Հայկական շահը չի կարող համընկնել այն մոդելի հետ, որտեղ Ռուսաստանը վերահսկող դեր ունի Հայաստանի տարածքում։
Գեորգի Թումասյան
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում Թումասյանը քննադատում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Միջազգայնագետը պնդում է, որ Քոչարյանը սպասարկում է Ռուսաստանի շահերը, քանի որ իր հարստությունը կուտակել է հենց ռուսական պետական համակարգին առնչվող կառույցներում։ Քննարկվում է ԱՄՆ‑ի հետ համագործակցության կարևորությունը և «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) ծրագիրը, որը, ի հեճուկս ընդդիմության պնդումների, չի սպառնում Իրանի հետ հարաբերություններին։
Միջազգայնագետ Գեորգի Թումասյանը ասաց, որ «TRIPP» ծրագիրը իր ներկայիս կարգավիճակով որևէ վտանգ չի ստեղծում Իրանի համար, քանի որ ծրագրի ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ամբողջությամբ պահպանված է։ Նա նշեց, որ դա հստակ ամրագրված է հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթում՝ Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի միջև, որտեղ բազմիցս ընդգծվում է Հայաստանի լիակատար վերահսկողությունը տարածքների, անվտանգության կառույցների և գործընթացների նկատմամբ։
Թումասյանը դիտարկում է, որ ծրագրում որևէ«միջանցք» գոյություն չունի, քանի որ միջանցք կարելի է համարել միայն այն կարգավիճակը, երբ տարածքը դուրս է ազգային վերահսկողությունից։ Նրա խոսքով՝ տվյալ դեպքում չկա ո՛չ Միացյալ Նահանգների էքստրատերիտորիալ վերահսկողություն, ո՛չ էլ Ռուսաստանի համար նախատեսված հատուկ կարգավիճակ, ինչպես դա նախատեսված էր նոյեմբերի 9‑ի փաստաթղթի 9‑րդ կետում։
Միջազգայնագետը նշեց, որ Միացյալ Նահանգները չեն փոխարինելու Հայաստանի անվտանգության ծառայություններին, և ծրագրով որևէ օտար ուժի ֆիզիկական ներկայություն չի նախատեսվում։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը հստակ արձանագրում է, որ անվտանգությունն ապահովելու են բացառապես Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները։
Գեորգի Թումասյանը կարծում է, որ Իրանի համար վտանգ կարող էր լինել միայն այն դեպքում, եթե Թուրքիան և Ադրբեջանը կապ ստանային Հայաստանի տարածքով՝ առանց հայկական վերահսկողության։ Սակայն նա հիշեցնում է, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն տասնամյակներ շարունակ առևտուր են անում թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի տարածքով, ինչը երբեք Իրանի համար սպառնալիք չի համարվել։
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը «TRIPP» ծրագիրը դիտարկում է բացառապես աշխարհաքաղաքական և առճակատման տրամաբանության մեջ՝ անտեսելով տնտեսական և ինստիտուցիոնալ բաղադրիչները։ Թումասյանը ընդգծեց, որ նույն մոտեցումը նախկինում կիրառել է նաև Նարեկ Կարապետյանը՝ առաջարկելով ծրագրում ներգրավել Ռուսաստանին և Չինաստանին, ինչը, նրա գնահատմամբ, ծրագրի իրականացումը դարձնում է անհնար։
Թումասյանը ասաց, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի դերակատարումից հրաժարվելու պատճառները բազմիցս քննարկվել են հանրային դաշտում, և դրանք ակնհայտ են՝ Ջերմուկի, Խծաբերդի, Լաչինի միջանցքի և Ստեփանակերտի իրադարձությունների օրինակներով։ Նրա համոզմամբ՝ հայկական շահը չի կարող համընկնել այն մոդելի հետ, որտեղ Ռուսաստանը վերահսկող դեր ունի Հայաստանի տարածքում։
Նա հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի սպասարկում է օտար պետության շահեր՝ նշելով, որ վերջինս ինքն է հրապարակայնորեն ընդունել, որ հարստացել է Ռուսաստանում՝ ԱՖԿ համակարգում աշխատելու ընթացքում։ Թումասյանը կարծում է, որ այդ կապիտալն այսօր օգտագործվում է Ռուսաստանի շահերը առաջ մղելու համար, ոչ թե հայկական պետության ամրապնդման։
Միջազգայնագետը ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բավականաչափ զարգացած են, որպեսզի Երևանը ինքնուրույն խոսի Թեհրանի հետ՝ առանց Մոսկվայի, Պեկինի կամ Վաշինգտոնի միջնոր դության։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները Հայաստանին ավելի շատ են վստահում, քան Ռուսաստանին կամ Չինաստանին։Ռուսաստանը բազմիցս դավաճանել է Իրանին՝ ներառյալ վճարված զենքի մատակարարման հարցերում, ինչի պատճառով Թեհրանը լիակատար վստահություն չունի Մոսկվայի նկատմամբ։ Նա հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը այսօր այն աստիճանի է հասել, որ երկիրը կարող է ինքնուրույն վարել արտաքին քաղաքականություն։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Գեորգի Թումասյանը ասաց, որ Հայաստանի ինքնիշխանացումը անխուսափելիորեն բերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման։ Նրա գնահատմամբ՝ ընտրությունը պարզ է՝ կամ լինել ինքնիշխան պետություն և ունենալ բարդ հարաբերություններ, կամ լինել ֆորպոստ և պահպանել «լավ հարաբերություններ»։ Այն տարիներին, երբ Հայաստանը ինքնիշխան չէր, երկիրը դատարկվում էր, իսկ հասարակության մեջ նույնիսկ կատակներ էին անում, որ Հայաստանը շուտով կմնա միայն ռազմակայանի սպասարկող անձնակազմով։Ռուսական մեդիայում հնչող հայտարարությունները, ըստ որոնց հայերը «իրենց տեղը պետք է ճանաչեն», բացահայտ անհարգալից են և ցույց են տալիս, որ խնդիրը համակարգային է։ Նա հիշեցրեց նաև Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները՝ Հայաստանի, Վրաստանի և այլ հետխորհրդային պետությունների ինքնիշխանության անընդունելի լինելու մասին՝ դրանք գնահատելով որպես ուղղակի մարտահրավեր հայկական պետականությանը։
Նա կարևորեց, որ Հայաստանի և Ադրբեջանի անկախությունները փոխկապակցված են, և տարածաշրջանային ապաշրջափակումը Հայաստանի համար բացում է տնտեսական և քաղաքական նոր հնարավորություններ։ Նրա խոսքով՝ «TRIPP» ծրագիրը կարող է ապահովել տարեկան մինչև 15–25 միլիոն տոննա բեռնափոխադրում, գազատարների և էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ինտերնետային և նավթային ենթակառուցվածքների զարգացում։
Թումասյանը ընդգծեց, որ այս ամենը ոչ թե կախվածություն է ստեղծում Ադրբեջանից, այլ հակառակը՝ նվազեցնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ստեղծելով բալանս։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր, անկախությունից ի վեր, գտնվում է իր ամենաբարենպաստ վիճակում՝ տնտեսական աճի, ներդրումների, անվտանգային կարողությունների և միջազգային դիրքի տեսանկյունից։
Անդրադառնալով Իրանի շուրջ հնարավոր ռազմական զարգացումներին՝ Գեորգի Թումասյանը նշեց, որ ԱՄՆ‑ի հիմնական նպատակը Իրանում ժողովրդավարություն հաստատելը չէ, այլ միջուկային զենքի ստեղծումը կանխելը։ Նա կարծում է, որ եթե Վաշինգտոնը չստանա հստակ և գործնական երաշխիքներ, ռազմական հարվածների հավանականությունը բարձր է։ Նման սցենարի դեպքում Հայաստանը կարող է բախվել փախստականների մեծ հոսքի խնդրին և ընդգծեց, որ պետությունը պարտավոր է ընդունել բացառապես Իրանի հայ փախստականներին՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
Վերջում միջազգայնագետը ասաց, որ Վենեսուելական սցենարի կրկնությունը Իրանում քիչ հավանական է, սակայն վտանգը կայանում է հնարավոր անկայունության և Իրանի պետականության փլուզման մեջ, ինչը Հայաստանի համար չափազանց վտանգավոր զարգացում կլինի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
