստանում հնարավոր չէր գտնել տարեկան գոնե 100 միլիոն դոլար լրացուցիչ միջոցներ՝ ներառյալ սփյուռքի ներուժը։ Նրա հաշվարկներով՝ այդ միջոցներով հնարավոր կլիներ վարկային մեխանիզմներով ձեռք բերել շուրջ մեկուկես միլիարդ դոլարի զինտեխնիկա այն տարիներին, երբ զենքը էապես ավելի էժան էր։ Սակայն, ըստ նրա, խնդիրը միայն զենքի քանակը չէր, այլ ամբողջական բանակաշինության մոտեցումը։
Ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ պարադոքսալ կերպով 1994 թվականին Հայաստանը ուներ ավելի ժամանակակից և ճկուն բանակ, քան 2015 կամ նույնիսկ 2020 թվականներին։ Նրա խոսքով՝ այն ժամանակ կար պատերազմով անցած, նախաձեռնողական սպայական կազմ, մերիտոկրատ(բառացի՝ «արժանիների իշխանություն», շնորհապետություն) մոտեցում և ստորաբաժանումների միջև բարձր շարժունություն։ Պատերազմից հետո այդ մոդելը աստիճանաբար փոխարինվեց կենտրոնացված, սովետական կառավարման համակարգով, որտեղ ստորին օղակներում գտնվող սպաները գրեթե զրկված էին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Ներսիսյանը շեշտեց, որ առաջին պատերազմի հաղթանակը երբեք խորապես չի վերլուծվել։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում չկա այդ պատերազմի ռազմական վերլուծությանը նվիրված լուրջ, ակադեմիական աշխատություն կամ դասագիրք, մինչդեռ Ադրբեջանում կա գոնե մեկ ծավալուն, դետալային ուսումնասիրություն։ Նա սա համարեց խիստ բացթողում, քանի որ առանց նման վերլուծության հնարավոր չէ ճիշտ հետևություններ անել։
Խոսելով 2020 թվականի պատերազմից հետո կատարված փոփոխությունների մասին՝ Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ հետևություններ արվել են շատ ծանր գնով, բայց այլ ելք պարզապես չի եղել։ Նրա կարծիքով՝ գործընթացները հատկապես ակտիվացել են 2022 թվականի սեպտեմբերից հետո։ Նա ընդգծեց, որ 2026 թվականին, տեխնիկական առումով, Հայաստանը գտնվում է ավելի լավ վիճակում, քան 2020 թվականի պատերազմի նախօրեին։ Ներսիսյանը նշեց, որ բաց աղբյուրների տվյալներով՝ ժամանակակից հրետանին այժմ կրակում է երկուուկես-երեք անգամ ավելի հեռու, իսկ ձեռք բերված զինատեսակները ոչ միայն քանակապես փոխհատուցում են կորուստները, այլև որակապես ավելի բարձր մակարդակի վրա են։
Նա հավելեց, որ զենքի գնումը ինքնին ռեֆորմ չէ, այլ պարտադիր պայման։ Իրական ռեֆորմը, նրա խոսքով, ներառում է կառավարման համակարգի փոփոխությունը, թվայնացումը և բաց շուկայում աշխատելու կարողության զարգացումը։ Ներսիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ նախկինում Հայաստանը գործնականում մեկ մատակարարից էր կախված, իսկ այժմ ստիպված է ընտրություն կատարել տարբեր երկրների և տարբեր համակարգերի միջև, ինչը պահանջում է նոր ինստիտուցիոնալ կարողություններ։
Ռազմական փորձագետը հատկապես կարևորեց բանակի կառավարման և կապի համակարգերը՝ նշելով, որ 2020 թվականին դրանք եղել են ամենաթույլ օղակներից մեկը։ Նրա խոսքով՝ հակառակորդը կարողանում էր մի քանի րոպեի ընթացքում հայտնաբերումից անցնել հարվածի, մինչդեռ հայկական կողմում նույն գործընթացը կարող էր տևել կես ժամից մինչև մի ամբողջ օր։ Նա ընդգծեց, որ ապակենտրոնացված և թվայնացված կառավարման մոդելը թույլ է տալիս փոքր ռեսուրսներով հասնել մեծ արդյունավետության։
Դրոնների և ռազմարդյունաբերության թեմայով Ներսիսյանը նշեց, որ Հայաստանում արդեն կան մի շարք տեղական ընկերություններ, որոնք արտադրում են մրցունակ տակտիկական դրոններ և այլ համակարգեր։ Նա հիշեցրեց, որ բաց տվյալներով հայտնի է՝ շուրջ 420 միլիոն դոլարի պատվեր է տեղաբաշխվել տեղական արտադրողների մոտ, և նմանատիպ ծավալ նախատեսվում է առաջիկա տարիներին։ Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանի ռազմական գնումների մոտ 15–20 տոկոսը իրականացվում է տեղական արտադրությունից, ինչը բավականին բարձր ցուցանիշ է միջազգային համեմատությամբ։
Լեոնիդ Ներսիսյանը շեշտեց, որ ներքին ռազմարդյունաբերության զարգացումը պետք է շարունակել, քանի որ այդ ընկերությունները նոր են սկսում կայանալ և ունեն նաև արտահանման պոտենցիալ։ Նա ընդգծեց, որ աշխարհում ընթանում է լայն միլիտարիզացի (ռազմականացում), և նույնիսկ եվրոպական շուկաների հետ հնարավոր են համագործակցության ձևաչափեր՝ հաշվի առնելով Հայաստանի համեմատաբար ճկուն կարգավորումները։
Խոսելով բանակի մարտական ոգու մասին՝ Ներսիսյանը նշեց, որ դա չափելը չափազանց դժվար է, սակայն ընկալումների մակարդակում փոփոխություն կա։ Նրա կարծիքով՝ 2020-ից առաջ գոյություն ուներ չափազանցված վստահություն հաղթանակի նկատմամբ, մինչդեռ այժմ այն փոխարինվել է ավելի իրատեսական վերաբերմունքով, բայց նաև ծառայության պայմանների, աշխատավարձերի և կազմակերպման բարելավմամբ, ինչը կարող է բարձրացնել վստահությունը բանակի նկատմամբ։
Անդրադառնալով ռազմական կրթությանը՝ Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացվում են ներդրումներ նոր ենթակառուցվածքների, ծրագրերի փոփոխության և արտասահմանում կրթություն ստանալու ուղղությամբ։ Նա կարևորեց օտար լեզուների, հատկապես անգլերենի իմացությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից ռազմական գիտության մեծ մասը հասանելի է հենց այդ լեզվով, իսկ միայն ռուսերենով սահմանափակվելը էապես նեղացնում է մասնագիտական հորիզոնը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
