Ադրբեջանցի խորհրդարանականը միաժամանակ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ‑ը «Իրանի կրոնապետությունը տապալելու եւ այդ երկիրը մասնատելու նպատակ ունի»։
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանյան մամուլը նախօրեին կայացած Լավրով-Բայրամով բանակցություններին գրեթե չի անդրադարձել։ ՏԱՍՍ եւ ՌԻԱ Նովոստի գործակալությունները միայն «չոր» տեղեկատվություն են փոխանցել։ Ադրբեջանական մամուլի արձագանքը, ընդհակառակը, թե «տարածական», թե, մանավանդ, բովանդակային առումով բավական ուշագրավ է։

Այդ հրապարակումները, իհարկե, ուղղորդված են։ Դրանցում գերիշխում է մեկ հիմնական նարատիվ․ «Մոսկվան պետք է ընդունի առկա իրողությունները եւ Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականության հետ հաշտվի»։ Իշխանական haqqin.az‑ը նույնիսկ թույլ է տվել Ադրբեջանը համեմատել առասպելական Պրոմեթեւսի հետ, որ «շղթաներից ազատվել է», բայց եւ չի բացառել «երկգլխանի արծվի վերադարձը»։ Միայն շեշտել է, որ «Ադրբեջանը այլեւս նախկինը չէ»։
Մեկ այլ իշխանական կայք՝ azpolitika‑ն Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցի շուրջ հարցազրույց է ունեցել Միլլի մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովի հետ։ Վերջինիս գնահատմամբ, «Ռուսաստանը իրեն դեռեւս ԽՍՀՄ է զգում, բայց իրականում այդ պետությունը կործանման եզրին է, եթե Չինաստանում էլ են մտածում Պուտինից հետո Ռուսաստանի մասին»։Ադրբեջանցի խորհրդարանականը միաժամանակ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ‑ը «Իրանի կրոնապետությունը տապալելու եւ այդ երկիրը մասնատելու նպատակ ունի»։

Վահիդ Ահմեդովը 1992–93 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի փոխվարչապետի, առաջին փոխվարչապետի պաշտոնը, հինգ գումարումների Միլլի մեջլիսի պատգամավոր է, տնտեսագիտության դոկտոր։ Նա Ռուսաստանին խորհուրդ է տվել՝ «որքան էլ դա ծանր լինի, հրաժարվել իմպերիական նկրտումներից», իսկ Ադրբեջանի համար «աշխարհագրական այս պայմաններում կայունության եւ զարգացման միակ երաշխավոր» նա համարում է «եղբայրական պետություն Թուրքիան»։
Վահրամ Աթանեսյան
