Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է եղել այն ժամանակահատվածում, երբ երկիրը ամբողջությամբ ինտեգրված էր ՀԱՊԿ-ին։ Հայաստանը տեսել է պատերազմ, սուվերեն տարածքի ներխուժում և այդ կառույցի անգործունակությունը։
Էմիլ Օրդուխանյան
1inTV‑ն զրուցել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին առնչվող մի շարք երևույթներ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի ասուլիսին, որտեղ վերջինս TRIPP‑ը համարել է Հայաստանի համար անվտանգային մեծ սպառնալիք։
Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ ներկայիս ընդդիմադիր դաշտում իրական այլընտրանքային օրակարգ չկա։ Նրա գնահատմամբ՝ առկա են միայն իրողությունների ընկալումներ և դրանց քննադատություն, սակայն բացակայում է համակարգված, ինքնուրույն առաջարկը։
Օրդուխանյանը կարծում է, որ այդ քաղաքական թևի օրակարգը վաղուց հայտնի է և անփոփոխ․ դա Հայաստանի միավեկտոր արտաքին քաղաքականությունն է, շարունակական շրջափակումը և արտաքին սուբյեկտից կախվածության պահպանումը։ Նրա դիտարկմամբ՝ սեփական օրակարգի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ օրակարգը թելադրվում է դրսից, իսկ տվյալ քաղաքական ուժերը պարզապես հանդես են գալիս որպես այդ օրակարգի իրականացնողներ։
Քաղաքագետը նշեց, որ այսօր տեսնում ենք ոչ թե փաստարկված քննադատություն, այլ ընդամենը ընդդիմախոսություն այն նախագծերին, որոնք վերաբերում են Հայաստանի ապաշրջափակմանը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանից դուրս նոր ռազմավարական գործընկերների որոնմանը։ Նրա խոսքով՝ տվյալ ուժերի իրական օրակարգը հենց այս գործընթացներին ամբողջությամբ ընդդիմանալն է։
Էմիլ Օրդուխանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ որոշ քաղաքական դերակատարներ հայտարարում են, թե տվյալ ծրագիրը կամ նախաձեռնությունը անվտանգային սպառնալիք է Հայաստանի համար, նրանք միաժամանակ չեն ներկայացնում այլընտրանքային անվտանգային մեխանիզմ։ Նրա կարծիքով՝ սա պայմանավորված է հիմնավոր փաստարկների բացակայությամբ։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է եղել այն ժամանակահատվածում, երբ երկիրը ամբողջությամբ ինտեգրված էր ՀԱՊԿ-ին։ Նա նշեց, որ Հայաստանը տեսել է պատերազմ, սուվերեն տարածքի ներխուժում և այդ կառույցի անգործունակությունը։ Ըստ նրա՝ այդ համակարգում Հայաստանի անվտանգությունը դիտարկվում էր ոչ թե որպես առանձին արժեք, այլ հավաքական անվտանգության բաղադրիչ, ինչը փաստացի չաշխատեց։
Օրդուխանյանը կարծում է, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման արդյունքում այսօր նկատվում է անվտանգության սպառնալիքների որոշակի նվազում։ Նրա գնահատմամբ՝ հենց TRIPP գաղափարն էր, որ հնարավորություն տվեց Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ‑ի մասնակցությամբ մոտենալ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։
Քաղաքագետը անհիմն համարեց այն պնդումները, թե այս նախագիծը ԱՄՆ‑ի կողմից ուղղված է Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ Սյունիքով երկաթուղի բացելով՝ Իրանի վերահսկողություն իրականացնելն անիրատեսական է։ Նա կարծում է, որ նման հայտարարությունների նպատակը հայ-իրանական հարաբերությունները վատթարացնելն է, ինչը Հայաստանի անվտանգության դեմ ուղղված քայլ է։
Օրդուխանյանը դիտարկում է, որ Հայաստանի կայունության աճը և Ռուսաստանի կախվածության նվազեցումը որոշ շրջանակների համար անընդունելի է, և հենց այդ պատճառով փորձ է արվում ստեղծել նոր կոնֆլիկտային գոտիներ։ Նրա խոսքով՝ նպատակը Հայաստանը նախկին կախվածությունների դաշտ վերադարձնելն է։
Նա ընդգծեց, որ իշխանություն դառնալը տվյալ քաղաքական ուժերի համար ոչ թե վերջնական նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանը նախկին վիճակին վերադարձնելու համար։ Ըստ նրա՝ ընտրությունները ցույց կտան՝ որքանով է ընտրողըհ ասկանում այդ ծպտյալ օրակարգերը։
Քաղաքագետը անդրադարձավ նաև երկաթուղու ապամոնտաժման պատմությանը՝ նշելով, որ դա կարող էր նպատակ ունենալ Հայաստանը երկարաժամկետ շրջափակման մեջ պահել։ Նրա գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքների փոխանցումը կոնցեսիոն կառավարման լուրջազդեցության լծակ է ստեղծել արտաքին սուբյեկտների համար։
Էմիլ Օրդուխանյանը շեշտեց, որ TRIPP‑ի շրջանակում Հայաստանը պետք է ունենա լիարժեք վերահսկողություն բոլոր կոմունիկացիոն հանգույցների նկատմամբ։ Նրա կարծիքով՝ ծրագրի«թանկ» լինելը հարաբերական հասկացություն է և ավելի շատ վերաբերում է այն սուբյեկտներին, որոնք կարող են կորցնել իրենց ազդեցությունը։ Որոշ քաղաքական ուժեր հրապարակային չեն մերժում TRIPP ‑ը, բայց իշխանության գալու դեպքում կարող են փաստացի խափանել գործընթացը՝ վրացական սցենարի օրինակով։ Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել արևմտյան գործընկերների կողմից Հայաստանի հետ համագործակցության սառեցման։
Օրդուխանյանը կարևորեց նաև երրորդ՝ իրական ժողովրդավար ուժերի կենսունակության բարձրացումը՝ նշելով, որ ֆինանսական ռեսուրսների խիստ անհավասարությունը լուրջ խնդիր է ընտրական գործընթացում։ Նա նպատակահարմար համարեց Մոլդովայի փորձի ուսումնասիրությունը՝ արտաքին ֆինանսավորման ազդեցությունը սահմանափակելու տեսանկյունից։ Քաղաքագետը զգուշացրեց, որ Ռուսաստանը, չունենալով կոշտ ուժ կիրառելու հնարավորություն, փորձում է ժողովրդավարական մեթոդներով ազդեցություն գործադրել Հայաստանի ներքին քաղաքականության վրա։ Նրա կարծիքով՝ սա լուրջվտանգ է պետականության համար։
Էմիլ Օրդուխանյանը նաև առաջարկեց ընտրական օրենսգրքի փոփոխություն, ըստ որի՝ կոալիցիա կարող է կազմել միայն հարաբերական մեծամասնություն ստացած ուժի հետ։ Նրա գնահատմամբ՝ սա կարող է կանխել ընտրությունների արդյունքների մանիպուլյացիան։
Անդրադառնալով «ուժեղ առաջնորդի» գաղափարին՝ Օրդուխանյանը նշեց, որ արտաքին երկրում կուտակված մեծ կապիտալը տվյալ անձի ուժը չէ, այլ թուլությունը։ Նրա խոսքով՝ խորհրդարանական համակարգում ուժեղ պետք է լինի ոչ թե անձը, այլ պետական ինստիտուտները։
Քաղաքագետը եզրափակեց, որ կայացած պետության դեպքում անձերի փոփոխությունը չի հանգեցնում համակարգային ցնցումների, մինչդեռ արտաքին կախվածությամբ պայմանավորված «ուժեղ առաջնորդը» մշտապես ենթակա է այլ պետության կամքին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
